Մատչելիության հղումներ

Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերը Լեռնային Ղարաբաղից` ըստ ԱԽ քարտուղարի


Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հրադադարի հաստատումից և Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղից տրամաբանական է: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», - նշել է նա:

Արմեն Գրիգորյանն ավելացրել է, որ այնուամենայնիվ, Հայաստանից Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, Լեռնային Ղարաբաղը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:

Ախ քարտուղարը պնդել է, որ անվտանգության առումով ոչինչ չի փոխվում Արցախում, որովհետև այնտեղ նախկինում էլ անվտանգության ապահովման գործը եղել է Պաշտպանության բանակի ուսերին։ Ապա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:

Դիտարկմանը, թե մարտին ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Փառուխի ուղղությամբ ցույց տվեց, որ դա այդպես չէ, պաշտոնյան արձագանքել է. «Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում են: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, և մենք հույս ունենք, որ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց»:

Արմեն Գրիգորյանի՝ Ղարաբաղի զորակոչի թեմայով հարցազրույցը հաջորդում է անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահի ծավալուն ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից ավելի քան1.5 տարի անց Հայաստանը դեռ չի կատարել ստանձնած պարտավորությունները, մինչևդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Բաքվում խոստացել էր, թե հայկական զորքերը մինչ հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից։

«Հայաստանը` որպես պատերազմում պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, որոնք հստակ ամրագրված են նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Դրանցից մեկը հայկական զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից: Սակայն մինչ օրս դա չի իրագործվել: Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը, սակայն Հայաստանը ձգձգում է», - ասել էր Ալիևը:

Գրիգորյանի հայտարարությունն ավելի շատ դիվանագիտական բնույթի է. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է, որ ԱԽ քարտուղարի հայտարարութունն, ըստ էության, նորություն չէ, և պաշտոնական Երևանն առաջին անգամ չէ, որ խոսում է Հայաստանից Արցախ ժամկետայիններ չտանելու մասին. «Ակնհայտ է նաև, որ այս հարցը քննարկվել է Բայրամով-Միրզոյան հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Թբիլիսիում: Այդ մասին կա հիշատակում, օրինակ, Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածված հաղորդագրության մեջ հանդիպումից հետո, և պարզ է, որ Ադրբեջանը սպառնալիքի լեզվով է խոսում Հայաստանի հետ, թեև Գրիգորյանի այդ հայտարարությունն ավելի շատ դիվանագիտական բնույթի հայտարարություն էր, որովհետև ինչ-որ նորություն ինքն այդ հայտարարության մեջ չի ասել»:

Քաղաքագետը նկատում է, որ Ադրբեջանի նախագահը հայկական զորքերի մասին խոսելիս չի տարանջատում Հայաստանի ու Արցախի զինված ուժերը՝ ակնկալելով, թե Պաշտպանության բանակը պետք է զինաթափվի։ Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը, նշում են, որ ՊԲ-ն մնալու է իր տեղում։

«Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Պաշտպանության բանակի մասին որևէ հիշատակում չկա: Կարծում եմ` առնվազն միջնորդ երկրների կողմից, ովքեր ակտիվորեն զբաղվում են մեր հակամարտությամբ, կա ընկալում, որ առանց ՊԲ-ի գոյության Արցախում անվտանգության ապահովման գործընթացը բավականին դժվար է լինելու: Կարևորն այն է, որ նմանատիպ ընկալում, կարծում եմ, գոյություն ունի առաջին հերթին Ռուսաստանի մոտ, որովհետև եթե Ռուսաստանի մոտ այդպիսի ընկալում գոյություն չունենա, Պաշտպանության բանակը պարզապես գոյություն չի ունենալու», - նշեց նա:

Դեռևս անցյալ ամսվա ավարտին` ամառային զորակոչի հերթական փուլի ընթացքում, Հայաստանի զինված ուժերից փոխանցել էին, որ օգոստոսի 30-ից Արցախում այլևս Հայաստանից ժամկետային զինծառայողներ չէին լինելու։ Նշվել էր, որ Արցախի պաշտպանության բանակի բոլորը թափուր հաստիքները համալրվում են, ծառայությունը կազմակերպվում է պայմանագրային զինծառայողների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG