Մատչելիության հղումներ

Անձնական ու քաղաքական շահեր առաջ տանելու փոխադարձ մեղադրանքներ խոշորացված համայնքներն է՛լ ավելի մեծացնելու նախագծի շուրջ


Ալավերդի
Ալավերդի

Հայաստանի խոշորացած համայնքներում անգամ դեռ չեն ամփոփել՝ ի վերջո շահե՞լ են միավորվելուց, թե՞ ոչ, բայց կառավարությունը դրանք է՛լ ավելի մեծացնելու նախագիծ է առաջ քաշել։

10-ից ավելի խոշորացած համայնքներ գրավոր ծանուցվել են, թե առաջիկայում նոր միավորումներ կլինեն, որի արդյունքում համայնքները կիսով չափ կկրճատվեն։ Օրենքի նոր նախագիծը շուտով Ազգային ժողով կհասնի։

Ինչպես նախկինում, այս անգամ էլ ծրագրից դժգոհ են այն համայնքներում, որոնք կորցնում են իրենց առանձին կարգավիճակը, աշխատատեղերն ու ընտրովի ղեկավարի պաշտոնը։

«Սխալ է, ես էն եմ ասում, որ սխալ է, որ մեր համայնքը կտանեն Ալավերդի», - ասաց բնակիչներից մեկը։ «Ազատության» մեկ այլ զրուցակից էլ նշեց․ - «Եթե ընկավ էնտեղ, կորավ էս ժողովուրդը»։

Ախթալա
Ախթալա

5 տարի առաջ խոշորացած Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն՝ Ալավերդի կենտրոնով։ Օրերս առանձին համայնքի կարգավիճակը կորցնող Օձունի և Ախթալայի համայնքապետարաններում բոյկոտել էին կառավարության ներկայացուցիչների կազմակերպած քննարկումը։ Համայնքապետարանի աշխատակիցները ցուցադրաբար հեռացել էին դահլիճից՝ մենակ թողնելով կազմակերպիչներին։

Տելեմակ Աղվանյան
Տելեմակ Աղվանյան

Իշխանության ներկայացուցիչներն ու խոշորացման ընդդիմախոսները միմյանց մեղադրում են անձնական ու քաղաքական շահեր առաջ տանելու համար։ Համայնքներում ասում են՝ վերևներում նոր խոշորացման են գնում՝ տեղերում համայնքապետերի վերընտրվելու շանսերը նվազեցնելու համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ նախկին խորհրդային շրջանն ընդգրկող համայնքում չեն ներառում խոշորացված Թումանյանը, որտեղ անցած տարի տեղական ընտրություններում իշխանության թեկնածուն պարտություն կրեց, հարցնում է Օձունի ավագանու անդամ Տելեմակ Աղվանյանը։

«Եթե Ալավերդի ռայոնն է, օրինակ, Թումանյանի կողմը բա մեր հետ չի միացել, խի՞։ Եթե ընդհանուր են միացնում, կամ եթե շրջան են ուզում, կամ ասում են՝ «նախնիների ծրագիրն է», իրենք իրենց ծրագիրը չունե՞ն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղվանյանը։

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը նույն մեղադրանքը տեղի իշխանություններին է ուղղում․ - «Որովհետև վերարտադրման խնդիր են փորձում լուծել, կամ համարում են, որ իրենց վերարտադրման հարցը մեծ հարցականի տակ է, ինչո՞ւ, որովհետև չորս խոշորացված համայնքների կրկին խոշորացման պարագայում, բոլորի խաղաքարտերը խառնվում են, և համայնքապետերը, որոնք գոհ էին խոշորացումից, խոշորացված համյանքների համայնքապետեր են, ստացվում է, որ դժգոհ են խոշորացումից»։

Արեն Մկրտչյան
Արեն Մկրտչյան

Պատգամավորն հիմնավորում է՝ որոշել են Ալավերդում չմիացնել Թումանյան համայնքը, քանի որ այստեղ ամենամեծ խնդիրը՝ գյուղերն իրար կապող 27 կմ-անոց դժվարանցանելի ճանապարհի հարցը լուծված է. Կառավարությունն արդեն 3,5 միլիարդ դրամ է հատկացրել՝ վերակառուցելու համար։ Մյուս խնդիրները, նրա խոսքով, համայնքն ի վիճակի է ինքնուրույն լուծել։

Մինչդեռ Ալավերդուն միացող Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը նշում է՝ հենց նույն պատճառներով պետք է որ Ախթալային ձեռք չտան, թողնեն որպես առանձին համայնք։ Նա թվարկում է՝ անցած հինգ տարիներին Ախթալայում բյուջեն կրկնապատկել ու աննախադեպ աշխատանք են արել, բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը գազաֆիկացրել են, ճանապարհները նորոգել, փողոցները լուսավորել, մանկապարտեզներ ու մշակույթի կենտրոններ վերակառուցել, այգիներ ու պուրակներ հիմնել։ Ինչո՞ւ այս դեպքում կառավարությունը չի թողնում զարգանալ արդեն ինքնաբավ այս համայնքին, հարց է բարձրացնում Ախթալայի գործող ղեկավարը։

Արկադի Թամազյան
Արկադի Թամազյան

«Չեմ ասում, քավ լիցի, որ խոշորացում չլինի, բայց այն համայնքները, որ խոշորացումն արդեն իսկ կայացել է և ունեն կայուն զարգացում, դրա իմաստը չեմ տեսնում», - ասաց Թամազյանը։

Ալավերդում գործող «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոնի» ղեկավար Օլեգ Դուլգարյանը կառավարության կողմից տարբերակված մոտեցում է տեսնում։ Նա կասկածներ ունի, թե իշխանությունները ծրագիրը կազմել են քաղաքական հաշվարկներով։

Օլեգ Դուլգարյան
Օլեգ Դուլգարյան

«Միգուցե հիմնավորված չեն, միգուցե հիմնավորված են, բայց եթե այդպիսի մտքեր, քննարկումներ են ծավալվում, դա արդեն նշանակում է, որ բուն գործընթացը սխալ ուղիով է գնում։ Այսինքն՝ չի կարելի մի գործընթաց առաջ տանել, որը բացի տնտեսական, բացի տեղային դժգոհություններից առաջացնի նաև կասկածանքներ քաղաքական հաշվարկների, կամ քաղաքական ինչ-որ մոտեցումների մասին», - ասաց Դուլգարյանը։

Խոշորացման նոր օրինագծով նախատեսվում է մեծացնել նաև Լոռու Տաշիրը, Արագածոտնի Թալինը և Սյունիքի Սիսիանը։

XS
SM
MD
LG