Մատչելիության հղումներ

«Թող տպավորություն չլինի, թե մենք մեր տունը լքում ենք, մեր կամքով չի». Կուտականի բնակիչ


Արդեն 10 օր է Երևանում՝ ծանոթների բնակարանում է ապաստան գտել ադրբեջանական հարձակման թիրախում հայտնված Գեղարքունիքի Կուտական գյուղի բնակիչ Հերմինե Միրզոյանը՝ իր 5 երեխաներով. 3-ն անչափահաս են՝ 15-ամյա Պետրոսն ու 4 ամսական զույգ բալիկները՝ Լյուսին ու Գարիկը։

«Թող տպավորություն չլինի, թե մենք մեր տունը լքում ենք, մեր կամքով չի», - ասաց Հերմինե Միրզոյանը:

Հերմինեն հիշում է՝ սեպտեմբերի 13-ին մինչև ուշ գիշեր պահածո էր փակում, ընտանիքն արդեն քնած էր, արթնացան ուժգին կրակոցների ձայնից. «Խառնվանք իրար, հավաքվանք, ասի՝ գոնե էրեխեքին հանենք, մեր տանը շատ մոտ ա, հենց սահմանի տակ մեր տունն ա առաջինը, եթե հանկարծ դիվերսիա էլ մտներ, առաջինը մեր դուռն էր բացելու: Հենց պոստի տակ ա մեր տունը: Էդ գմփոցները էնքան էին մոտիկանում տները դղրդում էին»:

Պատսպարվել են հարևան Արմենի նկուղում. լուսաբացին գյուղապետարանից ստացած լուրը հուսադրող չէր. «Արդեն գրավված ա մեր տան վերևի պոստը, էրեխեքին գյուղից հանեք»:

Ընտանիքի մայրը պատմում է՝ գյուղում մնալն այլևս վտանգավոր էր. ադրբեջանական հարձակումն իր հետքերն է թողել բազմանդամ ընտանիքի տան դռների, պատուհանների վրա. փամփուշտներից մեկն անգամ ծակել է և՛ շքամուտքի, և՛ սենյակի դռները, որտեղ փոքրիկների օրորոցն էր։

«Հնարավոր ա՝ տանն ենք եղել էդ ժամանակ ա եղել, ուղղակի մեզ չեն կպել: Էդ պահին նենց լարված վիճակ էր», - պատմեց Հերմինեն:

Առաջին իսկ մեքենայով Մարտունի են շարժվել. ասում է՝ լրիվ անծանոթ մարդիկ են իրենց տանն ընդունել. «Դե ուրիշի տանը մնալն անհարմար էր, ընդեղ ոչ ոքի չէինք ճանաչում, անծանոթ մարդկանց տանն էինք մնում, ստիպված եկանք Երևան, բայց ամուսինս գյուղը չլքեց, ինքը ասեց՝ «ես պետք ա կռվեմ, ինչ ուզում ա լինի պիտի պայքարեմ, գոնե մեր տան տեղի համար»: Ես ինքս էլ կնայի, թե պուճուրներս չլինեին»:

«Մտքերս Կուտականում են՝ ամուսնուս հետ»,- ողջ զրույցի ընթացքում հուզվում էր Հերմինեն՝ ի՞նչ արեց, ո՞նց քնեց, անասուններին հո սարեր չի՞ տարել, վտանգավոր է:

Աչքը փոքրերի վրա է, ականջը՝ հեռախոսին. մի լավ լուր է սպասում ամուսնուց:

Ավագ որդին՝ 15-ամյա Պետրոսն էլ հեռախոսը վայր չի դնում. տան վրա դրած տեսախցիկով է կարոտն առնում գյուղից։ Մեծ աղջիկներն՝ Աննան ու Մարգարիտան ուսանողներ են. մի գիշերում ընտանիքի գլխին թափված անորոշության մեջ Հերմինեն դեռ չի էլ պատկերացնում՝ ինչպես է երեխաների ուսման վարձը վճարելու:

«Իմ աշխատանքը ընդեղ՝ ես անասուն եմ պահել, էրեխեքի ուսման վարձը ապահովել եմ, հիմա ես ի՞նչ եմ անելու», - տարակուսում է Կուտականի բնակիչը:

Պետրոսն էլ հիմա դպրոցում պիտի լիներ. սա էլ մի խնդիր, որի լուծումը ոչ համայնքապետարանից են տվել, ոչ էլ պետական որևէ կառույցից. «Ես չգիտեմ՝ էս էրեխու հարցը ի՞նչ պիտի լինի: Լավ, ասենք մի շաբաթ արձակուրդը տվեցին, անցավ էդ մի շաբաթը, ի՞նչ պիտի անեն էս էրեխեքը: Ես չգիտեմ էլ ըտեղ հնարավոր կլինի՞ ապրելը: Եթե մեր դիրքերը մեզ չվերադարձնեն, ըտեղ հաստատ հնարավոր չի լինի ապրելը»:

10-ն օրում կյանքը գլխի վայր շուռ եկավ, ասում է 5 երեխաների մայրը, որ դեռ պետական որևէ կառույց չէ դիմել օգնության կամ գոնե խորհրդի համար. ոչ սիրտ ունի, ոչ էլ ձևը գիտի. իրենցով էլ հետաքրքրվողները հերթ չեն կանգնել։

«Հիմա էլ եմ ուզում գնամ իմ տուն, չգիտեմ, չեմ կարողանում, ես ինձ ստեղ չեմ գտնում, ես իմ տունն եմ ուզում», - ասաց Հերմինեն:

XS
SM
MD
LG