Մատչելիության հղումներ

Ռուսական իշխանությունը Խերսոնի բնակիչներից պահանջել է անհապաղ հեռանալ


Բնակիչների տարհանումը Խերսոնի շրջանից դեպի Ղրիմի թերակղզի:
Բնակիչների տարհանումը Խերսոնի շրջանից դեպի Ղրիմի թերակղզի:

Խերսոնի զավթված շրջանի ռուսական վարչակազմը շրջկենտրոն Խերսոնի բնակիչներից պահանջել է անհապաղ հեռանալ քաղաքից:

«Խաղաղ բնակիչները և քաղաքացիական վարչակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են այսօր տեղափոխվել Դնեպրի ձախ ափ, մի մոռացեք վերցնել ձեր անձնական իրերը և փաստաթղթերը»,- նշված է ռուսական իշխանության Տելեգրամ ալիքում տեղադրված հաղորդագրությունում:

Ռուսական վարչակազմը պարտադիր տարհանման պահանջը պատճառաբանել է ռազմաճակատում ստեղծված լարված իրավիճակով, հրետակոծությունների և ահաբեկչական գործողությունների վտանգով:

Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմը դեռ նախանցած շաբաթվա ընթացքում է բնակիչներին հորդորել հեռանալ Խերսոնից և խոստացել է ժամանակավոր կացարաններ տրամադրել զավթված Ղրիմում կամ ռուսաստանյան այլ շրջաններում, սակայն անհապաղ կատարում ենթադրող պահանջով առաջին անգամ է դիմել մարդկանց:

Պատերազմի ընթացքում ռուսական իշխանությունները տևական ժամանակ պնդել են, թե Խերսոնի շրջանի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:

Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ Խերսոնում ռուսական բոլոր պետական գրասենյակներն արդեն փակ են, իսկ քաղաքային վարչակազմն ավելի շուտ է հեռացել:

Ուկրաինան մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ռուսական ուժերը կարող են պայթեցնել Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակը և այդպես փորձել դանդաղեցնել ուկրաինական ուժերի առաջխաղացումը:

Եթե ամբարտակը պայթեցվի՝ դա կհանգեցնի հեղեղումների մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի մասում: Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, թե ուկրաինական կողմն է պատրաստվում պայթեցնել ամբարտակը:

Ռուսաստանը սեպտեմբերի վերջին է հայտարարել ուկրաինական չորս շրջաններն, այդ թվում Խերսոնը դաշնությանը միացնելու մասին, բայց դրանից հետո ռուսները հեռացել են Խերսոնի շրջանի հյուսիսային հատվածից: Կիևը և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչել ուկրաինական 4 շրջանների բռնակցումը:

Խերսոնը միակ շրջանն է, որը ռուսները գրավել են փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո:

XS
SM
MD
LG