Մատչելիության հղումներ

Ռոբերտ Հաբեկ. «Մենք եկամուտ էինք ստանում և կախման մեջ հայտնվեցինք»


Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկ, արխիվ

Ամբողջ Եվրոպան սպասում է գալիք ձմռանը, տնտեսագետները ենթադրում են, որ ռուս - ուկրաինական պատերազմի հետևանքով խիստ սրված էներգետիկ ճգնաժամի պայմաններում հնարավոր են հոսանքի և գազի մատակարարման անջատումներ, ինչի հետևանքով հիմնարկների և բնակելի տների ջեռուցումը կարող է միառժամանակ ընդհատվել:

Առավել հոռետեսորեն տրամադրված վերլուծաբանները խորհուրդ են տալիս պատրաստվել ցուրտ եղանակին, նախապես մտածել կացարանները տաքացնելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին, խորհուրդ են տալիս գնել էլեկտրական տաքացուցիչներ և նույնիսկ էլեկտրականությամբ տաքացող վերմակներ:

Որոշ երկրներում չեն բացառում էկոլոգիական մտահոգությունների կապակցությամբ ժամանակին անջատված ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանները վերագործարկելու մասին: Եվրոպական երկրներում փորձում են հնարավորինս լրացնել գազի շտեմարանները:

Եվրոպայի տնտեսական շոգեքարշը՝ գերարդիական արդյունաբերությամբ հայտնի երկիրը, Գերմանիան է:

Այս տարի Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կարող է հասնել 4 տրիլիոն 250 միլիարդ դոլարի, ինչն աշխարհում 4-րդ ցուցանիշն է:

Այդ նվաճումների հիմնական գրավականներից մեկը համեմատաբար ցածր գնով Ռուսաստանից ստացված գազն է:

Պատերազմն ամեն բան տակնուվրա է արել: Եվ հիմա Գերմանիայում խոստովանում են, որ ոչ շատ թանկ գազը նաև ծուղակ է դարձել, քանի որ հստակ կախվածություն է առաջացրել: Այդ մասին կիրակի օրն ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

«Մեր ազգային տնտեսությունը շահել է ռուսական էժան գազի շնորհիվ, բայց և մենք սխալ ենք գործել, որովհետև կախվածության մեջ ենք հայտնվել: Դա ինքնին խնդիր է, նույնիսկ եթե չլիներ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա», - ասել է նախարարը:

Գերմանիայում հիմա քննարկում են վերջին երեք ատոմակայանների փակումը հետաձգելու հարցը, կառավարությունում դրա շուրջ միանշանակ կարծիք չկա:

ԱԷԿ-ներից հրաժարվելու որոշումը կայացվել է ճապոնական Ֆուկուշիմայի ատոմակայանի աղետի կապակցությամբ:

Հաբեկի խոսքով՝ պատերազմի կապակցությամբ սառեցված «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի գործարկումը կնշանակի է՛լ ավելի խորացնել կախվածությունը ռուսական գազից և մոռանալ անցած ամիսներին քաղած դասերը:

«Սա կարելի էր կանխատեսել դեռ 2014-ին [ռուսների կողմից Ղրիմի բռնակցումը], կամ նույնիսկ 2008-ին [ռուս-վրացական կարճատև պատերազմը]: Վստահ, այն ժամանակ հասկանալի դարձավ, որ Վլադիմիր Պուտինի կառավարությունում դեմոկրատիան թշնամի են համարում, սահմանափակում են խոսքի ազատությունը, սպանությունը դարձնում են քաղաքական գործիք և խախտում են միջազգային օրենքները», - ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

XS
SM
MD
LG