Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը. ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, պարզ չէ


Քննարկել են կազմակերպչական ու ընթացակարգային հարցեր, հանգամանալից խոսել հետագա աշխատանքներից, այդ թվում՝ ինչ կանոնակարգով են առաջ շարժվելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների մոսկովյան այսօրվա հանդիպումից հետո հայտարարեց պաշտոնական Երևանը։

Թե ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, պարզ չէ, Արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում խոսք կա միայն մեկի մասին, այն էլ անորոշ ձևակերպմամբ. - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ»։

Չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ երրորդ անգամ հանձնաժողովները հանդիպելու են Բրյուսելում, բայց այսօրվա պաշտոնական հաղորդագրության մեջ հստակեցված չէ ո՛չ այդ հանդիպման տեղը, ո՛չ՝ օրը:

Ըստ ադրբեջանական APA-ի, այսօրվա բանակցություններն ընթացել են Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։

Ի՞նչ հարցեր է առաջ մղում Երևանը, որո՞նք են կարմիր գծերը, ո՞ր թվականի քարտեզներով է բանակցելու, հայտնի չէ. Մոսկովյան հանդիպման օրակարգի դետալները չեն հրապարակվել։ Պարզ էր միայն, որ դրան մասնակցելու համար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ հանձնաժողովի 11 հոգանոց պատվիրակություն է գործուղվել Ռուսաստան, տեղեկանում ենք վարչապետ Փաշինյանի որոշումից։

Հանձնաժողովների ձևավորումից հետո մեկ նախագահների հանդիպում էր տեղի ունեցել՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի միջև՝ Երասխի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին։

Դրանից հետո ավելի քան երեք ամիս սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ այդպես էլ չանցկացվեցին։

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանը հայտարարում էր՝ սահմանազատման աշխատանքներից առաջ անհրաժեշտ է, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ադրբեջանից վրդովվում էին, թե Հայաստանը չունի նախապայման դնելու իրավունք։

Սահմանազատման հանձնաժողովը սկսեց աշխատել, բայց ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։

Մինչ ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը իրավիճակը վտանգավոր է համարում, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ ճիշտ էր, որ այս փուլում հայկական կողմն ադրբեջանցիների առջև զորքերի հետքաշման նախապայման չի դրել։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

«Սա, կարծում եմ, շատ երկար գործընթաց է, շատ կարճ չի տևելու, ժամանակ կլինի խոսելու, քննարկելու, շատ հարցեր կան, որ ընթացքում կարող է հասունան, լուծվեն, շատ նուրբ հարց եր են դրանք ու պետք է խուսափել նախապայմաններից, եթե մենք լուծումներ ենք փնտրում: Եթե ցանկանում ենք, որ լուծումներ չլինեն, նախապայմանն ամենալավ ձևն է», - ասաց Խաչատրյանը:

«Առաջին հերթին այս գործընթացը քննարկվում է հայտնի 8 գյուղերի համատեքստում՝ արդյոք դրանք հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո, թե՝ ոչ: Իմ համար նաև երկրորդ՝ միգուցե շատ ավելի վտանգավոր այլ նաև գործընթաց է նկատելի, սահմանամերձ հատվածներում կան ջրամբարներ, որոնց մի մասն ադրբեջանական վերահսկողության տակ է, փաստացի, մի մասը՝ մեր: Ադրբեջանը ոչ միայն փորձում է այդ 8 գյուղերի խնդիրը լուծել, այլ փորձում է մաքսիմալ հնարավորություն ստանալ նաև կոմունիկացիաների ու տարբեր ռեսուրսների նկատմամբ վերահսկողության հաստատման: Արարատի մարզի Տիգրանաշենն է և 7-ը Տավուշի մարզում են», - նշեց Աբրահամյանը:

Սահմանազատման հարցով այսօր Մոսկվայում բանակցեցին հայ և ադրբեջանցի պաշտոնյաները, վաղը Բրյուսելում կհանդիպեն երկու երկրների ղեկավարները։

Բաքուն պնդում է՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը։ Երևանը չի հերքում, բայց՝ չի էլ հաստատում։

Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ սահմանազատման գործընթացը անմիջականորեն կապված է խաղաղության պայմանագրի կնքման հետ, որը ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ միջազգային հանրությունն է շտապում իրականություն դարձնել։ Ստեղծված իրավիճակը Հայաստանի օգտին չի համարում:

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Այս շտապողականությունը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից, որովհետև Հայաստանն այս իշխանությունների պատճառով այն իրավիճակում չէ, որ կարող է իր համար ձեռնտու և բարենպաստ պայմաններ ստանալ և գոնե ակնկալիք կա, որ որոշակի ձգձգում տեղի կունենա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում փոփոխությունների և Հայաստանի դիրքի որոշակի ամրապնդման», - ասաց Աբրահամյանը:

Իշխող ուժից նույն հակադարձումն է հնչում. - «Էս թուլացումը ապահովածները խոսում են թուլացումից, դա է ծիծաղելի ինձ համար: Այո, ուժեղ չենք այսօր, բայց էն, ինչ որ ենթադրում է ուժեղացում, նախևառաջ պետք է միասնականություն լինի, ոչ թե պառակտվենք»:

Սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին հանդիպման պայմանավորվածություններից էր։ Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմերը։ Դրանք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, նրանք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների համանախագահներն են։

Այսօր Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության կազմը 11 հոգանոց էր՝ փոխվարչապետից բացի, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման փոխնախարարները, ներկայացուցիչներ Զինված ուժերի ԳՇ-ից, ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեից։ Իսկ ադրբեջանական պատվիրակությունը 23 հոգանոց է։

Ամիսներ առաջ ռուսական կողմը հայտարարեց, թե ձևավորել է ռուս փորձագետների թիմ՝ սահմանազատման հարցում կողմերին խորհրդատվական օգնության համար։ Չմանրամասնելով՝ ինչ քարտեզների մասին է խոսքը, պաշտոնական Մոսկվան նույնիսկ պնդում էր, թե ունի անհրաժեշտ նյութերը։ Արդյո՞ք այսօրվա հանդիպմանը նաև ռուսներ են մասնակցել, այս հարցը ևս բաց է մնում։

XS
SM
MD
LG