Մատչելիության հղումներ

Հունվարից Երևանում կշահագործվեն հանրային նոր՝ 40 փոքր ավտոբուսներ


Արխիվային լուսանկար

Հունվարից մայրաքաղաքում կշահագործվեն հանրային նոր՝ 40 փոքր ավտոբուսներ։ Ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ սայլակներով ներս մտնելուն հարմարեցված, ցածր հատակներով այս նոր ավտոբուսներից ևս 60-ը կներկրվեն մինչև 2021-ի փետրվարը։

«Նաև կլինի մրցույթ 100 ավտոբուսի,12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը, որոնք համապատասխանելու են «Եվրո 6» ստանդարտի։ Շատ հետաքրքիր մրցութային ձև ենք մտածել, եթե «Եվրո 6»-ը չկայանա, անցնում ենք «Եվրո 5» ստանդարտի, որը նույնպես շատ բարձր ստանդարտ է, բայց էդտեղ մասնակիցներն ավելի շատ կլինեն և ավելի ապահովագրված կլինենք մասնակցության առումով։ Եթե չեմ սխալվում, մինչև տարեվերջ էդ մրցույթը կհայտարարվի», - ասաց քաղաքապետը։

Որպեսզի տրանսպորտային նոր ցանցը լիարժեք գործի, նախատեսվում է ընդհանուր առմամբ ձեռք բերել 850 տրոլեյբուս և ավտոբուս։ Բայց մինչև այդ կգործի անցումային ցանցը։

Քաղաքապետարանը նաև 8.5 մետրանոց 161 ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել։ Հայկ Մարությանն ասաց, որ դա նույնպես քաղաքային բյուջեով է գնվելու։ Իսկ 100 փոքր ավտոբուսի համար անհրաժեշտ 2 մլրդ դրամը հայտարարված մրցույի շնորհիվ իջել է 1 միլիարդ 825 դրամի։

«Նաև ունենք հարց՝ կառավարությունը պետք է գումար տրամադրի էդ մրցույթի կայանալու դեպքում, որպեսզի մատակարարումը լինի։ Հուսով ենք, կառավարությունն այդ գումարը կտրամադրի, բայց այն, ինչ մեր բյուջեով է, դա վստահ եմ․ մենք ունենք դրված 7 միլիարդ դրամ, մի փոքր ավել, երկրորդ մրցույթի համար,161 հատ 8․5 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը», - ասաց Երևանի քաղաքապետը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ երկու տարին բավարար էր, որ Երևանի տրանսպորտի հարցն ամբողջությամբ լուծվեր, ոչ թե նորից «Գազել» բերվեր։

«Քաղաքապետն, ըստ էության, այս երկու տարվա ընթացքում ինչ կարողացավ անել, դա 100 «Գազել»-ի ձեռքբերումն էր այս պահի դրությամբ։ Դեռ որևէ քաղաքապետ չի հպարտացել, որովհետև «Գազել»-ը միկրոավտոբուս է և իր հարմարավետությամբ այն չէ, ինչ քաղաքային իշխանությունները խոստացել են քաղաքացիներին։ Երկու տարի ժամանակահատվածում ամբողջական ցանցի ներդրման համար բավարար ժամանակ էր, և այդ պատկերացումը եղել է մասնավոր օպերատորի միջոցով՝ ամբողջական ներդրումը, որի գնածածկը կիրականացվեր ամսական վճարներով, գոյացված երթևեկության վճարներով և քաղաքապետարանի կողմից հնարավոր սուբսիդիայով։ Այդ դեպքում մենք կունենայինք ամբողջական ներդրված ցանց», - ասաց Խաժակյանը։

Մինչև աշխատանքային օրվա վերջ ընթացած Երևանի ավագանու երեկվա նիստում նաև անդրադարձ եղավ մայրաքաղաքի կենտրոնում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու հարցին․ քաղաքապետարանի պաշտոնյաներն ասացին, որ այս պահին երկու ներդրողների հետ քննարկում են Ստեփան Շահումյանի անհվան հրապարակի ու քաղաքապետարանի հարակից տարածքներում ստորգետնյա 4 հարկանի ավտոկայանատեղիների կառուցման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG