Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել ռազմական դրոններ և այլ սպառազինություն. հնդկական մամուլ 


Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել, ու այդ նպատակով նախորդ ամիս Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։ Այս մասին գրել է հնդկական DnaIndia-ն, որը Հնդկաստանի առևտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլալեզու խոշորագույն պարբերականներից է։

Ո՞ր դրոնների, ի՞նչ այլ սպառազինության մասին է խոսքը, կամ ի՞նչ գումարի սահմաններում են բանակցությունները, և վերջապես՝ ի՞նչ պայմանագրեր են կնքվել՝ պարբերականը չի տեղեկացնում։

Օրինակ, ռազմական անօդաչուների և դրանց դեմ պայքարի միջոցների ստեղծման ուղղությամբ Հնդկաստանը նոր չի աշխատում։ Այդ նպատակով հնդկական ընկերությունները վերջին տարիներին համագործակցում են հատկապես Իսրայելի հետ։ 2019 թվականին հիմնադրվեց իսրայելա-հնդկական Adani Defence & Aerospace ընկերությունը։

Adani Defence & Aerospace ընկերության Sky Striker հարվածային ԱԹՍ-ն։ Լուսանկարը՝ ընկերության կայքէջից է։
Adani Defence & Aerospace ընկերության Sky Striker հարվածային ԱԹՍ-ն։ Լուսանկարը՝ ընկերության կայքէջից է։

DnaIndia-ն ներկայացնում է անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե ղարաբաղյան նախորդ պատերազմը հարկադրել է Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։ Պարբերականը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։

«Ազատությունը» դիմել է Հայաստանի ռազմական գերատեսչություն՝ վերոհիշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Դեռ չեն արձագանքել։

44-օրյա պատերազմից հետո նկատելիորեն ակտիվացած հայ-հնդկական հարաբերություններում ռազմական համագործակցության մասին սկսեցին հրապարակավ խոսել այս ամիս։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի սկզբին հյուրընկալել էր Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանին, ով Երևանում հայտարարեց, թե պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։

«Պաշտպանության ոլորտում սկսել ենք փնտրել կոնկրետ համագործակցության ուղիներ։ Այս ոլորտում երկարատև համագործակցության ուղիներ ենք փնտրում։ Առևտրի ու տնտեսության բնագավառում պրոդուկտների, սեկտորների ու ենթասեկտորների որոշակիացման գործընթաց ենք մեկնարկել, ուր կարող ենք առաջ գնալ։ Երկկողմ ներդրումների պակաս կա։ Իմ, մեր կառավարության պարտականությունն է քաջալերել հնդկական արդյունաբերությանը, գործարարներին՝ Հայաստանում ներդրումներ կատարել, որովհետև հնարավորությունները, ներուժը մեծ են», - նշել է Սանջայ Վերմանը։

Թե ռազմական ոլորտում կոնկրետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, հնդիկ պաշտոնյան չմանրամասնեց։ Հայկական կողմը ևս ձեռնպահ մնաց։

Ադրբեջանի հետ պատերազմից առաջ՝ 2020 թվականի մարտին հնդկական մամուլը գրեց, թե Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի, Լեհաստանի և Հնդկաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից ընտրել է հենց վերջիններին, և Դելին Երևանին պետք է մատակարարի 50 կիլոմետր շառավղով հրետանու արկերի և տարաբնույթ հրթիռների ուղղությունը, արագությունը որոշող նորագույն չորս՝ Swathi ռադարներ՝ 40 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որոնք առաջին անգամ մատակարարվել են հնդկական բանակին 2018-ին։

Թեև առայսօր պաշտոնական աղբյուրները լռում են՝ արդյո՞ք Հայաստանը գնեց այդ ռադարները, սակայն DnaIndia-ն գրել է, որ այդ գործարքը կայացել է։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Անցած մեկ տարուց պակաս էլ ժամանակահատվածում Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարները հանդիպել են արդեն երեք անգամ, որոնցից մեկը անցած հոկտեմբերին Սուբրամանյամ Ջայշանկարի այցն էր Երևան՝ աննախադեպ երկու պետությունների պատմության ընթացքում։ Նախորդը՝ այս ապրիլին էր, երբ Միրզոյանը եռօրյա աշխատանքային այցով Հնդկաստանում էր, որի ժամանակ նրան ընդունեց նաև երկրի ղեկավարը՝ վարչապետ Նարենդրա Մոդին։

XS
SM
MD
LG