Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը բացեցին Զանգիլանի նորակառույց օդանավակայանը


Այսօր բացվեց Զանգիլանում կառուցված նոր օդանավակայանը։ Կարմիր ժապավենը կտրեցին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Էրդողանն ասել է, թե հույս ունի, որ օդանավակայանը կծառայի «ի բարօրություն Ադրբեջանի և աշխարհի»։

Նա արտասահմանցի առաջին ղեկավարն է, որի օդանավը վայրէջք կատարեց Զանգիլանի օդանավականայում։ Էրդողանը պաշտոնական այցով է Ադրբեջանում։

Նրա գլխավորած պատվիրակությունը բավականին մեծ է․ Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարները, խորհրդարանի փոխխոսնակը, իշխող կուսակցության ու կառավարության այլ ներկայացուցիչներ, Էրդողանի մամուլի խոսնակը։

Ալիևն ու Էրդողանը շրջել են օդանավակայանի տարածքում, որը կառուցվել է 1,5 տարվա ընթացքում՝ թուրքական ընկերությունների մասնակցությամբ։

Նրանք առանձնազրույց են ունեցել, որից հետո հանդես են եկել հայտարարություններով։

Էրդողանն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախությունները հիմք չունեն. - «Իրականում սա ճանապարհ է, որից կարող են օգտվել արևմուտք-արևելք միջանցքի երկայնքով ընկած բոլոր երկրները»։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը անկեղծ և պոզիտիվ քայլեր է կատարում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար՝ հավելելով, թե խաղաղությունից ոչ մեկը չի պարտվի, Բաքվի խաղաղության նախաձեռնությունները պետք է աջակցություն ստանան։ Էրդողանը պնդել է հայտնի դիրքորոշումը, որ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը փոխկապակցված են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ասել է. - «Թուրք-ադրբեջանական միասնությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության գործոն է։ Իսկ եթե որևէ մեկը կրկին փորձի մեր նկատմամբ անարդարացի դիրքորոշում ցուցաբերել, պետք է հաշվի առնի այդ գործոնը»։

Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում ընթացող բոլոր աշխատանքները այսուհետ պետք է կատարվեն Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ և թույլտվությամբ։

Հայաստանին վերաբերող մի շարք հարցերի կապակցությամբ առանձին մեկնաբանություններ են արել թուրքական պատվիրակության որոշ անդամներ։

Հնդկաստանից սպառազինություն գնելու առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ դա իրենց չի անհանգստացանում․- «Ինչ էլ նրանք անեն, մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր հողը ցանկացած զենքից»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառանալով ԵԱՀԿ դիտորդական խումբ Հայաստան ուղարկելու հարցին, ասել է, թե դա մասնավոր որոշում է։

«Առանց Ադրբեջանի համաձայնության այդպիսի որոշում ընդունելը հակասում է ԵԱՀԿ աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ այդպիսի ինքնաբուխ որոշումներ կայացնել։ Մենք դա դիտարկում ենք որպես մասնավոր որոշում։ Դա ԵԱՀԿ առաքելություն չէ։ ԵԱՀԿ-ում որոշումներ ընդունելու մեխանիզմներն ու ճանապարհները հայտնի են։ Նման կերպ այդ հարցը չի կարող որոշվել։ Եթե մենք կայուն խաղաղություն ենք ցանկանում, անկեղծ քայլեր են անհրաժեշտ, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Զանգիլանի օդանավակայանի բացումը ողջունել են թուրքալեզու երկրների կրոնական առաջնորդները, որոնց հավաքը Շուշիում այսօր ավարտվեց։ Թուրքական երկրների կազմակերպության ղեկավար Բաղդադ Ամեևն ասել է, որ Զանգիլանի օդանավակայանի բացումը պատմական նշանակություն ունի։

«Այն նաև մերձեցնում է թուրքական պետությունները։ Թուրքական աշխարհն ավելի է մոտենում միմյանց», - նշել է նա։

Օդանավակայանի տեխնիկական տվյալների մասին հաղորդվում է, որ թռիչքուղու երկարությունը 3 կմ է, լայնությունը՝ 60 մետր, այն կարող է ընդունել բոլոր տեսակի, ներառյալ՝ մեծ բեռնատար օդանավեր։

44-օրյա պատերազմից հետո սա երկրորդ օդանավակայանն է, որ Ադրբեջանը կառուցում է Ղարաբաղից հարավ-արևելք ընկած շրջաններում։ 2021-ի հոկտեմբերին շահագործման էր հանձնվել Ֆիզուլիի օդանավակայանը։ Այն կառուցվել էր ռեկորդային կարճ ժամկետում՝ 8 ամսում։ Այն ժամանակ նույնպես օդանավակայանի բացումը կատարեցին Ալիևն ու Էրդողանը։ Ֆիզուլին Հադրութից արևելք է ընկած, իսկ Զանգիլանը՝ Ղարաբաղից հարավ ու մոտ է Հայաստանի Սյունիքի մարզին։

Էրդողանն ու Ալիևը նաև մի քանի միջոցառումների են մասնակցել։ Ջաբրայիլի շրջանում կատարել են երկաթուղային նոր կայարանի շինարարության սկզբի՝ հիմնարկեքի արարողությանը։ Ջաբրայիլի շրջանով է անցնում Հորադիզ - Աղբենդ երկաթգիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները Զանգիլանում մասնակցել են նաև գյուղատնտեսական նոր համալիրի առաջին փուլի բացմանը։

XS
SM
MD
LG