Մատչելիության հղումներ

Դատախազությունը հիմնավորված է համարում «Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը


Գլխավոր դատախազությունը համաձայն չէ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենը մնա ազատության մեջ։ Նրան ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են։

Մոտ երեք շաբաթ առաջ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհն ու դրան հաջորդած հուժկու պայթյունը առնվազն 16 մարդու կյանք խլեց։ Այսօր դեռ չորս հոգու է մեղադրանք առաջադրվել, նրանցից երեքը կալանավորված են։ Չորրորդը փոխտնօրենն էր, բայց դատարանը համարել է, որ նրան կալանավորելու հիմնավոր կասկած չկա ու մերժել է դատախազի միջնորդությունը։

Դատախազությունն էլ դատարանի այս որոշումն է անհիմն համարել ու երեկ արդեն վերաքննիչ բողոք ներկայացրել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Դատախազությունը գտնում է, որ կան բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են առնվազն տվյալ անձի տվյալ հանցավոր արարքը կատարելուն առնչությունը։ Միջնորդությունը ներկայացնելու պահին այդ հանցավոր արաքներին տվյալ անձի առնչության վերաբերյալ առկա են եղել բավարար տվյալներ»։

Դատախազությունը հիմքեր ունի ենթադրելու, որ փոխտնօրենն ազատության մեջ մնալով կարող է ազդել գործի օբյեկտիվ քննության վրա. - «Ակնհայտ է, որ գործ ունենք փոխտնօրենի հետ, որը ունի կապեր, կարող է ազդեցություն ունենալ առևտրի կենտրոնում և տվյալ մասնաշենքում գործունեություն ծավալած տնտեսվարողների նկատմամբ։ Նկատի ունենալով գործի հնչեղությունը և ողբերգականությունը, քիչ չէ հավանականությունը, որ կարող է նաև թաքնվել քննությունից։ Այսինքն՝ նախադրյալները, որոնք կարող են այսպես ասած խոչընդոտներ հարուցել արդյունավետ քննության համար այդ անձի կողմից առկա են եղել»։

Կապ հաստատեցինք «Սուրմալուի» փոխտնօրեն Վարդան Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք ինքն է ազատ արձակված մեղադրյալը։ Հրաժարվեց հարցազրույցից, միայն հաստատեց, որ հարցաքննվել է։

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս երեք անձանցից երկուսն արդեն մոխրացած պահեստն էին շահագործում։ Մեկը վարձակալն է։ Նրանց անուններն իրավապահները չեն հայտնում։

Դեպքից 20 օր անց դեռ չի հարցաքննվել տոնավաճառի սեփականատերը։ Պարզ չէ նաև հարցաքննվե՞լ է արդյոք շուկայում ավելի վաղ հակահրդեային ու անվտանգության կաննոների տասնյակ խախտումներ արձանագրած տեսչական մարմին ղեկավարը։ Չնայած հայտնաբերված բազմաթիվ խախտումներին, տեսչականն այդպես էլ վերստուգում չէր անցկացրել, որ պարզի՝ խախտումները վերացվե՞լ են։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ասաց, որ փոխանցում է այն տեղեկությունները, որոնք քննիչներն են իրեն ասել. - «Ես չգիտեմ տեսչական մարմնի ղեկավարը այդ երեքի մեջ կա թե չկա։ Պաշտոնատար անձանցից երեքն են եղել, որոնցից մեկը հակահրդեհային անվտանգության վարչության պետն ա եղել»։

Մինչ իրավական գործընթացը շարունակվում է, տնտեսվարողներից Աբրահամ Միքայելյանը վնասներն է հաշվում, շուրջ 300 միլիոն դրամ է կորցրել։ Այված շենքում էր գտնվում իր պահեստը, որն այլևս չկա։ Գիտի, որ կառավարությունը չի փոխհատուցելու տնտեսվարողների վնասը։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր՝ մասնավորի բացթողումը կառավարության անելիքը չէ, թող ապահովագրեին իրենց ունեցվածքը։ Գործարարն անհեթեթություն համարում ապահովագրել, օրինակ, տորթերի համար նախատեսված հրավառ նյութերը, գրենական պիտույքներն ու այլ մանրածախ ապրանքը։ Ասում է՝ եկամտի կեսն էլ պետք է ապահովագրական ընկերությանը տար։ Հիմա վերջին հաշվարկներն են անում, որ փակեն ընկերությունը, որով մի քանի ընտանիք էին պահում։ Վարկեր ունի, բանկից ասել են՝ կսառեցնեն դրանք, կընդառաջեն։

Իսկ ՊԵԿ-ից ինքը պահանջ ունի, շուտով գրավոր կդիմի. - «Մենք չգիտենք որտեղ դիմենք, ումից ինչ սպասելիք ունենանք։ Բայց երևի թե սպասենք, տեսնենք ինչ է որոշում քննչականը, ով ա իրականում մեղավոր, ումից փորձենք փոխհատուցում ստանալ... Մոլորվել ենք, չգիտենք ինչ անենք, որտեղից սկսենք, որպեսզի ինչ-որ դրական արդյունքի հասնենք։ Կարծես թե ոչ մի բան չի էղել, ոչ մեկ ոչ մեկի ասելու բան չունի։ Մի քանի օր հետո դիմումներ եմ ուղարկելու։ ՊԵԿ-ից եմ սկսելու։ Տարիներ շարունակ ես գումար եմ վճարել մաքսազերծման համար, էդ գումարը մնացել ա պետության մոտ։ Էդ գումարների ինչ-որ մի մասը գոնե հետ գա մեզ, քանի որ էդ ապրանքը ոչնչացել ա, հրդեհի ժամանակ այրվել ա»։

Աբրահամ Միքայելյանը միակը չէ, որ միլիոնավոր դրամների կորուստ է ունեցել, Քննչական կոմիտեի տվյալներով, «Սուրմալուի» պայթյունից այդպիսի 25 տնտեսվարող է տուժել։

Փոխարենը կառավարությունը նախատեսում է 150-300 հազար դրամ փոխհատուցել տոնավաճառի հրդեհից ու պայթյունից վիրավորվածներին՝ 55 հոգու։ Իսկ զոհվածների ընտանիքներն նախատեսվում է 3 մլն դրամի աջակցություն ցուցաբերել։ Այս գումարները կտրամադրվեն միանգվագ, եթե կառավարությունը հաստատի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագիծը։

«Սուրմալուի» գործով ընդհանուր առմամբ մինչև այս պահը 110 մարդ է հարցաքննվել, նրանցից 85-ը տուժողի կարգավիճակ ունեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG