Մատչելիության հղումներ

Երիտասարդների ինքնասպանությունից հետո սոցցանցերում ավելացել է ատելության խոսքը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ


Ինչո՞ւ ինքնասպան եղան 16-ամյա Արսենն ու 21-ամյա Տիգրանը։ Այս ողբերգությունից հետո սոցցանցերում կարեկցանքին ու ցավակցություններին զուգահեռ ավելացել է ատելության խոսքը՝ կրկին վեր հանելով շատերի ծայրաստիճան խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։

Տղաների մահվան հանգամանքներից շատ բան հայտնի չէ։ Քննչական կոմիտեից միայն հայտնել են, որ վարույթ են նախաձեռնել ինքնասպանությանը հակելու հատկանիշներով։

Այդ քայլին դիմելուց առաջ տղաները համատեղ լուսանկարներ էին հրապարակել, 16-ամյա Արսենը գրել էր՝ «մեր բոլոր համատեղ գործողությունների մասին որոշումները միասին ենք կայացրել»։

Լուսանկարները սոցցանցերում տարածվեցին կայծակնային արագությամբ, ու մինչ ԼԳԲՏ համայնքի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները հայտարարում են, որ հոմոֆոբիան ևս երկու կյանք է խլել Հայաստանում, բոլորը չեն, որ երկու երիտասարդի մահը ողբերգություն են համարում։ Անգամ գրում են՝ հասարակությունն այսպես «մաքրվում է» ու հրճվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մահով։

«Էս հոմոֆոբիայի ամենավառ դրսևորումներից է»

Երևանյան այգիներից մեկում այսօր 16-ամյա պատանու ընկերները, ԼԳԲՏ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ էին հավաքվել ու նրա հիշատակին մոմավառություն կազմակերպել։ Պատմում էին՝ Արսենը բարի, ժպտերես տղա էր, հասուն ու հավասարակշռած, մտքներով չէր անցնում, որ նման քայլի կդիմի։

«Շոկի ենթարկվեցի ու չէի կարողանում ուշքի գալ, ու մինչև օրս ինձ համար այս ամենն անհավատալի է», - ասաց ընկերներից մեկը։

Հավաքվածները վրդովված են տղաների ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքից։

«Էս հոմոֆոբիայի ամենավառ դրսևորումներից ա, ինչը, ցավոք սրտի, շատ վատ ավարտ ունեցավ», - ասաց հավաքվածներից մեկը։

Արսենի ծանոթները պնդում էին, որ նախքան ինքնասպան լինելը պատանին տանից փախել է, ընտանիքում խնդիրներ են եղել։ Ասում էին՝ Տիգրանի մասին շատ բան չգիտեն, նա վերջերս է Ռուսաստանից Հայաստան եկել։

ԼԳԲՏ ակտիվիստ Սարգիսը, որը չցանկացավ տեսախցիկի առջև երևալ ու խնդրեց նաև փոխել իր ձայնը, շեշտում է՝ նման ողբերգությունները հնարավոր կլինեին կանխել, եթե հասարակությունն ու ընտանիքները մարդկանց ընդունեին այնպիսին, ինչպիսին կան։

«Շատ ցավալի է, որ սենց ավարտ է ունեցել էս ամեն ինչը, բայց կուզեի, որ սա գոնե դաս լիներ մնացած ծնողների համար, որ ուղղակի նստեն իրենց երեխաների հետ խոսեն, հասկանան իրենց երեխաների տեսակետը։ Անկախ նրանից, որ Արսենը 15-16 տարեկան էր, ինքը բավականին հասուն էր իր տարիք համար», - ասաց Սարգիսը։

Մի կողմից Աստծո անունն են տալիս, մյուս կողմից վիրավորում, ասում է ԼԳԲՏ ակտիվիստը՝ հիշելով այս սահմռկեցուցիչ պատմության մասին իր կարդացած մեկնաբանությունները․ - «Երբ որ մարդիկ գրում են՝ «հասարակությունը մաքրվում է» ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ոնց կարա մարդը, բանական էակը հանգիստ խոսի մեռնելուց, խոսի նրանից, որ եթե երկու երիտասարդ տղաներ ինքնասպանություն են գործել, էդ նորմալ է, էդ հասարակության մարքում է»։

«Ես երեք տարուց ավելի աշխատել եմ իրավապաշտպան ՀԿ-ում ու տեսել եմ շատ ավելի շատ նմանատիպ քեյսեր քան կարող եք պատկերացնել, սկսած բռնությունից, բռնաբարությունից մինչև ինքնասպանություն», - ասաց ԼԳԲՏ ակտիվսիտ Անյա Հայրապետյանը՝ վստահեցնելով՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքի, անհանդուրժողականության հիմնական պատճառը ինֆորմացիայի պակասն է։

«Մարդիկ չհասկանալով, թե ինչ է նշանակում լինել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ, լինել սեռական փոքրամասնության մի մաս, մեր փոքր երկրում հատկապես, համարում են ազգակործան ինչ-որ գործունեություն, գեյը լինելը բնական երևույթ է», - ասաց Հայրապետյանը։

«Հասարակությունը խտրական է տրամադրված տարբերվողների նկատմամբ»

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ տեղի ունեցածն ու արձագանքները ցույց են տալիս, որ հասարակությունը չի հանդուրժում ու խտրական է տրամադրված տարբերվողների նկատմամբ ու չի էլ փորձում լսել ու հասկանալ այս մարդկանց։

«Նույնիսկ, եթե այդ անձը կիսվում է մեզ հետ, փորձում է հասկացված լինել, լսված լինել, մենք փակում ենք մեր ակաջներն ու աչքերը չենք փորձում հասկանալ տարբերվողներին», - ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ իշխանությունները, չնայած իրավապաշտանների հորդորներին ու աղաղակող այս դեպքերին, չեն ցանկանում մեխանիզմներ ստեղծել ԼԳԲՏ համայնքին պաշտապանելու համար։

Հիշեցնում է՝ քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկում էին հակախտրականության համապարփակ օրենսդրություն ընդունել, որպեսզի այսպիսի իրավիճակներում մարդիկ ազդարարելու հնարավորություն ունենան ու աջակցություն ստանան պետությունից։

«Մենք ունենք սարսափելի խտրական հակագենդերային շարժումներ երկրում և այդ ամբողջը հիմք է հանդիսանում, որ թե՛ այդ շարժումները բավական ագրեսիվ դառնան երկրում, և թե՛ այդ իշխանությունները բավական անողնաշար և անսկուզբունքային մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ իրենք ի սկզբանե խոստումներ էին տվել, որ մարդու իրավունքների վիճակը պետք է լավանա երկրում, բայց մենք շոշափելու տարբերություններ և արդյունքներ չենք տեսնում», - ասաց Հովհաննիսյանը։

Ողբերգությունից երկու օր անց, մինչ մարդիկ ակտիվ քննարկում են կատարվածն ու մեղավորներ փնտրում, պատանու ընկերներն ու ծանոթները մի ցանկություն ունեն՝ նման դժբախտություններն էլ չկրկնվեն։

Երիտասարդների ինքնասպանությունից հետո սոցցանցերում ավելացել է ատելության խոսքը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG