Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնը մեծ հաջողություն է ունեցել Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական առաջին փառատոնում


Մոսկովյան հանրահայտ չեխովյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ռուս անվանի ռեժիսոր Եվգենի Միրոնովի ղեկավարությամբ ստեղծվել է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է Վլադիվոստակ քաղաքում:

Խաղաղօվկիանոսյան միջազգային առաջին փառատոնին, ի թիվս տարբեր արտասահմանյան երկրների թատերախմբերի, «Փափլիկը» ներկայացմամբ մասնակցել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայացումը հրաշալի ընդունելության է արժանացել թե' հանդիսատեսի, թե' թատերագետների կողմից. - «Նույնիսկ հետո, ամենավերջում հանդիսատեսներ կան, որ ամբողջացրել են իրենց ամենադուր եկածը ու առաջինը Հայաստանն են դրել։ Ստուրուան էլ էր մեզ հետ, զուգահեռ գնում էր, Ստուրուային շատ էին ռեկլամ անում, նրա հոբելյանն էր, Ստուրուան Վլադիվոստոկում եղել էր և այլն, բայց Ստուրուայի ներկայացումը անհասկանալի էր իրենց։ Միշտ Կովկասից Վրաստանն են համարել, որ թատրոն ունի։ Հիմա ես ձեզ ասում եմ՝ մի տարի, երկու տարի էլ սպասեք, մենակ Հայաստան են խոսելու։ Եվ ես շատ ուրախ եմ, որ սա համընդհանուր զարթոնք է»։

Չեխովյան փառատոնի տնօրինության կողմից Նարինե Գրիգորյանը համագործակցության ուշագրավ առաջարկ է ստացել Մոսկվայում համատեղ բեմադրություն իրականացնելու համար. - «Չեխովյան փառատոնը գումարը ամբողջը տրամադրում է, և անում ենք բեմադրությունը: Գուցե դա լինի Մոսկվայի Տագանկային թատրոնի հետ համագործակցություն։ Նույնիսկ Վլադիվոստոկից հետո ինձ անմիջապես Մոսկվա են ուղարկել, ես գնացել եմ Տագանկա, էնտեղ խոսել տնօրենի հետ Տագանկայում բեմադրություն անելու։ Որովհետև հենց Տագանկային տնօրենը տեսել էր «Փափլիկը» և ասել էր՝ ուզում եմ էս բեմադրիչը ինձ մոտ բեմադրություն անի»։

Համազգայինի թատերախմբին ապշեցրել է նաև, թե ինչպես է կազմակերպվել Խաղաօվկիանոսյան միջազգային առաջին փառատոնը, որին 8 երկրից 9 բեմադրություն է ներկայացվել. - «Դուք չեք պատկերացնում, թե ինչ էր նշանակում Վլադիվոստոկում։ Դա գիտե՞ք ինչքան գումար էր ծախսված... Էնքան մեծ մակարդակի փառատոն էր, որ, ասենք, Հայաստանում մինչև հիմա չի արվեն տենց փառատոն։ Վլադիվոստոկը փառատոնից առաջ ու փառատոնից հետո բոլորովին այլ քաղաք է դարձել»։

Թատերախմբերի մասնակցությունն ամենատարբեր փառատոներին լրջորեն նպաստում է թատրոնների զարգացմանը, համոզված են Համազգայինի ղեկավարները՝ Նարինե Գրիգորյանն ու թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

«Որ հասկանաս, թե համաշխարհային թատրոնի բովում դու որտեղ ես։ Էդ հասկանում ես։ Ու դա շատ հիանալի վարպետաց դաս է քեզ համար», - ասաց Նարինե Գրիգորյանը։

«Դա նաև թարմություն է բերում թատրոն։ Դուք գիտեք, դերասաններն ինչքան լավ են իրենց զգում, որակական նոր հատկանիշներ են ձեռք բերվում էդ մարդկանց մեջ, որ մենք ինչ-որ խաղում ենք օտար հանդիսատեսի առաջ։ Մեզ չեն ճանաչում էդ մարդիկ, ուրիշ որակական ինչ-որ բաներ ա ծնում մեր մեջ։ Ուզում եք, ներկայացումը տանենք որևէ շրջան, որևէ գյուղ, դա էլ ա ինչ-որ առաջացնում դերասանի մեջ, ուր մնաց Մոսկվայի հանդիսատեսը կամ մեկ ուրիշ հանդիսատես։ Չնայած ես մի անկեղծ բան ասեմ՝ ոչ մի հանդիսատեսի չեմ փոխի անցած տարվա դեկտեմբերին մենք Արցախում ունեցանք հինգ հազար հանդիսատես, և էդ շատ ավելի կարևոր եմ համարում, քան ցանկացած հյուրախաղ ու ցանկացած փառատոն։ Չեք պատկերացնի, թե ինչքան մենք կարևորեցինք մեր մասնագիտությունն այդ օրերին», - հավելեց Արման Նավասարդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG