Մատչելիության հղումներ

Էրդողանը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու Զանգիլանի օդանավակայանի բացմանը


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ֆիզուլիի օդանավակայանի բացման ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ֆիզուլիի օդանավակայանի բացման ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2021թ.

Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցված երկրորդ օդանավակայանի բացման արարողությանը:

Այդպիսով Էրդողանը կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը վայրէջք կկատարի Զանգիլանի օդանավակայանում, մինչ այդ՝ Թուրքիա նախագահը Ֆիզուլիի նորակառույց օդանավակայանի առաջին ուղևորներից է, դրա հանդիսավոր բացումը նույնպես տեղի է ունեցել Էրդողանի և Իլհամ Ալիևի գլխավորությամբ։


Սա կլինի այս ամսվա ընթացքում երկու պետությունների ղեկավարների երկրորդ հանդիպումը։ Հոկտեմբերի 6-ին Էրդողանը և Ալիևը մասնակցել են նաև Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում նաև ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրան հաջորդել է վերջին 13 տարվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների առաջին երկկողմ հանդիպումը: Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել է, թե հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։

Թուրքիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ադրբեջան մեկօրյա այցի ընթացքում Ռեջեփ Էրդողանն առանձնազրույց կունենա Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Բաքվի և Անկարայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերը:

Զանգիլանի օդանավակայանը, ինչպես հաղորդվում է, կառուցվել է ընդամենը երկու տարվա ընթացքում՝ այդ թվում թուրքական ներդրումներով։ Միջազգային կարգավիճակ է ստացել անցած օրերին, ունի 3 կիլոմետր երկարությամբ, 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ի վիճակի է սպասարկել ժամում մինչև 200 ուղևորի։

Զանգիլանը Բաքվի վերահսկողության տակ է անցել ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Այդ նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհանիսյանը Բաքվից հնչող հաղթական հայտարարությունների ֆոնին գրել էր՝ «Ալիև, բարի գալուստ դժոխք», այդպես էլ չհաստատելով Զանգիլանի կորուստը։

Պատերազմի ավարտից շատ չանցած Ադրբեջանի իշխանությունները Զանգիլանը հռչակեցին ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան՝ պնդելով, որ հենց այդտեղով պետք է անցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Զանգիլանն առաջին բնակավայրն է, որը Բաքուն շտապել է վերաբնակեցնել. այս ամռանն Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ այդ շրջանում արդեն տասնյակ ընտանիքներ են հաստատվել , շահագործման են հանձնվել դպրոց և մանկապարտեզ, ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ: Այս աշխատանքներին երեկ տեղում անձամբ էր ծանոթանում Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Իրանի և Հայաստանի հետ սահմանակից Զանգիլանի աշխարհագրական դիրքը թույլ կտա շրջանը դարձնել տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ինչպես նաև կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG