Մատչելիության հղումներ

Պատասխանները պետք է տրվեն, թե ինչպես է քաղաքում նման հսկա կառույց եղել՝ իր բոլոր վտանգներով․ փոխնախարար


«Սուրմալու» առևտրի կենտրոնում «ինչ նյութի և ինչ ծավալի նյութի հետ գործ ունենք, փորձաքննությունը կպարզի», «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ շեշտելով՝ մեկ օրում չի ստացվել, որ քաղաքի ինչ-որ հատվածում նման հսկա կառույց լինի՝ իր բոլոր վտանգներով։

Հարցը բազմաշերտ է և դրա պատասխանները դեռ պետք է տրվեն, ասաց փոխնախարարը։

Համբարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Նախարարությունն առաջին հաղորդագրությունը, որ տվեց՝ «հրդեհի բռնկմամբ, պայթյուն», սակայն կան սոցիալական ցանցերում տեղեկություններ, նաև բարձրացող ծխի կադրեր, որ սկզբում եղել է հրդեհ։ Ավելի վաղ չի՞ եղել կանչ, որ «էստեղ՝ տոնավաճառում հրդեհ է, եկեք մարեք»։

Համբարյան․ - Իհարկե եղել է, բայց պայթյունը շատ արագ է տեղի ունեցել, ըստ էության։ Դուք պատկերացրեք, 20 րոպե հետո կանչից, մեր ծառայություններն արձանագրել են հրդեհի այլ աստիճան, ինչը ենթադրում է, որ նրանք արդեն իսկ այնտեղ են եղել, գնահատել են օպերատիվ իրավիճակը և հասկացել են, որ արձագանքման մակարդակը պետք է բարձրացվի։ Այդ ամեն ինչը տեղի է ունեցել 20-23 րոպեի ընթացքում։

«Ազատություն»․ - Ես այս հարցը տալիս եմ, որ «եթե հրդեհը ժամանակին մեկուսացվեր, բանը չէր հասնի պայթյունի», եթե այդպիսի քննադատություն լինի։

Համբարյան․ - Եթե-ներով կարող ենք առաջնորդվել, բայց դա ոչ մի տեղ չի տանի մի պարզ պատճառով, որովհետև, եթե գործ ունենք էնպիսի նյութի հետ, որի պայթյունը կարող է առաջացնել նման դետոնացիա և հարվածային ալիք, էդ նյութի չափից, ծավալից ելնելով, որը դեռ փորձաքննությունը կհասկանա, թե ինչ նյութի և ինչ ծավալի նյութի հետ գործ ունենք, բայց, անկախ նրանից, նման դետոնացիա՝ հարվածային ալիք, առաջացնող նյութը շատ դժվար է չեզոքացնել նման փակ պայմաններում, կառավարել այդ իրավիճակը չպատրաստված մարդկանց կողմից, ովքեր առաջինը պետք է հենց դա անեն, մինչև թեկուզ 7 կամ 12 րոպեից հրշեջ-փրկարարների ժամանումը։ Եվ դա տեղի է ունենում փակ տարածքում, օրինակ, թեկուզ տաղավարում, կամ առավել ևս նկուղային պահեստային հատվածներում, դա, ըստ էության, քիչ հավանական է։

«Ազատություն»․ - Ի՞նչ գործ ուներ պայթուցիկների այդպիսի մեծ ծավալով պահեստը Երևանի կենտրոնում, մարդաշատ վայրում, արդյո՞ք դա ինքնին չի գնահատվել վտանգավոր։

Համբարյան․ - Ոչ միայն այդ հարցը, նաև շատ այլ հարցեր ենք հնչեցնելու, նաև փորձաքննությունը, որպես ընդհանուր եզրակացություն, թե ինչ է տեղի ունեցել և եթե այդ տրամաբանությամբ նայենք, այո՛, Ձեր հարցը ճիշտ է և արդարացված, բայց դրա կողքը կարելի է շարել նաև այլ հարցեր, և եթե մենք գնանք և ուսումնասիրենք, թե որ թվականներից, ինչ հանգամանքներում, ոնց է այդ ամեն ինչը ստացվել, որովհետև դա մեկ օրում չի ստացվել, որ քաղաքի ինչ-որ հատվածում նման հսկա կառույցն՝ իր բոլոր վտանգներով։ Հետևաբար, այդ հարցը բազմաշերտ է և դրա պատասխանները տարբեր մակարդակներով դեռ պետք է տրվեն։

«Ազատություն»․ - Դուք չեք տեսնո՞ւմ թերացում, որ այնտեղ մեկ տարի առաջ է ամենաշուտն անցկացվել հակահրդեհային ստուգումներ։

Համբարյան․ - Հարցը նախորդ հարցի տրամաբանական շարունակության մեջ եմ ես տեսնում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալ պարագայում պատասխանատու է հետևանքների վերացման համար։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է 62 քաղաքացի, կա 18 անհետ կորած։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։

Առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Մեկ տասնյակից ավելի մարդ արդեն հարցաքննվել է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG