Մատչելիության հղումներ

Այս տարի ԱԻՆ-ը միջինը շաբաթը մեկ ռումբի հետք է փնտրել. բոլոր ահազանգերը կեղծ են եղել  


Ռումբի 31 կեղծ ահազանգ ութ ամսում՝ տարեսկզբից։ Փաստացի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջինը շաբաթը մեկ, Հայաստանում ահաբեկչության կամ պայթուցիկի հետք է փնտրել։

Վերջին ահազանգը ստացվեց երեկ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ինչպես և նախորդ մի քանի դեպքերում, այս անգամ էլ թիրախը ռազմավարական օբյեկտներն էին, այդ թվում՝ Մետրոպոլիտենի կայարանները։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Չեբեյանի խոսքով, հաճախ ահազանգերը վերաբերում են տրանսպորտային կարևոր հանգույցներին։ Օրինակ, այս տարի «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքի տեղադրման 11 հաղորդագրություն է ստացվել, Երևանի մետրոպոլիտենի մասին՝ 3-ը։ Թեև բոլոր ահազանգերը կեղծ են եղել, սակայն փոխգնդապետի խոսքով, իրենք, ըստ կարգի, պարտավոր են միջոցներ ձեռնարկել։

«Մարդկային, նյութական ռեսուրսներն օգտագործվում են, կարգն այդպես է՝ ահազանգը կա, կարգի համաձայն, համապատասխան արձագանքում է նախատեսված», - նշեց Չեբեյանը:

Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, թե ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կփոխանցվի ԱԱԾ-ին։ Առայժմ պաշտոնապես չի նշվում՝ ի՞նչ է պարզվել տարեսկզբից մինչ օրս արձանագրված մյուս դեպքերի քննությամբ, կա՞ն արդյոք կասկածյալներ կամ՝ մեղադրյալներ։ Փոխարենը, հստակ է, որ ռումբերի կամ պայթուցիկների կեղծ ահազանգերը նախորդ տարվա համեմատ քառապատկվել են․ անցած տարի այդպիսի յոթ դեպք էր գրանցվել, այս տարին չավարտված՝ ցուցանիշը անցել է երեսունից։

Այս տարվա 31 կեղծ ահազանգերի 21-ի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է էլեկտրոնային փոստի միջոցով

Ընդ որում, դեպքերի մեծ մասի՝ 21-ի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է էլեկտրոնային փոստի միջոցով՝ «Ազատությանը» հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի, ակնհայտ է, որ ռումբի ահազանգերին ԱԻՆ-ը արձագանքում է այլևս հնացած կարգավորումներով, և այս ոլորտում անհրաժեշտ է նոր հայեցակարգ։

«Փորձ կա ներազդելու ընդհանուր Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի վրա, «Սուրմալու»-ի պայթյունի դեպքը շատ պարզ երևում է, որ ինչ-որ մեկը փորձել է շարունակի քաոսը և խուճապն ուժեղացնել, բացի դրանից փաստացի ԱԻՆ-ի ահռելի քանակի աշխատակիցներ հանվել են, տարվել են անիմաստ չեղած ռումբ փնտրելու, չնայած երևի իրենց ներկայությունն ավելի կարևոր կլիներ «Սուրմալու»-ում», - ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետը պնդում է՝ քանի դեռ կառավարությունը չի վերանայել, թե նման դեպքում պետական մարմիններն ինչպես պետք է արձագանքեն, կեղծ հաղորդագրությունները կշարունակվեն, հնարավոր է՝ շատանան, որովհետև դրանց հեղինակները փաստացի հասնում են իրենց նպատակներին՝ լարվածության մեջ պահելով պետական համակարգն ու հանրությանը։ Ընդ որում, վերջին շրջանում նման ահազանգեր են լինում հատկապես այն օրերին, երբ ներքին իրադրությունը, կամ վիճակը սահմանին լարված է։

«Պատկերացրեք, եթե ամեն օր մետրոյի մասին գա ահազանգ, որ ռումբ կա, բոլոր կայաններում, դա նշանակում է, որ մետրոն պարզապես կդադարի գործել, քանի որ ԱԻՆ-ը իսկապես պարտավոր է ամեն դեպքին արձագանքել: Եթե քիչ, թե շատ խելոք մարդ է նամակներն ուղարկողը, անհնարին է գտնել, թե որտեղից է գալիս, կամ նույնիսկ եթե գտնեն և պարզ լինի, որ, օրինակ, Բաքվի ինչ-որ մի բնակարանից է գալիս, արդյոք մենք պետք է ամեն անգամ ռեակցիա տանք», - ասաց Մարտիրոսյանը:

Ըստ գործող օրենսդրության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար նախատեսված է տուգանք՝ տվյալ անձի աշխատավարձի քսանապատիկի չափով կամ՝ մեկ ամսից մինչև երեք տարի ազատազրկում։

Դատական դեպարտամենտի տվյալների համաձայն, նշված հոդվածով այս տարվա առաջին կիսամյակում դատապարտվել է մեկ անձ, որի նկատմամբ, սակայն կիրառվել է բժշկական հարկադրանքի միջոց։ Անցած տարվանից կան անավարտ հինգ դատական գործեր։

XS
SM
MD
LG