Մատչելիության հղումներ

Ուկրաինայի էլեկտրակայանների մոտ մեկ երրորդը ոչնչացվել է. Զելենսկի


Ռուսական հրթիռակոծության հետևանքները Խարկովի մարզում։ 18-ը նոյեմբերի 2022
Ռուսական հրթիռակոծության հետևանքները Խարկովի մարզում։ 18-ը նոյեմբերի 2022

Ուկրաինայի էլեկտրակայանների մոտ մեկ երրորդը ոչնչացվել է ռուսական հարվածներից, այսօր Twitter-ում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին` դա որակելով որպես ահաբեկչության մեկ այլ դրսևորում։

«Ռուսական ահաբեկչության մեկ այլ տեսակ՝ էներգետիկայի և կարևոր ենթակառուցվածքների ոչնչացում։ Հոկտեմբերի 10-ից ի վեր ավերվել է էլեկտրակայանների 30 տոկոսը, ինչը զանգվածային հոսանքազրկումներ է առաջացրել ամբողջ երկրում: Պուտինյան ռեժիմի հետ բանակցություններ վարելու իմաստ չեմ տեսնում», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Հոկտեմբերի 10-ին ռուսական բանակն առաջին անգամ լայնածավալ և նպատակաուղղված հարվածներ հասցրեց ուկրաինական ենթակառուցվածքներին՝ դե ֆակտո որպես վրեժ Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար։

Օրեր անց` դեռ անցած շաբաթ, Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, թե զանգվածային այդ հարվածները շարունակելու կարիք այլևս չկա, սակայն վերջին օրերին ռուսական բանակը շարունակում է ուկրաինական քաղաքների գնդակոծումը նույն ուժգնությամբ: Այսօր առավոտից Կիևում, Դնեպրում, Կրիվոյ Ռոգում, Խարկովում և Ժիտոմիրում կրկին օդային տագնապի ազդաշաններ են միացել: Ժիտոմիրում, ուր 260 հազարից ավելի մարդ է ապրում, ըստ քաղաքապետի, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը ընդհատվել է: Գրեթե նույն իրավիճակն է նաև մեկ միլիոն բնակչություն ունեցող Դնեպրում:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Նախագահ Զելենսկին կրկին հորդորել է Արևմուտքին ավելի շատ սպառազինություն տալ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար․ - «Հենց հիմա ռուսական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակում է։ Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի այս ահաբեկչությունը: Երբ մենք խոսում ենք Ուկրաինայի օդային և հակահրթիռային պաշտպանության անհրաժեշտության մասին, մենք խոսում ենք իրական կյանքերի մասին, որոնք ոչնչացվում են ահաբեկիչների կողմից»։

Ռուսական կողմը չի թաքցնում, որ վերջին հարձակումների թիրախում են Ուկրաինայի կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչպես նաև Արևմուտքից Ուկրաինային մատակարարված զենք-զինամթերքը։

Իգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը զեկուցում է. - «Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար բարձր ճշգրտության զինատեսակներով շարունակել են հարվածները Ուկրաինայի ռազմական հրամանատարական տեղամասերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Նրանք նաև խոցել են օտարերկրյա արտադրության զինամթերքով և զենքով լի պահեստներ։ Բոլոր թիրախները խոցված են»:

Արևմուտքն իր հերթին հայտարարում է, որ կշարունակի աջակցել և զենք ու զինամթերք մատակարարել Կիևին այնքան, որքան որ դրա կարիքը կլինի: Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը երեկ շեշտել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Կիևի հետ` հիշեցնելով, որ Սպիտակ տունը անցած շաբաթավերջին հավելյալ 725 միլիոն դոլարի է տրամադրել Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար. - «Եվ այսպես, գիտեք ինչ ենք մենք անելու՝ շարունակել ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Նրանք պետք է ունենան այն, ինչ պետք է իրենց քաջությունը շարունակելու համար»։

Ուկրաինայի արտգործնախարարն էլ այսօր հայտարարել է, թե Կիևը պատրաստվում է Իսրայելից խնդրել հակաօդային պաշտպանության միջոցներ: Մինչ այդ ռազմի դաշտում իրավիճակը վերջին օրերին էապես չի փոխվել, կողմերը մնացել են իրենց դիրքերում, ռուսական բանակը փորձում է առաջ գնալ Դոնեցկի մարզում` Բախմուտի ուղղությամբ , ուկրաինականը` Խերսոնի մարզում։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով, և' Ուկրաինայի, և' Ռուսաստանի համար այսօր դժվար է շարունակել այս պատերազմը. - «Ուկրաինայի համար դժվար է հարձակվել, բայց պարզ է նաև, որ Ռուսաստանի համար էլ հեշտ չէ։ Մեզ սպասվում է ցուրտ ձմեռ՝ ձգձգվող դիրքային պատերազմով։ Ռուսաստանն այստեղ լավ շանսեր ունի, քանի որ երկիրը մեծ է, փողն ու մարդկային ռեսուրսը` շատ»։

Մյուս կողմից, քաղաքագետի կարծիքով, Պուտինն արդեն գործի է դրել բոլոր լծակները`միջուկային զենքից բացի: Հիմա, ըստ Օրեշկինի, ենթակառուցվածքների և քաղաքների վրա հարձակումներով Մոսկվան փորձում է վախ սերմանել ու ու պարտադրել բանակցություններ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG