Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «կարող է վերանայել» ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե ՄԱԿ-ը անօդաչուների հարցով փորձագետներ ուղարկի Ուկրաինա


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկի, արխիվ

Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունն իր փորձագետներին ուղարկի Ուկրաինա՝ ուսումնասիրելու խոցված անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանը օգտագործում է միայն սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Մենք ունենք անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր արդյունաբերությունը, ուստի բոլոր մեղադրանքները մնում են մեր արևմտյան գործընկերների խղճին», - լրագրողներին ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որտեղ մեղադրանքներ են հնչել Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ։


Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ մտադիր է մասնագետների թիմ ուղարկել Ուկրաինա՝ հաստատելու անօդաչու թռչող սարքերի պատկանելիությունը, որոնց միջոցով Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին։

Կիևում և Արևմուտքում պնդում են, որ այդ անօդաչուները Ռուսաստանի Դաշնություն են մատակարարվում Իրանից։ Թեհրանն ու Մոսկվան հերքում են այդ մեղադրանքները։

XS
SM
MD
LG