Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ-ն հորդորում է ռուս խաղաղապահներին շփման գծում կայունություն հաստատել


Արցախում սահմանին այս պահի դրությամբ հարաբերական կայուն է։ Հայկական կողմից կորուստներ չկան, հայտնում է Պաշտպանության բանակը։

Անցած չորս օրերին Ադրբեջանը շփման գծի մի շարք հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը, փորձել հատել սահմանը, կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ԱԹՍ-ներ։ Հայկական կողմից երկու զինծառայող է զոհվել, 19-ը վիրավորվել են։ Վիրավորված զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր։

Զինծառայողների առողջական վիճակն այսօր էլ նույնն է, փոխանցեց Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանը։

«Մյուսների վիճակը թեթև և միջին ծանրության է, ինչպես նշեց նախարար Միքայել Հայրիյանը, բոլորը բեկորային վնասվածքներով են: Կատարվել է նաև վիրահատություն և տեղափոխվել են նաև Երևանի բուժհաստատություններ», - նշեց Իսախանյանը:

«Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է», - այսօր հայտարարել են Արցախի խորհրդարանական ուժերը: Հայտարարությանը միացած բոլոր խմբակցությունները հորդորում են ռուս խաղաղապահներին շփման գծում կայունություն հաստատել:

Այսօրվա հայտարարությունն ավելի հասցեական է, քան մինչ այդ արվածները, կարծում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը։

«Այս հայտարարությունը, կարծում եմ, կարելի է համարել էլ ավելի հասցեական, էն ժամանակ կարծես հայտարարությունն ասում էր, որ անվտանգությունը կա, ուղղակի պետք է, որ լրացուցիչ մեխանիզմներ լինեն, բայց այս մեկն ավելի հասցեական է», - ասաց Հարությունյանը:

Խմբակցությունները դիմել են նաև միջազգային կազմակերպություններին՝ շեշտելով 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը լուռ էր։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։

Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները: Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն էլ հայկական կողմին է մեղադրում նոյեմբերի 9-ի և մյուս պայմանավորվածությունները խախտելու համար: Մինչ հայկական կողմը պնդում է, թե Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցման պլան ու ժամանակացույց դեռ չի հաստատվել, Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե «նոր ճանապարհի շինարարությունը շարունակվում է համաձայնեցված երթուղով, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ ճանապարհի մասին»:

Մյուս պահանջը, որ առաջ է մղում Բաքուն, վերաբերում է Ղարաբաղի զինված ուժերին: «Հայկական զորամիավորումները դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը միանգամայն օրինական ճանապարհով է պաշտպանում իր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունը երկրորդ անգամ է հայտարարում՝ Արցախում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։ Այսօր էլ կառավարության նիստում նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG