Մատչելիության հղումներ

Երեք նոր մաքսակետերը «գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան»


Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր մաքսակետերում գործելու են բոլորովին նույն պայմանները, ինչ մյուս բոլոր մաքսակետերում են, որևէ տարբերություն չի լինելու, «Ազատությանը» փոխանցել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)՝ նշելով՝ դրանք գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան։

«Ազատություն»-ը ՊԵԿ-ից, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե երեք մաքսակետերը տեղադրելու դեպքում արդյո՞ք գործելու են նույն պայմանները, ինչ Հայաստանի հարևան Վրաստանի ու Իրանի հետ՝ անձնագրային ու մաքսային ստուգում, մաքսատուրքի գանձում և այլն։

Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»:

Պետական եկամուտների կոմիտեն էլ, իր հերթին, նույն այդ վայրերում նոր մաքսային կետեր ստեղծելու ու մաքսային հսկողության գոտիներ սահմանելու նախագծեր է շրջանառության մեջ դրել։

Չնայած ո՛չ խաղաղության պայմանագիր կա Ադրբեջանի հետ կնքված, ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել, բայց Հայաստանի վարչապետը օգոստոսի 4-ին ադրբեջանցիներին հրավիրում էր մի քանի կետով Հայաստանի սահմանը հատել, ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին էլ տալիս հանձնարարական՝ ապահովել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

XS
SM
MD
LG