Մատչելիության հղումներ

Ջրաշեն գյուղում կռիվ է ընկել՝ էքսավատորի պատճառով. սուբվենցիայով գնած տեխնիկան նախկին գյուղապետի փեսայի բակում է


Լոռու մարզի Ջրաշեն գյուղում կռիվ է ընկել՝ էքսավատորի պատճառով։ 85 հազար դոլարանոց մեքենան գնվել է անցած տարի՝ համայնքի բյուջեի ու կառավարության սուբսիդիայի հաշվին․ ըստ ծրագրի, պիտի առնվազն 10 տարի ծառայեր գյուղին, եկամուտները մտնեին տեղական բյուջե, բայց ձեռքբերման առաջին օրից, ըստ գյուղացիների՝ դրա մասին ոչ տեսել են, ոչ էլ՝ լսել։

Մեր այցելության ժամանակ էլ մեքենան կանգնած էր նախկին գյուղապետի խնամու բակում։ Տան տիկինը՝ Գայանեն ընդունում էր, որ գյուղտեխնիկան իրենց ընտանիքինը չէ, միաժամանակ փաստում, որ այն իր տղան՝ նախկին գյուղապետի փեսան է վարում. - «Տղաս ա քշում, բայց չգիտեմ՝ ումն ա»:

Թանկարժեք էքսկավատորը, ըստ օրենքի, դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո պետք է դառնար միավորված Սպիտակ համայնքի սեփականությունը, միաժամանակ մնար գյուղում՝ 3600 բնակիչներին ծառայելու համար։ Բայց համայնքի նախկին ավագանին դրա ճակատագիրը այլ կերպ է տնօրինել․ պաշտոնները կորցնելուց առաջ նրանք միաձայն որոշել են թանկարժեք մեքենան անհատույց նվիրել Ջրաշենի արոտօգտագործողների միավորում կոոպերատիվին։

Գյուղացիները տեսախցիկից դուրս դժգոհում էին, թե կոոպերատիվի ողջ գույքը հենց նախկին գյուղապետի ընտանիքն է օգտագործում։ Տեսախցիկի առաջ՝ արդարացնում նրանց։

«Էդ մի գյուղապետն ի՞նչ ա արել որ, ինչ անենք, արել ա, էդ ո՞վ լիներ, որ չաներ, կարո՞ղ ա ուրիշը լիներ չաներ», - ասաց գյուղացիներից մեկը:

Ընդ որում, սա նախկին ավագանու կողմից կոոպերատիվին արված միակ շռայլ նվիրատվությունը չէ։ Դեռ 2017-ին ավագանին՝ դարձյալ անհատույց 19 անուն գյուղտեխնիկա է հատկացրել նույն այս կոոպերատիվին, այդ թվում՝ 7 տրակտոր, 3 կոմբայն, շարքացան, կուլտիվատոր, գութան և այլն։

Ջրաշենի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանի տվյալներով՝ կոոպերատիվն անցած 5 տարիներին որևէ գումար չի վճարել տեղական բյուջե ու երբևէ արտոնյալ պայմաններով չի սպասարկել գյուղացիներին։

«Այսինքն սովորական մեխանիզատորը, որն աշխատում ա 8000 դրամով, վարում ա էս 1000 մետրը, այսինքն կոոպերատիվիտը պիտի 4000-ով վարի, մնացածը պետությունը իրան տա», - ներկայացրեց Եղիազարյանը:

5 տարի առաջ ստեղծված կոոպերատիվի անդամներից ջրաշենցի Սամվել Դավթյանն ասում է՝ 133 հոգանոց ցուցակի տակ ստորագրելուց հետո երբևէ առիթ չի ունեցել հիշելու, թե գյուղացիական այս միավորման անդամ է. ստորագրել ու մոռացել է։

«Էդ կոոպերատիվը ստից բան էր, էդ կոոպերատիվ չէր, էնքան որ ցուցակով արեցին, ոչ մի ժողովի ես չեմ մասնակցել, ոչ հրավիրել են, ոչ էլ ասել են՝ արի ներկայացի էդ ժողովներին», - ասաց Դավթյանը:

Սամվել Դավթյան
Սամվել Դավթյան

Սպիտակի համայնքապետարանը մտադիր է այս որոշումների հետևից գնալ․ սկսել են էքսկավատորից․ դիմել են դատարան՝ համայնքին պատկանող տեխնիկան ետ բերելու համար, ասում է Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը։

«Սպիտակ խոշորացված համայնքի արդեն նոր ձևավորված ավագանին ուժը կորցրած է ճանաչել Ջրաշեն բնակավայրի, նախկին համայնքի ավագանու որոշումը, և դիմել է կոոպերատիվին, որպեսզի գույքը հետ վերադարձնեն համայնք, սակայն պատասխանը եղել է բացասական, հետ չի վերադարձվել, հիմա սկսված է դատական պրոցես, հայցով դիմել ենք դատարան», - ասաց Մաթոսյանը:

Կոոպերատիվի նախագահ Գագիկ Ենգոյանին հնարավոր չեղավ գտնել, ասացին՝ Ռուսաստանում է։ 22 տարի Ջրաշենը ղեկավարած Վահան Ուռուսյանը տանն էր։ Բակում՝ մեծաթիվ մեքենաներ, երկու տրակտոր, այլ գյուղտեխնիկա, ավտոբուս ու շինարարական նյութեր կային։ Արգելեց իր սեփական տանը նկարահանումներ անել ու հրաժարվեց պատասխանել որևէ հարցի։ Միայն ձեռքի շարժումով հեռանալու պահանջ էր ներկայացնում։ Անպատասխան թողնելով հարցերը, թե որտեղի՞ց է նախկին գյուղապետին այսքան գույքը, ինչո՞ւ է համայնքի սեփականությունը եղած էքսկավատորը նվիրել անհայտ գործունեությամբ զբաղվող կոոպերատիվին, ու թե ինչո՞ւ է այն այսօր իր փեսայի տան բակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG