Մատչելիության հղումներ

Երիտասարդների արտահոսքը Ռուսաստանից շարունակվում է


Ռուսաստանցիները ռուս-ղազախական սահմանային անցակետերից մեկում

Լատվիան այսօրվանից արտակարգ դրություն է մտցրել Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում, ինչպես նաև օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում։

«Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայից հետո էականորեն ավելացել է այդ երկրից հեռանալ ցանկացողների թիվը, և վտանգ կա, որ սահմանին ապօրինի ներգաղթյալների թիվը կարող է ավելանալ», - հայտարարել է Լատվիայի կառավարությունը:

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդում, թե այս օրերին քանիսն են երկրից հեռացել, սակայն սահմանակից երկրների իշխանությունները նշում են, որ արտագաղթի ալիքը զգալիորեն մեծացել է: Ֆինլանդիայի իշխանությունների տվայլներով, մի քանի օրում ռուս-ֆինլանդական սահմանը մոտ երեսուն հազար մարդ է հատել։ Ղազախստանի իշխանությունները երեկ հայտնել էին, որ մոբիլիզացիայից հետո երկիր է մտել շուրջ հարյուր հազար ռուսաստանցի։

Հատկապես լարված է իրավիճակը ռուս-վրացական սահմանին։ Երեկ այստեղ խցանված մեքենաներիի շարքը ձգվել է ավելի քան 20 կիլոմետր։ Ըստ Վրաստանի իշխանությունների, մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո օրական սահմանը հատում է տասը հազար ռուսաստանցի, այն դեպքում, երբ մինչ այդ այս թիվը կազմում էր վեց հազար։ Հյուսիսային Օսիայի իշխանությունները սահմանին տեղակայել են զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ։

«Իհարկե շատերն են վախեցել, ոչ ոք չի ուզում սպանվել։ Նորմալ մարդիկ բողոքի այս տարբերակն են ընտրում ՝ լքել երկիր, գնալ չգիտես ուր։ Բայց լքել։ Մարդիկ համաձայն են ոտքով հատել սահմանը, մի պայուսակով՝ այնտեղ թողնելով ունեցվածքը, ամբողջ կյանքը։ Միայն թե խաղաղ ապրեն», - ասում է Վրաստան ուղևորվող ռուսաստանցի երիտասարդը։

Վերին Լարսում հավաքվածները պատմում են, որ որոշ տղամարդկանց թույլ չեն տվել հատել սահմանը և լքել Ռուսաստանը, թեև իշխանությունները հավաստիացմում են, որ չեն պատրաստվում փակել սահմանը. - «Ռուսական կողմում մի տղա դուրս եկավ, ասաց, որ նրան թույլ չեն տվել հատել սահմանը, հարցրել են, թե արդյոք կգնա Հայրենիքը պաշտպանելու և ի վերջո թույլ չեն տվել լքել երկիրը՝ ասելով, որ նրա համար սահմանը փակ է»։

Զորակոչի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են

Մոբիլիզացիայի դեմ ակցիաները չեն դադարում։ Եղել են դեպքեր, երբ բողոքողները կրակել են զինկոմիսարիատում, կամ հրդեհել են վարչական շենքերը: Զանգվածային ցույցեր, սակայն, չկան:

Ռուսաստանցիների զգալի մասը ծանուցումը ստանալուց հետո ներկայանում են զինկոմիսարիատ, որտեղ նրանց դիմավորում են երաժշտությամբ, հոգևորականներն էլ օրհնում և ռազմաճակ են ճանապարհում։

«Ի՞նչ անեմ, ծանուցոում եմ ստացել։ Մայրս ուրախ չէր։ Բայց պետք է գնամ ու հայրենիքս պաշտպանեմ», - ասում է զորակոչիկներից մեկը։

«Ի՞նչ անել» հարցին ի պատասխան, Կիևը առաջարկում է պարզապես հանձնվել. Ուկրայինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այս տարբերակից օգտվողների թիվը օրեցօր աճում է։ Հստակ տվյալներ, սակայն, Դանիլովը չի ներկայացրել. - «Կա բավականին պարզ ընթացակարգ։ Կարող եմ ասել, որ Խարկովի և Խերսոնի ուղղություններով ռուս զինվորականները հանձնվելու մասին բանակցություններ են վարում։ Հենց որ սպիտակ դրոշը շպրտեցիք, առանց զենքի հասաք մեր ստորաբաժանումներին ու ձեռքերը բարձրացրեցիք, ձեր հանդեպ վերաբերմունքը միանգամայն ճիշտ է։ Իհարկե, ձեզ կխուզարկեն, կհարցաքննեն, և դուք կստանաք ռազմագերու կարգավիճակ։ Մենք հարգում և հետևում ենք ռազմագերիներին վերաբերող բոլոր կոնվեցիաները, որ ստորագրել ենք»։

Պաշտոնական Վաշինգտոնն իր հերթին հայտարարել է, թե մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիներիը կարող են ապաստան խնդրել Միացյալ Նահանգներում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը ընդգծել է, թե «ԱՄՆ իշխանությունները ողջունում են բոլորին, ովքեր ապաստան են խնդրում»՝ միաժամանակ պարզաբանելով. - «Յուրաքանչյուր հայտ կդիտարկվի անհատական հիմունքներով»։

Ավելի վաղ նման հայտարարությամբ էին հանդես եկել Գերմանիայի իշխանությունները։ Սակայն Արևմուտքում ոչ բոլորն են այս հարցում համակարծիք։ Լատվիան և Չեխիան, օրինակ, հայտարարել են, թե չեն պատրաստվում ապաստան տալ մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիներին:

Ռուսաստանի իշխանությունները իրենց հերթին զգուշացրել են, որ արձանագրում ու իրենց մոտ պահում են մոբիլիզացիայից հետո երկիրը լքող քաղաքացիների անունները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ չհստակեցնելով, թե ինչ նպատակով են կազմում այդ ցուցակը։ Փոխարենը Վոլոդինը ասել է, թե ինչ անել այն մեքենաների հետ, որոնք երկիրը լքող ռուսաստանցիները հսկայական հերթերի պատճառով թողնում են սահմանին։ Պուտինի թիմակիցը առաջարկել է այդ լքված մեքենաները փոխանցել պատերազմին մասնակցող զինվորականների ընտանիքներին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG