Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ-ով միջանցք չի նախատեսում, իսկ նոր ճանապարհներ պատրաստ ենք կառուցել. Փաշինյան


Հայաստանը պատրաստ է նոր ճանապարհներ կառուցել՝ Ադրբեջանի հետ համաձայնության դեպքում, վստահեցնում է վարչապետը։

«Կա՞ արդյոք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ո՛Չ։ Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում: ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը», -Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Թվիթերում երեկ երեկոյան կատարած երեք գրառումներով Փաշինյանը վերստին ընդգծել է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծում։

«Որևէ մեկը կարո՞ղ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, որը վերաբերում է Հայաստանի տարածքին: Իհարկե ոչ, Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո՛, դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ, սա միակն է»,- գրել է վարչապետն, ապա շեշտել՝ «ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել պարտավորություններից խուսափելու մեջ»։

«Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել երեք անցակետեր՝ կատարելու մեր պարտավորությունները և աշխատել տարածաշրջանի համապարփակ ապաշրջափակումից բխող հնարավորություններից օգտվելու համար», - հավելել է նա։

Օրեր առաջ Բաքուն հայտարարեց, որ «անիրատեսական» է համարում սահմանի անցակետերը բացելու վերաբերյալ Երևանի առաջարկը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Թվիթերի էջում գրել է, թե Բաքուն ամիսներ շարունակ չի արձագանքել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապն ապահովելու համար սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ Երևանի առաջարկին:

Ավելի վաղ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով»։ Ստամբուլում էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր ասել, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ այդ շարքում հիշատակելով նաև «Զանգեզուրի միջանցքը»։ «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան», - ասել էր Չավուշօղլուն։ Հայկական կողմը հակադարձել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառը մեկ անգամ է կիրառվում՝ Լաչինի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG