Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, թե չի զղջում հարևան երկրի դեմ պատերազմ սկսելու համար


Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարել է, թե չի զղջում հարևան երկրի դեմ սկսած պատերազմի համար, որի հետևանքով սեփական բանակը հազարավոր զինվորներ է կորցրել, երկիրն էլ հայտնվել է խստագույն պատժամիջոցների տակ և մեկուսացվել Արևմուտքի կողմից։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պուտինն այս ամենը տհաճ, բայց անհրաժեշտ քայլ է որակել. - «Ոչ, չեմ ափսոսում։ Ես ուզում եմ հստակ ասել՝ այն, ինչ այսօր կատարվում է, մեղմ ասած, տհաճ է, բայց միևնույն է՝ անխուսափելի։ Այսպիսով, մենք գործում ենք ճիշտ և ժամանակին»։

Կրեմլի ղեկավարը այսօր տեղեկացրել է, որ անցած երեք շաբաթվա ընթացքում, մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո, բանակ է կանչվել ավեի քան 220 հազար մարդ, և որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մոբիլիզացիոն միջոցառումները կավարտվեն. - «Տեսանելի ապագայում մոբիլիզացիայի մասշտաբների ընդլայնման կարիք չկա։ Ես նման առաջարկ պաշտպանության նախարարությունից չեմ ստացել»։

Պուտինը պնդել է՝ մոբիլիզացիան անհրաժեշտ էր, քանի որ ուկրաինական զորքերի հետ շփման գիծը ավելի քան հազար կիլոմետր է, և «այն հնարավոր չէ պաշտպանել միայն պայմանագրային զինծառայողներով»։ Մինչդեռ պատերազմի առաջին ամսիներին, նույն շփման գծի պայմաններում, Կրեմլը բազմիցս հայտարարում էր, թե մոբիլիզացիայի կարիք չկա։

Այսօր Աստանայի ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինը նաև պնդել է, թե Ռուսաստանը Ուկրաինայի պետականությունը վերացնելու ծրագիր չունի, և որ այժմ կարիք չկա կրկնելու այն զանգվածային հարվածները, որոնք Ոուսաստանը հասցրել էր Ուկրաինային այս շաբաթասկզբին Ղրիմի կամուրջը պայթեցնելուց հետո։

Մինչդեռ ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները շարունակվում են։ Երեկ երեկոյան Նիկոլաև քաղաքի հիվանդանոցում մահացել է 11-ամյա մի տղա, ում երեկ ցերեկը հանել էին հրթիռակոծված բնակելի շենքի փլատականերից։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը Ռուսաստանն անվանել է ամենամեծ չարիքը, որին առերեսվել է իր երկիրը պատմության ընթացքում, և կրկին պնդել, թե չի բանակցելու նախագահ Պուտինի հետ․ - «Այսօր մեր երկրի համար նա ահաբեկչի միասնական կերպար է, որի հետ ոչ ոք չի ուզում խոսել։ Ինչի՞ մասին խոսել։ Որպես խաղաղության կողմնակից երկիր՝ մենք ասում ենք՝ այո, մենք կխոսենք Ռուսաստանի հետ իհարկե, բայց արդեն նոր նախագահի հետ... Ինչ-որ մեկը կհայտնվի»։

Ավելին, Զելենսկին այս հարցազրույցում նաև Եվրոպայի առաջնորդներին է հորդորել չբանակցել Պուտինի հետ. - «Նա մեզ բոլորիս սպառնում է միջուկային զենքով։ Մենք պետք է հստակ ասենք ռուսներին, որ մենք չենք կարող խոսել նրա հետ, մենք չենք ցանկանում գործ ունենալ ահաբեկիչների հետ»։

Մինչ այդ ուկրաինական բանակը շարունակում է սեպտեբերին սկսած հակահարձակումը Խերսոնում։ Շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավարը երեկ բնակիչներին տարհանելու կոչ է արել՝ պնդելով, թե Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են ճեղքել Կախովկա ամբարտակը, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել «ջրհեղեղի»։

Ռուսական զորքերն էլ առաջ են գնում Դոնեցկի մարզում՝ Բախմուտի ուղղությամբ՝ մարտի դաշտում թողնելով նոր զոհեր։ BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության համաձայն, ռուսական բանակը Ուկրաինայում անցած ութ ամսում ավելի քան 7500 զինվոր է կորցրել։ Զոհվածներից ավելի քան տասը զորակոչվել էին սեպտեմբերի 21-ին սկսած մոբիլիզացիայից հետո։

XS
SM
MD
LG