Մատչելիության հղումներ

16 զոհից 13-ի ինքնությունը պարզվել է, հայտնաբերվածների թվում կա հղի կին ու երեխա


Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։ Հայտնաբերվածների թվում կա հղի կին ու երեխա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորածների թվում նաև հղի կին կա, նրա հարազատներն ասում էին, որ փլատակների տակից առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն է զանգել ու տեղեկացրել՝ նկուղում ինքը հղի կնոջ, 5 տարեկան երեխայի հետ է։ Անհետ կորած հղի կնոջ հարզատները դժգոհում էին, որ իրենց հարազատներին դեռ չեն գտել։ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը առավոտյան «Ազատությանը» փոխանցել էր, որ « գիշերը հայտնաբերել են երեք մեծահասակ կին և մեկ երեխա, ինքնությունները պարզելու պրոցես է ընթանում»։ Փոխնախարարը չէր բացառել, որ նրանցից մեկը հենց հղի կինն է։

Անհետ կորածների թիվն, ըստ խոսնակի, 10-ն է, այդ թվում՝ Ռուսաստանի մեկ և Իրանի մեկ քաղաքացի։

Կոստանյանն ասաց, որ ծանր տեխնիկա դեռ չի աշխատում, քանի դեռ փլատակներում մարդիկ կան։ Աս պահին պայթյունի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության 100 և Կարմիր խաչի 20 փրկարարներ։

Օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ է տեղափոխվել ընդհանուր 62 քաղաքացի, նրանցից 7-ը բուժումը դեռ շարունակում է տարբեր հիվանդանոցներում։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

XS
SM
MD
LG