Մատչելիության հղումներ

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ 


Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծեց՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», - նշեց Սելեզնյովը:

Այս ամսվա սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ և հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի, և ռուսական զորախումբը, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետևավաբար, այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, և անհրաժեշտություն է առաջացել, քաղպաշտպանության պլանների համաձայն, մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», - ասել է Խանումյանը:

Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, այսօր պնդեց, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», - ասաց Մաքսիմ Սելեզնյովը։

Հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ծագել օգոստոսի 25-ի վերջնաժամկետը, ո՞ւմ միջև են ձեռք բերվել պայմանավորվածությունները, և օգոստոսի 25-ից հետո, երբ, ըստ հայկական կողմի, կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյո՞ք կլինեն այնտեղ ռուս խաղաղապահներ։ «Ազատությունն» այս հարցերով այսօր դիմեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից ուղղորդեցին Արցախի Անվտանգության խորհուրդ, որտեղից ստացված պաշտոնական պատասխանը փաստացի հաստատում է՝ ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո»։

Պաշտոնական Երևանը մինչ այդ հայտարարել է, որ ճանապարհի սեփական հատվածը կավարտի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։

Շաբաթներ առաջ՝ այս հարցով առաջին և մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։

Ի՞նչ է մտածում ռուս դիվանագետը խաղաղապահների հասցեին հնչող քննադատության մասին

Նույն օրը՝ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին, պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։

Իվան Նեչաև
Իվան Նեչաև

Օրեր անց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը անհիմն որակեց հայկական կողմի այս քննադատությունը։

Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդն այսօր փոխանցեց՝ Նեչաևի ասածին ավելացնում ոչինչ չունի՝ ընդգծելով, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:

«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է [Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության] դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից և ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երևանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», - ընդգծեց նա։

Միաժամանակ Սելեզնյովը փոխանցեց, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը Արցախում, եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։

Ռուս դիվանագետի հետ հաջողվեց զրուցել գրեթե երկու հարյուր տարվա վաղեմության Օշականի ճակատամարտին նվիրված միջոցառմանը։ 1827 թվականին այս օրը ռուսական զորքերը Օշականի մոտ պարտության մատնեցին պարսկական բանակին՝ ճանապարհ հարթելով երկու ամիս անց Երևանի գրավման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG