Մատչելիության հղումներ

Խաղաղության և կայունության միակ երաշխավորը ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են. Բորիս Նավասարդյան


Խաղաղության և կայունության միակ երաշխավորը ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Ազատություն». - Ռուսական տարբերակի պաշտպանները հենց սա են հակափաստարկ բերում, որ հայտարարություններից այս կողմ չեն անցնելու ո՛չ Ամերիկան, ո՛չ Ֆրանսիան, այսինքն, առնվազն զենք չեն ուղարկելու Հայաստան:

Բորիս Նավասարդյան. - Ես համաձայն չեմ դրա հետ, կարծում եմ, որ այն առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը ֆորմալ ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրի համար, մենք պետք է ցույց տանք, որ մեզ համար ՀԱՊԿ-ը այլևս հիմնական երաշխիքը չի մեր անվտանգության և կարծում եմ այդ ուղերձները գնում են և ընկալվում են: Եթե դա լինի, մենք կստանանք ոչ միայն հայտարարություններ, մենք արդեն ստանում ենք քաղաքական դիվանագիտական առումով լուրջ աջակցություն: Ես կարծում եմ՝ դա կարելի է տարածել որոշ անվտանգային ոլորտում համագործակցության վրա:

«Ազատություն». - Մի փաստարկ էլ բերեմ՝ եթե Բաքուն կաշկանդվեր Արևմուտքի կոչերից, հիմա զորքերը հետ էր քաշել արդեն:

Նավասարդյան. - Բաքվի կաշկանդվածությունը նույնպես իր սահմանները ունի, Բաքուն կաշկանդված է այնքանով, որքանով հուսով եմ, համարյա համոզված եմ, որ չի կրկնելու այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին և 14-ին, բայց զորքերը հետ քաշելու առումով Արևմուտքը նույնիսկ հետևողական պնդումներ չի անելու մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Այսինքն՝ Արևմուտքը միանշանակ քայլ առ քայլ մոտեցման կողմնակից է. սկզբից համաձայնագիր, արդյունավետ բանակցություններ արցախահայության ապագայի հետ կապված ու դրան զուգահեռ նաև զորքերի հետքաշման հարցը օրակարգ մտնելու է, կարծում եմ:

«Ազատություն». - Գալով Արցախի ճակատագրին՝ Դուք համաձա՞յն ենք, որ կարգավորման այս տարբերակով, որն ըստ էության Արևմուտքն է առաջարկում, անորոշ է մնալու Ղարաբաղի հարցը:

Նավասարդյան. - Անորոշ է մնալու այնքանով, որքանով Ադրբեջանը հիմքեր կունենա պնդելու, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Այսինքն՝ դրան հակառակ բաներ Արևմուտքը չի ասելու: Կարծում եմ՝ այս փուլում ավելին, քան օրակարգում որպես կարևոր խնդիր պահել անվտանգությունը և արժանապատիվ կյանքը արցախահայության, դա այն առավելագույնն է, ինչ կարելի է սպասել Արևմուտքից: Մեզ համար անհրաժեշտ է, որ այն բանակցությունները, որոնք ենթադրաբար սկսվելու են Ադրբեջանի ներկայացուցիչների և Արցախի ներկայացուցիչների միջև ենթարկվեն հնարավորինս խիստ մոնիտորինգի Արևմուտքի կողմից, որպես այդ սկզբունքները այնտեղ պահպանվեն: Ցավոք, Արցախի ներուժը բավարար չէ, որպեսզի համապատասխան բարենպաստ պայմաններ հայության համար այստեղ ստեղծվեն և ամբողջ գործընթացի թափանցիկությունը և Արևմուտքի ուշադրությունը դրան, որպեսզի այդ սկզբունքները երաշխավորված լինեն, անհրաժեշտ է:

«Ազատություն». - Ուշադրություն, էդպես շատ օդում չէ՞, պարոն Նավասարդյան, եթե հստակ մեխանիզմ, միջազգային մանդատ չլինի, մնում է միայն բաքվի հայեցողությունը:

Նավասարդյան. - Ցավոք, մենք հասել ենք այն տեղ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չեն կարող պնդել, դա իրողություն է, կարելի էր այլ իրողություն ունենալ, եթե մեզ այլ կերպ պահեինք վերջին 4 տարում, վերջին 2 տարում, բայց մենք մեզ պահել ենք այնպես, ինչպես պահել ենք ու հասել ենք այնտեղ, որ Բաքուն բոլոր հիմքերը ունի, որ որևէ երրորդ կողմ ֆորմալ մասնակցություն Արցախի հետ իր բանակցություններում չպետք է ունենա: Դրա հետ կարծում եմ, այդ փուլում Արևմուտքը համակերպվել է:

«Ազատություն». - Հետևաբար, դա կարող է ծանր հետևանքներ առաջացնել, եթե Ադրբեջանի դրոշը Ստեփանակերտում բարձրանում է, հասկանալի է՝ դա ինչով է վտանգավոր:

Նավասարդյան. - Բնականաբար, դա շատ ծանր հոգեկան ապրումներ է առաջացնելու և՛ Հայաստանում, և՛ Արցախում, բայց մենք պետք է ընդունենք, որ պատերազմում պարտվել ենք և պատերազմում պարտվելը մեր մեղքն է, որևէ մեկի վրա դա բարդել, կարծում եմ, այսօր սխալ է և անիմաստ, նույնիսկ եթե դրա համար ունենք հիմքեր:

«Ազատություն». - Կրեմլից ոչ մեկ անգամ հայտարարել են՝ «կնքեք խաղաղության պայմանագիր, բայց Ղարաբաղի հարցն առկախվում է և մենք երկար ժամանակով մնում ենք այստեղ»:

Նավասարդյան. - Ռուսաստանի օրակարգը կարճատև է, Ռուսաստանի օրակարգը չի հաշվարկվում ավելի, քան մոտակա 1-3 տարիների վրա, այսինքն ռուսական խաղաղապահների պայմանական մանդատի ժամկետի ավարտը: Դրանից հետո Ռուսաստանն այսօր չի մտածում, հետո կլինի այն, ինչ կլինի: Բայց մենք հասկանում ենք, որ մենք այնտեղ ունենք հայություն, որը ոչ թե երեք տարով պետք է այնտեղ նորմալ կյանքի հնարավորություն ունենք, այլև՝ հավերժ: Ուրեմն ռուսական այդ ծրագիրը, որը համապատասխան երաշխիքներ չի առաջարկում, մեզ համար ընդունելի չէ, մեզ համար միգուցե ընդունելի է ավելի պակաս հաճելի տարբերակը, սակայն կայուն, որը նաև իր մեջ հեռանկարների հույս է պարունակում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG