Մատչելիության հղումներ

Պայթյունից մեկ օր անց. քաղաքացիները շարունակում են փնտրել իրենց անհետ կորած հարազատներին


Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 7 քաղաքացի է զոհվել։

Այս պահի տվյալներով անհետ կորած է համարվում 21 հոգի, այդ թվում՝ Իրանի 5 ու Ռուսաստանի 1 քաղաքացի։

Անհետ կորած քաղաքացիների հարազատները երեկվանից շարունակում են գալ առևտրի կենտրոնի տարածք՝ հույս ունենալով, որ իրենց որդուն, ամուսնուն, եղբորը, քրոջը կհաջողվի ողջ գտնել։ Անհետ կորածների թվում նաև հղի կին կա, նրա հարազատները պատմեցին, որ փլատակների տակից առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն է զանգել ու տեղեկացրել՝ նկուղում ինքը հղի կնոջ, 5 տարեկան երեխայի հետ է։

Թե քանի ժամ է անցել այդ զանգից, երիտասարդը չէր մտաբերում. «Օգնության ձայն սյան մոտից է լսվել, ինքն էլ խանութի տեր է, իր աշխատողն էլ ասել է՝ ես մի հատ հղի կնոջ հետ ու երեխու հետ պադվալային հարկում եմ։ Այդքան բան, ու էլ կապ չի ունեցել իրենց հետ։ Հիմա ես չգիտեմ՝ էդ տղան ուր է, ինչ է, ոնց է»։

Անհետ կորած հղի կնոջ հարզատները դժգոհում են, որ իրենց հարազատներին դեռ չեն գտել. «Խնդրում եմ կազմակերպեք նորմալ, մի հատ կռան է եղել, նու ժամը 5-ից հետո մի հատ տեխնիկա է եղել», - ասում էին նրանք։

Հարազատների խոսքով՝ հղի կինը 28 տարեկան է, նրա հետ եղել են 30-ամյա քույրն ու հնգամյա տղան։ Եղբայրն ասաց, որ քույրերն առևտրի կենտրոն էին եկել գնումների համար։

«Եկել են փոքրի համար, որ նոր պիտի ծնվի, վեշեր առնեն», - նշեց նա։

Որոնողափրկարարական աշխատանքները զգուշավոր են իրականացվում, ծանր տեխնիկան գործի է դրվում միայն այն դեպքում, երբ փրկարարները համոզվում են, որ փլատակների տակ քաղաքացիներ չկան, ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը. «Փորձում ենք հնարավորինս ձեռքերով մաքրել, որպեսզի չվնասենք։ Հավանականություն կա, որ այնտեղ քաղաքացիներ են, դրա համար ձեռքով ենք փորձում հնարավորինս աշխատել։ Հենց 100 տոկոս համոզված ենք լինում, որ այնտեղ չի կարող քաղաքացի լինել, նոր ծանր տեխնիկան օգտագործում ենք»։

Ըստ նախարարի՝ դեռ հայտնի չէ, թե ինչ է եղել հրդեհի, այնուհետև պայթյունի պատճառը։ Արմեն Փամբուխչյանն ասաց՝ իրավապահները կպարզեն։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած։

Նրանց առողջական վիճակը, համաձայն հաղորդագրության, մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է։ Տուժածների մեջ նաև անչափահասներ կան, ինչպես նաև հղի կին։ Վերջիններս բուժում են ստանում «Շենգավիթ » բժշկական կենտրոնում, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում, «Ազատությանը» հայտնեց բուժհաստատության խոսնակը։






XS
SM
MD
LG