Մատչելիության հղումներ

«Լոռու գյուղերում խայտառակ չափերի հասնող ապօրինի օտարումներ և գույքի սեփականացում է եղել». իրավապաշտպան


Լոռու մարզի գյուղերում «խայտառակ չափերի հասնող ապօրինի օտարումներ և գույքի սեփականացում է եղել», պնդում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։

«Խոշորացումից հետո ակնհայտ է դառնում, որ ամբողջ մարզում՝ բոլոր խոշորացված բնակավայրերում էդ խնդիրը կա, պարզապես մի տեղ շատ է երևում, մի տեղ՝ քիչ», - ասաց Քոթանջյանը:

Նրա ղեկավարած կազմակերպությունն ուսումնասիրել է անցած տարի խոշորացված 35 գյուղական բնակավայրերի փաստաթղթերը։ Պարզվել է, որ արդեն նախկին գյուղապետերն ու ավագանու անդամները պաշտոնները կորցնելուց առաջ նվիրել կամ չափազանց ցածր գնով վաճառել են համայնքի հողերը, տարածքն ու գույքը։

«Հիմնականում օտարումներ, որոնցից օգտվել են, իհարկե, համայնքային իշխանության հետ փոխկապակցված մարդիկ: Մյուս դեպքերում ուղղակի արդեն տեխնիկան, խոսքը մեքենաների, տրակտորների և այլ բաների մասին է, շատ խայտառակ ձևով է իրականացվել, արդյունքում, իհարկե, գրեթե բոլոր համայնքներն էլ ունեցել են կորուստներ», - ընդգծեց Գևորգ Քոթանջյանը:

Մի քանի դեպքերում պարզվել է, որ նախկին ղեկավարները մինչև խոշորացումը գույքը չեն ներառել համայնքի ունեցվածքի ցանկում և պաշտոնը թողնելուց առաջ յուրացրել են, ասում է իրավապաշտպանը. - «Օրինակ՝ Գոգավան համայնքում կա ավագանու որոշում՝ 2010 թվականի «Ուազ» մակնիշի մեքենան, որի շուկայական արժեքը մոտ 5-6 հազար դոլար է, օտարել 350 հազար դրամով»:

Օրերս համայնքների ղեկավարների հետ տեղի ունեցած մարզխորհրդի նիստում մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարեց, թե ակտիվ գործակցում են ուժային կառույցների հետ համայնքների ապօրինի սեփականաշնորհված հողերն ու անշարժ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ։ Նշեց՝ նամակներ են ուղարկել, հորդորել նախկին ու ներկա համայնքապետերին՝ կամովին վերադարձնել ապօրինի սեփականաշնորհված գույքը, հատուցել վնասները։

«Մարզպետարանի և իրավապահ համակարգի միջև այս համագործակցությունը նպաստում է հանցագործությունների հետևանքով պատճառված վնասների վերականգնմանը, ինչպես նաև հետագայում նմանատիպ խախտումները բացառելուն», - ասաց Խաչատրյանը:

Ավելի ուշ, սակայն, մարզպետն «Ազատությանն» ասաց՝ վնասը կամովին փոխհատուցելու դեպքեր համայնքներում չեն եղել. - «Այս պահի դրությամբ չկա, որ կամովի բերեն փոխհատուցեն, բայց առաջիկայում հույս ունեմ, որ կլինեն այդպիսի մարդիկ, որոնք եթե չարաշահել են, անօրինական ճանապարհով ձեռք են բերել ինչ-որ գույք, տարածք և այլն, հետ կտան համայնքին»:

Համայնքներում վնասները կամովին չեն հատուցում, իրավապահների հարուցած քրեական գործերն էլ տարիներով չեն ավարտվում։ Դեռ 4 տարի առաջ դատախազությունը բազմաթիվ դրվագներով քրեական գործեր էր հարուցել 3600 բնակիչ ունեցող Ջրաշենի գյուղապետի նկատմամբ։ Գյուղը 22 տարի անընդմեջ ղեկավարած Ուռուսյանն, ըստ իրավապահների, իր կնոջն ապօրինի աշխատավարձ էր հատկացրել, համայնքի ավագանու կայացրած որոշումներում բացակա անդամի ստորագրությունը կեղծել, երկրաշարժից անօթևան մնացած մի ընտանիքի ընդգրկել էր բնակարանաշինության պետական ծրագրում՝ կաշառքի դիմաց։ Սրանց մասին դեռ չորս տարի առաջ արված հայտարարությունից հետո այլևս չի լսվել։

2018-ին հայտնի էր դարձել, որ նույն Ջրաշենի գյուղապետն անձամբ Դուբայից «Լեքսուս» մակնիշի մեքենա է ներկրել, նվիրել իր մերձավորին ու նույն մեքենան իրականից կրկնակի թանկ գնել համայնքի բյուջեի հաշվին։ Նախկին հանրապետական գյուղապետը չէր հերքում՝ «պետք էր՝ առել եմ», ասում էր. - «Էդ ինչ մի մեծ մեքենա ա որ»:

Այսօր իրավապահներն այդ մեքենայի մասին էլ այլևս չեն խոսում։ Խոշորացած Սպիտակ համայնքի նոր ղեկավարներն էլ ենթադրյալ խախտումներով ձեռքբերած մեքենան տարել են Ջրաշենից և իրենց համար գործածում են որպես ծառայողական։ Սա հաստատեց Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ մտադիր են համայնքներում հայտնաբերած խախտումների մասին իրենց նոր տվյալներն առաջիկայում ուղարկել դատախազություն, բայց միաժամանակ տարակուսում է՝ արդյո՞ք դրանք պատշաճ քննության կառնվեն, այն դեպքում, երբ այդ ենթադրյալ անօրինականություններ գործած նախկին գյուղապետերն այսօր էլ շատ բնակավայրերում վարչական ղեկավարներ են նշանակվել նոր ընտրված համայնքապետերի կողմից։

XS
SM
MD
LG