Մատչելիության հղումներ

Բաքուն «անիրատեսական» է համարում սահմանի անցակետերը բացելու Երևանի առաջարկը


Ադրբեջանի ԱԳՆ շենքը, արխիվ, բաքու:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն «անիրատեսական» է որակել սահմանի անցակետերը բացելու վերաբերյալ Երևանի առաջարկը:

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ առաջարկներով 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները միավորելու մասին ստանձնած պարտավորությունից խուսափելու և 20 ամիս տևող քննարկումներն անտեսելու գործելակերպից, դա լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության Թվիթերի էջում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ իր Թվիթերի էջում գրել է, թե Բաքուն ամիսներ շարունակ չի արձագանքել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապն ապահովելու համար սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ Երևանի առաջարկին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե «Պրահայում հոկտեմբերի 6-ին Փաշինյանից հստակ պատասխան չի ստացել կոմունիկացիաների բացման նախաձեռնության շրջանակներում ավտոճանապարհի երթուղու հարցին»:

«Տրանսպորտային ուղիների բացումը խաղաղ պայմանագրի բաղադրիչն է: Ըստ էության, դա արդեն պետք է տեղի ունենար, դա 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունն է, որն առայսօր չի իրականացվել»,- Պրահայում ասել է Ալիևը:

«Դա այլևս ծիծաղելի չէ, բոլորը գիտեն, թե որտեղով պետք է անցնի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհը, մենք չենք հասկանում, թե ինչու մեզ կամավոր չեն տրամադում ճանապարհ դեպի Նախիջևան: Պարտավորության խախտումն, իհարկե, խայտառակ բան է, բայց մենք դեռ զսպվածություն ենք դրսևորում: Համոզված եմ, որ կհասնենք մեր նպատակին, պարզապես լավ կլիներ, որ դա ոչ թե ուշ, այլ շուտ տեղի ունենար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG