Մատչելիության հղումներ

Հիմա ազգը իսկապես կարիք ունի կրթվելու, և կրթվելու համար շատ ծանր ճանապարհ պետք է անցնել. Նարինե Գրիգորյան


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, ինչպես և մյուս թատրոնները, նախապատրաստվում է նոր՝ 31-րդ թատերաշրջանի բացմանը։

«Ազատության» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ ամռան ամիսները պարապուրդով չեն լցրել և զբաղված են եղել ստեղծագործական աշխատանքով Գյումրիում. - «Երբ օգոստոսին դեռ բոլորը հանգստանում էին, մենք սկսած հուլիսից՝ հուլիս-օգոստոս, ինչ-որ խմբով Գյումրիում էինք գտնվում և համատեղ մեր նախագիծն էինք անում։ Բացի նրանից, որ «Հրաշագործը» ներկայացումը Ուիլյամ Գիբսոնի բեմադրվում է Նիկոլայ Ծատուրյանի կողմից, երկու թատրոնների դերասաններով ենք խաղում։ Եվ մի փոքր երեխա կա, որ ուղղակի փայլուն է խաղում։ Շուտով ականատես կլինեք։ Ծագումով գյումրեցի է, բայց Երևանից ենք տարել»

Նարինե Գրիգորյանի համոզմամբ, պիեսում ներկայացվող միջազգային մեծ ճանաչում ստացած ի ծնե խուլ և կույր երեխայի իրական այս պատմությունը, բացի բարոյահոգեբանական, էմոցիոնալ ներգործություններից, նաև լուրջ կրթական դեր կարող է խաղալ՝ հաստատելով հանրահայտ մի ճշմարտություն՝ ցանկության դեպքում մարդը կարող է հաղթահարել ամեն ինչ։

«Այո, մենք պիտի մեզ կրթենք։ Հիմա ազգը իսկապես կարիք ունի կրթվելու, և կրթվելու համար շատ ծանր ճանապարհ պետք է անցնել։ Մեծ ջանքեր են պետք։ Բայց չի. կարելի կեսճանապարհին կանգնել, չի կարելի հոգնել, չի կարելի ասել՝ սա ազգ չի... Հա, ես զայրանում եմ, երբ տեսնում եմ, որ մենք ինչպես ենք գրում, որ չէ, մենք արժանի չենք, ինչ-որ հիասթափություն՝ սա ազգ չի։ Ի՞նչ իրավունք ես քեզ տալիս դա ասելու։ Դու ես այդ ազգի մի մասնիկը և դու պարտավոր ես ջանքերդ ներդնես ամեն ինչը անելու, որ վաղը լավ լինի։ Վերջին հաշվով, մենք միակ ազգը չենք, բոլոր ազգերն էլ իրենց թերություններն ունեն, բայց ինքնախարազանումով զբաղվելը հիմա լուծում չէ։ Հիմա լուծումը՝ ամեն մեկը իր գործը հարյուրապատիկ անի և կարողանա ճիշտ մեսիջը ճիշտ... Ուսուցիչը առաջին հերթին իր գործը հարյուրտոկոսանոց անի, մեր արվեստը։ Ես կարծում եմ, հուսահատվելու փոխարեն պետք է գործ անել և մի քիչ հոգևոր արժեքներին տեր կանգնել, ինչը մի քիչ կորցրել ենք, կարծում եմ»։

«Ազատություն». - Առաջիկա թատերաշրջանի ընթացքում մայրաքաղաքային հանդիսատեսին ինչ նոր ներկայացումներ, ինչեր են սպասվում։

Գրիգորյան. - Այս տարի մենք շատ ակտիվ ենք սկսում։ Փաստորեն հոկտեմբերի վրա երեք պրեմիերա է ընկնում, մի տեսակ շատ է։ Բայց Արման Նշանյանի «Մոլորվածները Նյու Յորքում», դա կհանձնենք, հիմա փորձերն են բեմում։ Կհանձնենք Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը, որը հոկտեմբերի 1-2-ին կլինի Համազգային թատրոնի բեմում։ Եվ Իլյա Մաշչիցկիին, որը Ռուսաստանից է եկել և «Ոսկե դիմակի» նոմինանտ է, հրավիրել եմ ինձ մոտ բեմադրություն անելու։ Հիմա փորձասենյակում իր փորձերն են գնում։ Թեման՝ երեք գույն, դրոշի գույները ի նկատի ունի։ Վավերագրական թատրոն է անում։ Այն, որ դերասաններն ինչքան ոգևորված են, կարծում եմ, հետաքրքիր բան կլինի։ Վախ չունեմ, որ ինչ-որ մի պրոեկտ մի քիչ այսպես կլինի... Վերջ ի վերջո, ամենագլխավորը զարգացումն է թատրոնի համար։ Եվ երբ թատրոնը փակվում է, ու միայն՝ այ, Նարինեն լավ բեմադրիչ է, ենթադրենք, ու միշտ Նարինեն անի, դա էլ է լճացում։ Ինձ համար այս տարի շատ կարևոր է, որ նոր բեմադրիչներ մտնեին թատրոն, նոր հոսանքներ գային։ Թող այդ հոսանքը մի քիչ օտար լիներ, դերասանն էլ դրանից բոլորովին փոխվում է, նույն գույներ է ձեռք բերում, հանդիսատեսն է նոր որակ տեսնում։ Ինչ խոսք, ամենակարևորը՝ որ թատրոնը անընդհատ զարգացում ապրի։ Եթե մի բան կատարվում է աշխարհում, պիտի մեր թատրոնում դա տեղի ունենա։ Այդ պատճառով է Իլյա Մաշչիցկին այստեղ։ Մենք այս տարի բացել ենք մի տեսակ մեր դռները նոր բեմադրիչների առաջ, և մենք էլ այս տարի շատ-շատ ենք շրջագայում Հայաստանում հենց։ Որովհետև եթե ասում ենք Հայաստանի զարգացում, դա նաև մեր պատասխանատվությունն է, և դա միայն մայրաքաղաքը չէ։ Դրա համար մենք Արցախում էին տասը օր շարունակ, Հրազդանում էին երկու ներկայացումով, Գյումրիում խաղացինք «Փափլիկը», հիմա կտանեք «Եվ նորից գարունը»։ Հիմա երկու թատրոններով էսպես համագործակցում ենք, դա միայն մի ներկայացում չի։ Ինչ իրար հետ ստեղծագործելու հաճույք կարողացել ենք, արել ենք։

«Ազատություն». - Կարելի՞ է ասել, որ դա առաջին փորձն էր մեր թատերական աշխարհում։ Երկու թատրոնների համատեղ աշխատանքը։

Գրիգորյան. - Ես կարծում եմ, այո, որովհետև հյուրախաղեր շատ են եղել, բայց երբ երկու թատրոն, երկու թատրոնների դերասաններ ոչ թե մի պրոեկտ, որը մի անգամ կխաղան ու վերջանա, այլ խաղացանկային ներկայացում, կարծում եմ, առաջին անգամ է։ Եվ շատ կուզեմ, որ սա շատ ակտիվ համագործակցություն դառնա, որովհետև դա մեր թատրոնին էլ է օգուտ, Գյումրիի թատրոնին էլ, մարզային թատրոններին։ Ընդհանրապես, եթե Վանաձորն ու մյուս թատրոնը իրար հետ անեն այս տարի, հրաշալի կլինի։ Որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի թատրոնի համար, ոչ թե ամեն մեկս միայն մեր թատրոնի, այլ եթե ուզում ես, որ աշխարհում խոսեն Հայաստանի թատրոնից, ուրեմն պիտի համընդհանուր... Եվ այս տարի Համազգային թատրոնը հենց այդ ուղին է բռնել։

XS
SM
MD
LG