Մատչելիության հղումներ

Տարբեր պատկերացումներ բանակցային գործընթացի վերաբերյալ. Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Արցախի պատվիրակությանը


Շաբաթվա սկզբից Հայաստանում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Թեև կողմերն ասում էին, որ գոհ էին հանդիպման արդյունքներից, բայց ճեպազրույցի ժամանակ հակադիր պատկերացումներ ներկայացրին բանակցային հետագա գործընթացի վերաբերյալ։

Պրահայում Փաշինյան- Ալիև հանդիպմանը կողմերը հայտարարել էին, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս պարագայում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն առաջարկում է առանձին կետով նշել, որ խոսքը չի վերաբերում Արցախին:

«Կարող են մեկը մյուսին ճանաչել, բայց անպայման պետք է լինի մի բան, որ դա Արցախի վրա չի տարածվում, կետը կլինի հատուկ նշված, թե այնտեղ կլինի, որ պետք է այդ հարցը հետո քննարկեն, որովհետև այդպիսի առաջարկներ էլ կան տարբեր երկրների կողմից, հետևաբար, մենք պետք է դա ֆիքսենք և ասենք, որ երբեք Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ փիլիսոփայությունը լինի դա՝ կետի միջոցով, քաղաքականությամբ արտահայտված, լինի շատ հստակ», - նշեց Բաբայանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ում կարծիքով Արցախի պատվիրակությանը բավարարել են հանդիպման արդյունքները, հստակ հայտարարեց, որ բանակցային փաստաթղթում Բաբայանի առաջարկած կետը լինել չի կարող:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե նման հիշատակում լինի, որովհետև դա նախևառաջ կարող է հայելային պահանջ և ցանկություն առաջացնել: Երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի և միգուցե նաև առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չի անել: Մենք անընդհատ ենք շփվում, այս խոսակցության ժամանակ այդ հարցը չի քննարկվել, բայց ընդհանուր առմամբ ասվել է», - նշեց Սիմոնյանը:

Արցախի արտգործնախարարը վերահաստատեց՝ Ստեփանակերտի համար անընդունելի է ցանկացած լուծում, որը ենթադրում է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։

«Էս երկու հանդիպմանը, իհարկե, կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել կամ ճանաչել Ադրբեջանի մաս: Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմում խցկելու, բերելու է երկու տարբերակի. բերելու է կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության, կամ էլ բերելու է Արցախի հայաթափման», - ընդգծեց Բաբայանը:

Դեռ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումից հետո էր պատվիրակությունը հայտարարել՝ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս է Հայաստանը խուսափելու դրանից, եթե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առաջարկելով Ստեփանակերտ -Բաքու բանակցային միջազգային ձևաչափ, որից Բաքուն կտրականապես հրաժարվում է։

«Արցախին առաջարկում ենք էն, ինչ որ առաջարկել ենք մշտապես, Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների մեջ ու բոլոր հարցերի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև հավաստիացնում եմ, եղել է տարբերակ, ասեմ, որտեղ Հայաստանը և Արցախը որպես այդպիսին առանձնացնելու տարբերակով է, մենք այդ տարբերակին չենք գնացել», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Իսկ ի՞նչ տարբերակի է համաձայնել Հայաստանը։ Խորհրդարանի նախագահն ասում է՝ այս պահին սեղանին դեռ որևէ փաստաթուղթ չկա և բանակցային գործընթացը շարունակվում է։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտ - Բաքու ուղիղ բանակցություններին, ապա Սիմոնյանի կարծիքով՝ չնայած Ալիևի մերժմանը, Ադրբեջանը դրանից խուսափել չի կարող։ Այստեղ, սակայն, առաջ է գալիս ձևաչափի վերաբերյալ տարբերվող պատկերացումների հարցը։

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ ի դեմս Արցախի պետք է գնա և մայր երկրի հետ նեղացած, փոշմանած խնդրի, որ «կներես մայր երկիր, այսինքն Ադրբեջան, մենք ղալլաթ ենք արել, հիմա գալիս ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմ», դա չի լինելու», - ասաց Բաբայանը:

«Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա և Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, միևնույն ժամանակ իրենք գտնվում են մշտապես կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ, այո, Ադրբեջանը գտնվում է ուղիղ կապի մեջ շատ հարցերում, նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները այդ առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք», - ասաց Հայաստանի ԱԺ նախագահը:

Արցախյան պատվիրակությունը, որ Երևան էր ժամանել Ստեփանակերտում մեկնարկած բողոքի հանրահավաքների ֆոնին, դեռ կշարունակի հանդիպումները Երևանում։ Այսօր հանդիպելու են նաև Հայաստանի նախագահին, վաղն էլ արտգործնախարարին։

Բաբայանի փոխանցմամբ՝ հանդիպում է լինելու նաև վարչապետի հետ։ Երկու օր առաջ Փաշինյանը ընդունել էր միայն Արցախի նախագահին։ Այդ հանդիպման մասին վարչապետի պաշտոնական կայքում ոչ մի հաղորդագրություն այդպես էլ չեղավ։

XS
SM
MD
LG