Մատչելիության հղումներ

Ուկրաինան անցնում է հովհարային անջատումների


Ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին հասված հարվածներից հետո Ուկրաինան անցնում է հովհարային անջատումների։

Երկրի նախագահի աշխատակազմը այսօր կոչ է արել ուկրաինացիներին սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը, լիցքավորել հեռախոսներն ու տեխնիկան և ջրի պաշարներ կուտակել։ Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, թե ռուսական կողմը շարքից հանել է Ուկրաինայի էլեկտրականների երեսուն տոկոսը` ձմռան շեմին երկիրը կանգնեցնելով նոր խնդրի առաջ:

Գերմանիայի կանցլերը «պատերազմական հանցագործություն» է անվանել խաղաղ բնակավայրերի ու կենսական նշանակության ենթակառուցվածքների ռմբակոծումը։ «Նման մարտավարությունը չի օգնի Ռուսաստանին հաղթել պատերազմում: Դա միայն ամրապնդում է Ուկրաինայի և նրա գործընկերների վճռականությունն ու համառությունը», - ասել է Օլաֆ Շոլցը:

Հաղորդվում է, որ Եվրամիության երկրները ռեկորդային կարճ ժամանակում`երեք օրում համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Ռուսաստանին անօդաչուներ վաճառելու համար: Ակնկալվում է, որ պաշտոնապես այս որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան: ՆԱՏ0-ն էլ հայտարարել է, որ արդեն առաջիկա օրերին Ուկրաինան կստանա հակօդային պաշտպանության հատուկ սարքեր՝ իրանական անդօչու սարքերի դեմ արդյունավետ պայքարելու համար։

«Մոսկվայի այս քայլերը վկայում են Պուտինի թուլության մասին», - պնդել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը. - «Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն անհավանական ծանր վիճակում է հայտնվել։ Այնպիսի տպավորություն է մոտս, թե նրա համար հասանելի միակ գործիքը դաժան վերաբերմունքն է ուկրաինացիների նկատմամաբ։ Նա փորձում է վախեցնել ուկրաինացիներին և ստիպել նրանց ընդունել կպիտուլացիա։ Ուկրաինացիները չեն պատրաստվում դա անել»։

Ռուսաստանը այսօրվանից ռազմական դրություն է մտցրել շաբաթներ առաջ բռնակցված Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում: Զինվորականները շարունակում են տարհանել Խերսոնի մարզի բնակիչներին։ Օկուպացիոն իշխանությունները բնակիչներին վախեցնում են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմամբ՝ հայտարարելով, թե նրանք պատրաստվում են պայթեցնել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։

Reuters-ի տեսանյութում երևում է, որ հենց այսօր հարյուրավոր մարդիկ են հերթ կանգնել շրջանից հեռանալու համար. - «Մենք այստեղ ունենք մարդկանց երկու հերթ: Աջում հերթն է Օլեշկի մեկնողների համար, իսկ ձախից՝ Գոլայա Պրիստան մեկնողների հերթը: Երբ մարդիկ հասնեն Դնեպր գետի մյուս կողմը, նրանց կհարցնեն, թե ուր են գնում՝ Ղրիմ, Կրասնոդար, թե ավելի հեռուն»:

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի իշխանությունները տեղեկատվական հենք են ստեղծում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման և դրա մեջ Ուկրաինային մեղադրելու համար։ Ամերիկացի փորձագետների կարծիքով, Կրեմլը կարող է նման գործողություններով ստվերել Խերսոնում սպասվող նվաստացուցիչ նահանջի մասին լուրերը։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Մինչ այդ Ուկրաինայի նախագահը դիմել է օկուպացված տարածքներում մնացած ուկրաինացի տղամարդկանց․ - «Մոտ ապագայում օկուպանտները կփորձեն տղամարդկանց հավաքագրել իրենց բանակում: Խնդրում եմ խուսափել դրանից: Որքան կարող եք, փորձեք լքել օկուպացված տարածքը։ Եթե չեք կարող դա անել և կհայտնվեք ռուսական ռազմական կառույցներում, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում փորձեք վայր դնել զենքերը և գալ ուկրաինական դիրքեր»:

Ռուսաստանը, գրում են ամերիկացի փորձագետները, լայնածավալ հարձակումների ծրագրերից չի հրաժարվել` չնայած ռազմադաշտում տիրող իրավիճակին։ «Ազատության» բելառուսական ծառայությունը հաղորդում է, որ Ուկրաինայի սահմանից քիչ հեռու գտնվող Զյաբրովկայի օդանավակայանում աաշխատանքներ են իրականացվել նոր ռադիոլոկացիոն կայանների տեղակայման համար։ Տեղի բնակիչներն էլ հաղորդել են, որ մեկուկես շաբաթ առաջ ռուսական զինուժ և տեխնիկա է ժամանել բելառուսական այս ավան։

Օրեր առաջ էլ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են խորհրդային տանկերն և այլ զրահատեխնիկան Բելառուսից շարժվում Ռուսաստան:

Այսօր Մինսկում իշխանությունները խոստովանել են, որ ռազմական տեխնիկա են փոխանցել Ռուսաստանին. Բելառուսի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել, թե իբր տեխնիկան ուղարկվել է արդիականացման նպատակով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG