Մատչելիության հղումներ

Մոսկվայի պնդմամբ՝ Կիևը պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգու և Հուլուսի Աքար, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ միանգամից չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Շոյգուն Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն է հայտնել, թե Ուկրաինան պատրաստվում է իր իսկ տարածքում «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել։

Կիևը կտրականապես հերքում է Շոյգուի մեղադրանքները, շեշտելով՝ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» չկա, և նման ռումբ օգտագործելու մտադրություն իրենք չունեն։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ռուսական կողմի հայտարարություններն անվանել է վտանգավոր և անհեթեթ, նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ միակը, ով կարող է մտածել Եվրոպայում միջուկային զենք օգտագործելու մասին, Վլադիմիր Պուտինն է:

«Եթե Շոյգուն զանգում ու ասում է, թե իբր Ուկրաինան ինչ-որ բան է պատրաստում, նշանակում է՝ Ռուսաստանն արդեն նախապատրաստել է նման բան։ Այժմ աշխարհը պետք է հնարավորինս կոշտ արձագանքի», - հայտարարել է Զելենսկին:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն Բեն Ուոլեսին ասել է, որ Ուկրաինան գործողություններ է ծրագրում հակամարտությունը սրելու համար: Բրիտանացի նախարարը հերքել է այդ մեղադրանքները և մտահոգություն հայտնել, որ Մոսկվան դրանք կարող է օգտագործել էսկալացիայի համար։

Հեռախոսազրույցներից առաջ “РИА Новости”-ն հայտնել էր, թե իբր «Կիևի ռեժիմը «կեղտոտ ռումբով» սադրանք է պատրաստում Ուկրաինայում»: Դրա նպատակը, ըստ ռուսական գործակալության, Ռուսաստանին մեղադրելն է Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ։ “РИА Новости”-ն այնուհետև գրում է, թե ռումբի վրա աշխատանքն «արդեն ավարտական փուլում է», և ուկրաինական իշխանությունները «գաղտնի շփումներ են իրականացնում Լոնդոնի հետ՝ միջուկային զենքի բաղադրիչները Կիևին փոխանցելու շուրջ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս ամիսներ առաջ ասել էր, թե «հատուկ ռազմական օպերացիա» սկսելու պատճառներից մեկը միջուկային զենք ձեռք բերելու Ուկրաինայի ցանկությունն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG