Մատչելիության հղումներ

Դելիում պնդում են, որ Հայաստանը 260 մլն դոլարի հնդկական զենք է գնել


Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերը, արխիվ
Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերը, արխիվ

«Առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան», - պնդում է Հնդկաստանում լույս տեսնող ամենահեղինակավոր անգլալեզու գործարար պարբերականը՝ Economic Times-ը։

«Զինելով Հայաստանը» վերնագրված հոդվածում հնդկական թերթը պնդում է, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Թերթի փոխանցմամբ՝ Երևանի և Դելիի միջև զենքերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը ստորագրվել է այս ամիս։

Թեև Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Economic Times-ին խուսափել են մատնանշել մատակարարվող սպառազինության ընդհանուր արժեքը, պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում է շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար։ Գործարքի առանցքային կետն, իհարկե, հնդկական արտադրության համազարկային կրակի համակարգերի վաճառքն է։ Հնդկական թերթի փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը դառնում է Pinaka ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Հայաստանի կողմից Pinaka համակարգերի հնարավոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2018 թվականի ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ։

2018-ի օգոստոսին այս մասին գրել էր Times of India թերթը՝ տեղեկացնելով,որ Հնդկաստանում գտնվող հայկական պատվիրակությունը դրանից մեկ ամիս առաջ այցելել էր Ռաջհաստան նահանգում գտնվող Փոխրանի ռազմավարժարան, որտեղ հայ զինվորականները հետևել էին Pinaka համակարգերի կրակային վարժանքներին։ «Արդյունքները գերազանց էին», - թերթին փոխանցել էր Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության և հետազոտությունների վարչության ղեկավարներից մեկը։

Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ Pinaka համակարգերը հնդկական բանակի զինանոցում են հայտնվել 2000-ականների սկզբին՝ փոխարինելով խորհրդային արտադրության ռեակտիվ հրետանային միջոցները՝ մասնավորաբար «Գրադ» կայանքները։ Հնդկական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառված ռեակտիվ համակարգերի հեռահարությունը հասնում է 60 կիլոմետրի, դրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է 44 վարկյանում 12 հրթիռ արձակել, նախատեսված է հակառակորդի անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպես նաև հրամանատարական կետերը ոչնչացնելու համար։

«Թեև սա բավական համեստ պատվեր է՝ շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար, բայց կարևոր է այն հանգամանքը, որ զենքն ու ռազմամթերքը Հայաստանին են վաճառվում ընթացիկ հակամարտության պայմաններում։ Բացի այդ, սա Pinaka հրթիռային համակարգերի արտահանման առաջին դեպքն է, ինչը կարելի է շրջադարձային կետ համարել։ Դա վկայում է այս զինատեսակի որակական հատկանիշների մասին։ Բացի այդ, այն հանգամանքը, որ մեկ այլ պետության հետ հակամարտության մեջ գտնվող երկիրը հենց այս զենքն է պատվիրում, արդեն իսկ խոսուն է», - այսօր հնդկական India Today հեռուստաալիքի եթերում հայտարարում էր ռազմական փորձագետ Շիվ Արուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG