Մատչելիության հղումներ

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի խոսքով, իրենցից շատերն արդեն չեն վախենում խոսել իրենց կողմնորոշման մասին


Մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, օրենսդիր և գործադիր իշխանություններին, նաև իրավապահ մարմիններին՝ ուշադրություն հրավիրելով ԼԳԲՏ համայնքի խնդիրների վրա։

Կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանն ընդգծում է՝ հասարակության այս շերտը պետության կողմից անտարբերության է մատնված։ Տարիներ շարունակ շփվելով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հետ, իրենք հասկացել են՝ նրանց իրավունքները ոտնահարվում են բոլոր ոլորտներում։

«Հայաստանում ստեղծվել է, այսպես ասած, անպատժելիության մթնոլորտ էն դեպքերում, երբ հանցագործությունները վերաբերում են ԼԳԲՏ անձանց, որովհետև առաջին հերթին՝ մեր դիմումները, որ ուղարկում ենք ոստիկանություն, առավել հաճախ չեն քննվում, համապարփակ զննություն չի իրականացվում, ինչպես նաև՝ երբ զննություն իրականացվում է, համապատասխան պատիժ չի սահմանվում: Մյուս կողմից էլ՝ պետությունը կարծես թե խթանում է էդ խտրականության տարածումը»,- ասաց Նվարդ Մարգարյանը:

«Փինք Արմենիա»-ին դիմող անձանց մեծ մասը բախվում է իրավական խնդիրներին: Այստեղ են գալիս նաև հոգեբանական աջակցություն ստանալու համար։ 26-ամյա Արմենը նրանցից մեկն է, պատմում է, որ դեռ դպրոցում է հալածվել դասընկերների կողմից, նույն վերաբերմունքին է արժանացել նաև ուսանողական տարիներին: Խտրական վերաբերմունքը նրան ուղեկցել է նաև աշխատանք փնտրելիս:

«Թերթերից մեկում եմ աշխատել, գործատուն երբ իմացավ իմ սեռական կողմնորոշման մասին, էսպես թեթև ասեմ՝ այդքան էլ ուրախ չէր այդ փաստից: Անընդհատ փորձում էր ինչ-որ այլ պատճառ գտնել, որ աշխատանքային պայմանագիրը դադարեցվեր»,- պատմում է Արմեն Աղաջանովը:

Նա անկեղծանում է՝ փողոցում իրեն կաղապարված է զգում, ամենուր դատապարտող հայացքներ են, փորձում են սադրել, վիրավորում են, անգամ հետապնդում․ «Երեկոյան ընկերոջս հետ տուն էինք քայլում, մեր հետևից երեք-չորս տղամարդ սկսեցին վազել, քֆուրներով, կոնկրետ սեռական կողմնորոշումը մատնանշելով: Մենք միայն հասցրել ենք մտնել մուտք: Ոչ մեր շենքի: Եվ այնտեղից կանչել ենք ոստիկանություն: Մոտ 40 րոպե տևեց, մինչև ոստիկանությունը մոտեցավ, համարյա 40 րոպե իրենք մուտքի մոտ կանգնած էին, ու մենք փակված էինք, չէինք կարողանում դուրս գալ»,- շարունակեց Աղաջանովը:

Ըստ նրա, վերջին տարիների միակ դրական փոփոխությունն այն է, որ շատերն իրենց կողմնորոշման մասին արդեն չեն վախենում խոսել․ «ԼԳՏԲ համայնքն ավելի տեսանելի է դառնում, հասարակությունը եթե մեր մասին չգիտեր, հիմա կոնկրետ գիտեն՝ ով են էդ մարդիկ ու բաց դեմքով մեզ տեսնում են»:

Հասարակության խտրական մոտեցումը նույնասեռական երիտասարդը պայմանավորում է տեղեկատվության պակասով․ քչերն են, որ ընդունում են ու հարգում նրանց գոյության փաստը։ Ամերիկյան անկախ «Փյու ռիսըրչ սենթր» վերլուծական կենտրոնի՝ անցած տարի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի բնակչության 98 տոկոսը կարծում է, որ միասեռական վարքագիծը հակասում է բարոյականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG