Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն Հայաստանի հետ հաշտեցումը կրկին կապել է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ


«Կայուն խաղաղությունը կարող է իրականություն դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն կնքելով»

Իրատեսական չէ հայ-թուրքական կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանական բանակցություններից անկախ դիտարկել, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ թուրքական «Հաբեր գլոբալի» եթերում։ Չնայած թե՛ Երևանը, թե՛ Անկարան հայտարարում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն այսօր Մևլյութ Չավուշօղլուն Հայաստանի հետ հաշտեցումը կրկին կապել է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է իրականություն դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն կնքելով, ինչին մենք էլ ենք աջակցում: Ադրբեջանը առաջարկ էր արել Հայաստանին, որին Հայաստանը երկար ժամանակ դրական չէր պատասխանում: Բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեցին աշխատել այս ուղղությամբ: Սահմանազատման համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի զբաղվի սահմանների ճշգրտմամբ», - ասել է նա:

Թեև Հայաստանի կառավարությունը երկրորդ տարին է՝ պնդում է, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում, Թուրքիայի արտգործնախարարն այսօր կրկին այդ հարցն է առաջ քաշել ու պնդել, թե դա ամրագրված է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված հայտարարությամբ։

Չավուշօղլուն արդարացրել է Լաչինի իրադարձությունների հետ կապված Ադրբեջանի քայլերը

Բացի այդ, Չավուշօղլուն խոսել է նաև Բաքվի մյուս պահանջի՝ Ղարաբաղից հայաստանյան ուժերը դուրս բերելու մասին. «Գիտեք, մեկ էլ կա Զանգեզուրի միջանցքը, սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ»:

Ավելին, Չավուշօղլուն արդարացրել է Ադրբեջանի քայլերը ամսվա սկզբին Լաչինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ հայկական կողմում 2 զինծառայող էր զոհվել, ավելի քան մեկ տասնյակը՝ վիրավորվել։

«Ադրբեջանն իր հողերում պետք է ամբողջապես հաստատի իր տիրապետությունը, զարգացնի այդ շրջանները, այդ տարածքներում ապրող հայերին էլ ասում է՝ եկեք, վերադարձեք, ձեր բոլոր իրավունքներից կօգտվեք։ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Էլ ի՞նչ կարող է անել», - հայտարարել է նա:

Չավուշօղլուն մի քանի անգամ կրկնել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ուզում, միաժամանակ պնդել, թե դրա համար Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի և «ոչ թե փորձի արդարանալ», թե ճնշման տակ է Սփյուռքի ու ներքին ծայրահեղական ուժերի կողմից:

«Հայաստանի իշխանությունները ընտրություններում վստահության մեծ քվե են ստացել, իսկ Սփյուռքի միայն փոքր հատվածն է ընդդիմանում այս գործընթացներին», - ասել է Չավուշօղլուն՝ չմանրամասնելով` երբ և որտեղ է Երևանը նման պատճառաբանություններ բերել:

«Եկե՛ք Հարավային Կովկասը համագործակցության և խաղաղության տարածաշրջան դարձնենք: Թող բոլորը շահեն, ամենաշատն էլ Հայաստանը թող շահի», - ասել է նա:

Սահմանին համատեղ գործնական աշխատանքներ են տարվում. Թուրքիայի ԱԳ նախարար

Հարաբերությունների կարգավորման համար Երևանն ու Անկարան հատուկ բանագնացներ են նշանակել անցած տարեվերջին, որոնք անցած կես տարում արդեն չորս անգամ հանդիպել են, շաբաթներ առաջ թուրքական կողմի բանակցող Սերդար Քըլըչը նաև Հայաստանի հետ սահմանակից Կարս էր գնացել։ Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ տեղում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

«Եղել են հանդիպումներ, վստահության բարձրացմանը միտված քայլեր են արվել՝ թռիչքների մեկնարկը, մեր օդային տարածքը բացելը, որոշ քայլեր են արվել առևտրի հետ կապված: Սահմանին համատեղ գործնական աշխատանքներ են տարվում՝ նպատակով, որ եթե ապագայում սահմանները բացվելու որոշում լինի, ապա դրանք պատրաստ լինեն», - նշել է նա:

Հուլիսին կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները։ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել էր հնարավորինս շուտ իրագործել այդ պայմանավորվածությունները, սակայն մինչ օրս՝ ավելի քան մեկ ամիս անց, գործնական առաջընթացի մասին ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտարարել։

Չավուշօղլուն Հայաստանի հետ հաշտեցումը կրկին կապել է Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

XS
SM
MD
LG