Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի փոխտնօրենն ազատ է արձակվել, 3 հոգի կալանավորվել է


«Սուրմալու»-ի գործով ձերբակալված առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Ձերբակալված մյուս երեք պահեստը շահագործող անձինք, որոնք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ, կալանավորվել են։ Իրավապահները մինչև օրս չեն բացահայտում նրանց անունները։

Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից անմիջապես հետո Քննչական կոմիտեն հորդորել էր քաղաքացիներին ոստիկանություն ներկայացնել հրավառության համար նախատեսված նյութեր, պարագաներ, որոնք գնել էին «Սուրմալու»-ից, բայց չեն օգտագործել։

«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից 10 օր անց` օգոստոսի 24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց որոնողական աշխատանքները։ 16 զոհերի դիերը դուրս բերելուց հետո փրկարարներն անհետ կորած վերջին անձին՝ 55-ամյա Վանիկ Ամիրխանյանին, այդպես էլ չգտան։

XS
SM
MD
LG