Մատչելիության հղումներ

Վաղվանից Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային կապը կիրականացվի Բերձորն ու Աղավնոն շրջանցող նոր ժամանակավոր ճանապարհով


Վաղը երեկոյան 8:00-ից Լաչինի միջանցքը փակվում է հայերի համար։ Հայաստան - Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։

Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի տեղեկացմամբ, 4,7 կիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատումն ավարտված է. - «Էսօօր գծանշում են անում ու տենց մի մանր-մունր կահավորման հարցեր ենք լուծելու։ Ճանապարհը պատրաստ ա»։

Ժամանակավոր այս ճանապարհն էլ կգործի միջանցքային տրամաբանությամբ։ Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանն ասում է, որ այժմ ռուս խաղաղապահ զորակազմը նոր հենակետեր է տեղադրում. - «Այդ ճանապարհահատվածում արդեն տեղակայում են իրենց բլոկ-պոստերը, իրենց հենակետերը։ Եվ այս պահի դրությամբ վերջին աշխատանքներն են իրականացվում»։

Այս ճանապարհը կգործի մինչև գարուն, երբ պատրաստ կլինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

Ավելի վաղը հայտարարվել էր, որ Լաչինի միջանցքը հայերի համար բաց կլինի մինչև այս ամսվա վերջին օրը ներառյալ։ Այսօր սակայն Արցախի անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ավելի շուտ տեղափոխել երթևեկությունը։ Խնդիրը հավանաբար Լաչինի միջանցքում ստեղծված խառը անցուդարձն է։

Այսօր արդեն 4-րդ օրն է այդտեղ հայ-ադրբեջանական համատեղ երթևեկություն է։ Որևէ միջադեպ, բարեբախտաբար, չի գրանցվել, տեղեկացնում է Հունան Թադևոսյանը. - «Ճանապարհին նաև կան ադրբեջանական մեքենաներ, ադրբեջանցիներ, որ հանդիպում են հենց այդ միջանցքում, բնականաբար՝ անզեն։ Այս պահի դրությամբ որևէ արտակարգ դեպք, պատահար տեղի չի ունեցել»։

Ռուս խաղաղապահները Բերձորի հատվածում հսկողությունն ուժեղացրել են։ Ճանապարհով երթևեկողներից տեղեկացանք, որ արդեն ադրբեջանական դարձած Լաչինում Արցախի ոստիկաններն ու փրկարաներն էլ են ծառայություն իրականացնում։

Օգոստոսի 26-ին ադրբեջանցիները մտան Լաչինի երեք բնակավայրեր՝ Բերձոր, Աղավնո, Սուս։ Մուտքը աղմկոտ տեսարաններով էր։ Նախ Բերձորի ցուցանակը փշրեցին, հետո ադրբեջանական երաժշտությամբ Աղավնո մտան, հետո արդեն ադրբեջանական զինվորական մեքենաների շքերթ էր։

Զինվորական մեծաթիվ անձնակազմ Աղավնոյում է նկատելի, իսկ Բերձորում, որտեղով անցնում են նաև հայկական մեքենաները, ճանապարհին հիմնականում անզեն ադրբեջանցիներ են՝ քաղաքում էներգամատակարարաման ու այլ հարցեր լուծող մասնագետներ։

«Քաշաթաղի հյուսիսային թևից դեպի հարավ կամ հարավային թևից դեպի հյուսիս տանող ճանապարհը անցնում է հենց Բերձորի միջանցքով։ Այդտեղ են շատ անցնում ավտոշարասյուները իրենց։ Նաև Բերձոր քաղաքի միջով՝ վերևի հատվածից դեպի ներքևի հատված։ Քանի որ նոր են եկել, էս պահին երևի տեղաբաշխման աշխատանքներ են այնտեղ, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ», - նշեց Թադևոսյանը։

Այս իրավիճակը կպահպանվի մինչև վաղը երեկո։ Միջանցքը շրջանցող ժամանակավոր ճանապարհը Բերդաձորի Մեծ Շեն գյուղի միջով ու Հին Շենի կողքով է Արցախի մայրաքաղաք մտնում։ Շինարարությունը ադրբեջանակաան կողմն է իրականացրել։

Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանի խոսքով, Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի այս հատվածում ճամփորդների համար ծառայություններ դեռ չկան՝ խանութ, սննդի կետ, բեզալցակայան. - «Նման բաներ չկա։ Ցանկություն հայտնողներ կան, վռազում են էլի մեկը մյուսին նայելով։ Բայց հլա դեռ աշխատանքներ չի կատարվում»։

Նոր միջանցքում փոքրիկ բիզնես սկսելու ցանկություն ունեն նրանք, ովքեր Լաչինի փակվող միջանցքում՝ Բերձորում էին առևտրով զբաղվում, բայց շինարարություն ոչ ոք չի ուզում սկսել. - «Դիմել են, ասում են՝ էս պահին ինչ-որ շինարարություն չենք ուզում անենք, քանի որ անորոշ ա։ Ուղղակի բուդկա էլի խանութատիպ բերեն ավտոյոց տեղափոխեն ու օգտագործեն»։

Մեծ շենում ընդամենը 26 ընտանիք է ապրում։ Դատարկ տներ կան, բայց դրանք անբարեկարգ են, ապրել չի լինի։ Համայնքնապետն ասում է հայաստանն Արցախին կապող այս միակ ճանապարհի վրա համարձակ ներդրումներ դեռ չկան, որովհետև անորոշությունը մեծ է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG