Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը դեռ չի կանչվել հարցաքննության 44-օրյա պատերազմի քրեական գործով


Չնայած գլխավոր դատախազի ցուցումին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կանչվել հարցաքննության 44-օրյա պատերազմի քրեական գործով:

Թե ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն հապաղում կատարել Արթուր Դավթյանի ցուցումը, ոչ կոմիտեն, ոչ էլ դատախազությունը չեն մեկնաբանում։

«Ոչ միայն աննախադեպ է, այլ նաև անցնում է բոլոր սահմանները, եթե մենք ասում ենք՝ գոնե ինչ-որ չափով այս երկրում օրենքներ են գործում, կա գլխավոր դատախազ, ապա պետք է, կարծում եմ, գլխավոր դատախազի ցուցումը, հրահանգը ստորադաս օղակներին, կատարվեն, ինչը անցած ամիսների ընթացքում այդպես էլ չկատարվեց: Դե ես գիտեմ ինչու չկատարվեց, որովհետև որևէ քննիչ իրավապահ համակարգի աշխատող, բաժնի պետ, ոլորտի ղեկավար իր մեջ չի հաղթահարում վախը՝ գործող վարչապետին հրավիրել հարցաքննության», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Պատերազմի զոհերի մի խումբ ծնողներ ամիսներ շարունակ բողոքի տարբեր ակցիաներ են անում պետական կառույցների առջև՝ պահանջելով պետական դավաճանության գործի շրջանակներում հարցաքննել վարչապետին, ապա՝ մեղադրանք առաջադրել։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ու որդեկորույս ծնողները դեռ երեք ամիս առաջ էին նման պահանջով դիմել գլխավոր դատախազին՝ ապրիլին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույ վիճակն, իհարկե, առանց զոհերի: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարել է վարչապետը:

Սեպտեմբերին պաշտոնից հեռացող գլխավոր դատախազը բավարարել էր որդեկորույս ծնողների պահանջը՝ որպես վկա հարցաքննել վարչապետին։ Գեղամ Նազարյանը կարծում է՝ Արթուր Դավթյանը նման որոշում էր կայացրել ոչ միայն պաշտոնից հեռանալու, այլ նաև այն պատճառով, որ Փաշինյանի հարցաքննության կանչելու բազմաթիվ հիմքեր կան։

«Իհարկե, իր համար շատ տհաճ է, որվհետև ինքը գիտակցում է, ինքը ընդունում է, որ ինքը մեղավոր է՝ անկախ նրանից, որ հետո արդարանում է, որ՝ 30 տարի առաջ, 100 տարի առաջ, 250 տարի առաջ, 2500 տարի առաջ, բայց ինքը հո գիտի՝ ով է մեղավոր», - ասաց նազարյանը:

Դատախազությունից ու քննչական կոմիտեից ակտիվ գործողություններ չակնկալող ծնողները արդեն դիմել են դատարան՝ բողոքելով քննչական մարմինների անգործությունից։

«Որ մեր տված հաղորդագրությունն անտեսվել է, այսինքն՝ անգործության առումով բողոքի դիմում ենք ներկայացրել, որ ոչ թե վարչապետին չեն կանչում, այլ, որ մեր հաղորդագրությունը մնացել է անարձագանք: Հիմա իրանք պիտի որոշում ընդունեն՝ կանչում են, ինչ են անում կամ մեզ ինչ-որ տեղեկություն պիտի տան», - ասաց պատերազմում զոհված շարքային Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը:

Որդու և ընկերների զոհվելու քրեական գործի ընթացքից դժգոհ Արմեն Ասրյանն այսօր Ստեփանակերտից Երևան էր հասել՝ վերջերս սկսված դատավարությանը մասնակցելու։ Պատերազմին առնչվող այս գործով մեղադրվում է միայն հրետանային դիվիզիոնի պետը։ Ծնողները, սակայն, դեռ նախաքննության փուլում են բարձրաստիճան զինվորականների անուններ հնչեցրել, բայց՝ ապարդյուն։ Վարչապետի հայտնի հայտարարությունից հետո արդեն նրանց պահանջին ավելացավ ևս մեկը՝ հարցաքննել Փաշինյանին՝ հասկանալու՝ ինչո՞ւ զոհվեցին հազարավոր երիտասարդներ։

«Պետք է միանշանակ բացատրություն տա իր այդ արտահայտության համար, հանրությանը փակագծերը բացի՝ ինչու է այդպես ասել: Միգուցե ինքը այլ մտքով է ասել, ուղղակի այդպես է արտահայտել ու ժողովուրդն այդպես է ընկալել, բացատրություն, իմ կարծիքով պետք է տրվի: Եթե այստեղ լինեն նախորոք պայմանավորված ինչ-որ քայլեր, իհարկե, միանշանակ պետք է պատասխանատվություն կրեն: Առաջ՝ մինչև պատերազմը, Զինված ուժերում մեկի քթից արյուն էր գալիս, ինչ-որ մեկը գտնվում էր, որ պետք է պատասխան տար, իսկ հիմա մենք հազարավոր մարդիկ ենք կորցրել ու սաղ վերագրենք պատերազմի վրա՝ բոլորը ճիշտ են արել, ուղղակի էսպես է ստացվե՞լ, այդպես չի լինում», - նշեց Արմեն Ասրյանը:

Որդեկորույս ծնողները նաև պահանջում են պատերազմում պետական դավաճանության գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ։ Ասում են՝ չեն վստահում Արգիշտի Քյարամյանին, որի ղեկավարած կառույցը երեք ամիս է չի կատարում գլխավոր դատախազի ցուցումը։ Թեև մեծ հույս չունեն նաև Ազգային անվտանգության ծառայությունից, բայց կարծում են՝ պատերազմի հանցագործությունները հենց ազգային անվտանգության հարց են։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ գործը Քննչական կոմիտեից ԱԱԾ տեղափոխելու հիմքեր չկան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG