Մատչելիության հղումներ

Այս իշխանությունները այլևս բանակցելու, դիմադրելու որևէ ջանք չեն գործադրում. Տիգրան Աբրահամյան


«Այս իշխանությունները այլևս բանակցելու, դիմադրելու որևէ ջանք չեն գործադրում», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Աբրահամյան, Ձեր մտահոգությունները միջանցքի հարցում չե՞ն փարատվել, այն իմաստով, որ Երևանը հայտարարեց՝ երեք տեղով կտեղադրի սովորական անցակետեր:

Տիգրան Աբրահամյան. - Ես այդ հայտարարությունն ընկալեցի որպես Հայաստանի իշխանությունների ուղերձը՝ կառուցողականություն դրսևորելու միջազգային դերակատարների շրջանակներում, բայց սա, բնականաբար, կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի հասարակության վրա, որոշակի քիչ թափով միջազգային տարբեր սուբյեկտների վրա, բայց այն դերակատարները, ովքեր այս ռեգիոնում ներկայացված են կամ շահագրգռվածություն ունեն, չեմ խոսում դեռ Ադրբեջանի ու Թուրքիայի մասով, կարծում եմ, նրանց համար ակնհայտ էր, թե սա իրենից ինչ է ներկայացնում: Իհարկե, պետք է ամեն ինչ անել կանխելու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անցկացումը: Այլ բան է, որ Ադրբեջանը սրան հասնելու ճանապարհին իր համար նոր ճնշման լծակներ է գտնում, ընդլայնում եղածը և ստիպում է Հայաստանին այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ որ այդ միջանցքի գաղափարի իրագործումը արդեն կլինի որևէ ձևով կասկածի տակ չառնվող: Սա, իհարկե, պետք է կանխել:

«Ազատություն». - Հնչում են մտավախություններ, որ այդ լծակներից մեկը կարող է դառնալ այս նոր ճանապարհը Արցախը Հայաստանին կապող, մասնավորապես, փորձ արվի այնտեղ անցակետային ռեժիմ տեղադրել, նեղացնել հայերին:

Աբրահամյան. - Այս նոր երթուղու շահագործման հետ կապված երկու խնդիր կա, չնայած նաև ռուսական կողմն է հավաստիացնում, որ տրամաբանությունը միջանցքային տրամաբանության չպետք է փոխվի, երկու հիմնական մտահոգություն կա: Առաջինը՝ Ադրբեջանը դեռևս այս մասով դիմադրում է և փորձում է ցույց տալ, որ ցանկացած պահի կարող է անցակետ կիրառել, երկրորդը՝ շատ են Ադրբեջանի կողմից պնդումներն առ այն, որ սա արդեն միջանցքից անցում էր զուտ ճանապարհի: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցներում փորձում է նաև ներկայացնել իրավիճակ, որում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ համատեղ ապրելու հնարավորություն ունեն, օրինակ, հղում էր արվում Հին Շեն, Նոր Շեն համայնքներում այդ նոր երթուղու ճանապարհի կառուցման ժամանակ այդ ընկերության աշխատակիցների՝ ներկայությունը հայկական բնակավայրում: Այսինքն՝ Ադրբեջանը անընդհատ փորձելու է արհեստական success story-ներ գտնել ինչ-որ հաջողակ պատմությունների՝ ներկայացնելու, որ ռուսների կարիքն այլևս չկա, հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ ապրել, դրա տակ, այսինքն, փափուկ ուժի ցուցադրման պայմաններում, ըստ էության, կիրառել կոշտ միջոցներ Արցախի մնացած հատվածների վերահսկողությունը կա՛մ ամբողջությամբ առնելու, կա՛մ այս դեպքում Արցախի հայաթափությանը նպաստելու համար: Օրինակ՝ անցակետերի կիրառումը կարող է լուրջ հայաթափման գործընթացի բերել:

«Ազատություն». - Պարոն Աբրահամյան, Դուք էլ ե՞ք այն համոզման, որ կարելի էր պահել Լաչինը:

Աբրահամյան. - Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի այս իշխանությունը օր առաջ հեռանա: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև այս իշխանության ամեն օր իշխանության մնալը նվազեցնում է հավանականությունը նույնիսկ եղած փաստաթղթերի շրջանակներում ստանալու այն, որոնք Հայաստանի համար նպաստավոր են: Այն, որ Հայաստանի այս իշխանությունները այլևս բանակցելու, դիմադրելու որևէ ջանք չեն գործադրում, դա ուղղակի ակնհայտ է: Խնդիրն է Հայաստանում իշխանության հեռացումը, օրակարգն ակտուալ է, որովհետև այս իշխանությունը և՛ իր ցանկությամբ, և՛ կամքով, և՛ հնարավորություններով ունակ չէ այլևս դրսում ներկայացնելու Հայաստանը, և այսպիսի բարդ գործընթացների մեջ մտնելու պարագայում դա Հայաստանի համար այդ շահերի ներկայացում չի ենթադրում: Այսօր մենք արդեն անցյալով խոսում ենք Բերձորի մասին, վաղը խոսելու ենք միջանցքի մասին, մյուս օրը խոսալու ենք Սյունիքի, Գեղարքունիքի այլ հատվածների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության մասին: Մի բանը շատ հստակ է՝ այս իշխանության պարագայում սպասելիք այլևս հայ ժողովուրդը չի կարող ունենալ:

«Ազատություն». - Պարոն Աբրահամյան, իշխանությունը փոխվեր-չփոխվեր սևով սպիտակի վրա գրված էր՝ Լաչինի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին, ճանապարհն էլ երեք տարի անց փոխվելու է:

Աբրահամյան. - Նույն այս ներ երթուղին, որը կառուցված է, նրա մի մասն անցնում է, այսպես կոչված, նախկին Լաչինի տարածքով, այսինքն, Արցախի Հանրապետության Քաշաթաղի հատվածով: Այդ կետը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված էր, ուներ բանակցությունների բավականին մեծ տեղ, այլ բան էր, որ այս բանակցություններում Ադրբեջանը, ունենալով Հայաստանի այս որակի իշխանություն, բնականաբար, իրագործում են այնպես, ինչը բխում է իր շահերից:

XS
SM
MD
LG