Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացրել է, որ միջուկային զենքի կիրառումը աղետալի հետևանքներ կունենա Ռուսաստանի համար


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անպատասխանատու գնահատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունը, ասել է, որ ԱՄՆ-ն գործողությունների պլան է մշակել Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում։ CBS-ին տված հարցազրույցում նա մանրամասներ չի հայտնել, բայց հաստատել է, որ Կրեմլին այդ մասին ասվել է։

«Շատ կարևոր է, որ Մոսկվան մեզանից լսի և իմանա, որ նման քայլի հետևանքները աղետալի կլինեն Ռուսատանի համար և մենք շատ հստակ դա հասկացրել ենք», - ընդգծել է Բլինքենը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարելով մասնակի զորահավաքի մասին և պաշտպանելով Ուկրաինայի գրավյալ տարածքներում հանրաքվեները, ասել էր, թե Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը կապահովի բոլոր առկա միջոցներով։ «Իսկ նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքի միջոցով, պետք է իմանան, որ քամին կարող է փչել նրանց ուղղությամբ»,- ասել էր Պուտինը, բայց Ռուսաստանի դեմ միջուկային սպառնալիքի որևէ օրինակ նա չէր նշել։

Փորձագետները նշում են, որ այսպես կոչված հանրաքվեների արդյունքները Ռուսաստանին հնարավորություն կտա Ուկրաինային և Արևմուտքին ավելի ուժեղ սպառնալ միջուկային զենքով՝ պատճառաբանելով, թե պաշտպանում իր տրածքները։

Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ճանաչի կեղծ հանրաքվեների արդյունքները։

Մինչ Պուտինը հայտարարում է մասնակի զորահավաք անցկացնելու ամսին և պաշտպանում Ուկրաինայի գրավյալ տարածքներում հանրաքվեները՝ պատերազմական գործողությունները չեն ընդհատվում։

Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը Օդեսայի մարզի վրա հարձակման համար կրկին իրանական դրոններ

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» խմբավորումը հայտնում է, որ ռուսական ուժերը Օդեսայի մարզի վրա հարձակման համար կրկին իրանական դրոններ են օգտագործել։ Երեք դրոններից մեկը ոչնչացվել է, մյուս երկուսը հարվածել են ռազմական օբյեկտի, հրդեհ է բռնկվել, զինամթերք է պայթել, քաղաքացիական բնակչությանը տարհանվել է։

Մինչ այս, սեպտեմբերի 21-ին և 23-ին Օդեսան արդեն երկու անգամ ենթարկվել էր իրանական դրոնների հարձակմանը, այս ամսվա սկզբին ռուսական ուժերը առաջին անգամ իրանական դրոնները կիրառել էին Խարկովի մարզում, որտեղ ուկրաինական բանակը հարձակման է անցել ու զգալի տարածքներ ազատագրել;

Անցած ուրբաթ Կիևը Իրանի դեսպանին զրկեց հավատարմագրից, նվազեց Իրանի դեսպանատան աշխատակցիների քանակը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, թե Իրանը համագործակցում է չարիքի հոտ։

Թե որքան դրոններ է Իրանը մատակարարել Ռուսաստանին պարզ չէ, կողմերը ընդհանրապես չեն ասում, թե նման գործարք է տեղի ունեցել։

Այսօր Վլադիմիր Զելենսկին հանդիպել է անվտանգության և պաշտպանության ոլորտի ղեկավարների հետ․ Ուկրաինայի զինված ուժերի, հետախուզության ղեկավարների, պաշտպանության նախարարի անվտանգության և ռազմական այլ պաշտպանների հետ։ Հանդիպմանը քննարկված հիմնական հարցերից մեկը ռուսական ուժերի կողմից կիրառվող նոր սպառազինություններին հակազդեցություն գտնելն էր։ Զելենսկու աշխատակազմը հաստատել է, որ խոսքը հիմնականում վերաբերում է իրանական դրոններին, որոնց կիրառումը Օդեսայի մարզում գնալով ակտիվանում է։

Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի մամուլի խոսնակ Սերգեյ Բարտչուկն այսօր ասել է․ «Ռուսները ակտիվորեն կիրառում են Իրանում արտադրվող ինքնաոչնչացվող անօդաչու սարքերը։ Դրանք կոչվում են Shaheed 136, սակայն ռուսները այն վերանվանել են «Գերան-2»։ Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող հինգ հարձակում է եղել այդ դրոններով», - հայտարարել է Բարտչուկը՝ պնդելով, որ ռուսական կողմը անցել է իրանական անօդաչու սարքերի կիրառմանը, որովհետև դրանց գինը համեմատաբար ցածր է, բացի դրանից ռուսական կողմն արդեն ստիպված է տնտեսել թանկարժեք հրթիռները։

Ուկրաինայի նախագահը անցած գիշերվա ուղերձում խոսելով նաև ընթացող ծանր մարտերի մասին, ասել է, որ որոշ հատվածներում ուկրաինական բանակը հաջողություններ ունի. «Ծանր մարտեր են ընթանում առաջնագծի բազմաթիվ շրջաններում, որոնք ընդհանուր առմամբ ձգվում են ավելի քան երկու հազար կիլոմետր: Դա Դոնեցկի մարզն է, Խարկովի մարզը, Խերսոնի շրջանը և նաև Նիկոլաևի և Զապորոժիեի շրջանները։ Մի քանի ուղղություններով ունենք դրական արդյունքներ։

Եվ ինչ էլ որ լինի այս շաբաթ Ռուսաստանում, ինչ քայլեր էլ որ ծրագրի ահաբեկչական կառավարությունը՝ քաղաքական, թե ռազմական, մեր պետության խնդիրը, Ուկրաինայի խնդիրը չի կարող փոխվել. մենք պայքարում ենք բոլոր ուկրաինացիների կյանքի և ազատության համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG