Մատչելիության հղումներ

Գյումրիում «ահաբեկչության մասին սուտ տեղեկություն հայտնած անձը կալանավորվել է»


Կալանավորվել է Հայաստանի Ազգային ժողովի և Պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության շենքերը պայթեցնելու մասին կեղծ տեղեկություններ հայտնած անձը, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։

Կալանավորվածը Գյումրիի բնակիչ է ( Ջ.Ս):

Օգոստոսի 15-ին տվյալ անձը երեք անգամ զանգահարել է Ոստիկանություն ու 911 և տեղեկացրել, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի նաև ազգային տեսչությունը և հարկայինի շենքը, հայտնում է դատախազությունը։

Հաջորդ օրը, ըստ գերատեսչության, նույն անձը զանգահարել և տեղեկացրել է, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի:

Պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, կատարվել են ստուգումներ, պարզվել է, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ասված է հաղորդագրությունում:

Դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են, իսկ Ջ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություն հայտնելու համար։

Գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է՝ «զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը:

«Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության», - հայտնում է դատախազությունը։

Ռումբի 33 կեղծ ահազանգ ութ ամսում՝ տարեսկզբից։ Փաստացի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջինը շաբաթը մեկ, Հայաստանում ահաբեկչության կամ պայթուցիկի հետք է փնտրել։ Վերջին երկու ահազանգերը անցած մեկ շաբաթվա ընթացքում էին։

Ռումբերի կամ պայթուցիկների կեղծ ահազանգերը նախորդ տարվա համեմատ քառապատկվել են․ անցած տարի այդպիսի յոթ դեպք էր գրանցվել, այս տարին չավարտված՝ ցուցանիշը անցել է երեսունից։

XS
SM
MD
LG