Մատչելիության հղումներ

«Ինչքա՞ն կարելի է մեզ արհամարհեն, ծաղրեն». նիստը հետաձգելու որոշումը զայրացրեց զոհված զինծառայողների ծնողներին


44-օրյա պատերազմի զոհերի ու անհետ կորածների մի խումբ ծնողներ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու հոդվածով առանձին քրեական գործ հարուցվի։ Վերաքննիչ դատարանում մինչ այդ այսօր բողոքող կողմը հրատապ միջնորդություն ներկայացրեց` քննությունը դռնբաց անցկացնելու ու ծնողներին էլ որպես տուժող ներգրավելու պահանջով։ Դատավոր Կարեն Բիշարյանը, սակայն, հետաձգեց նիստը։

«Դատարանն առանց արձագանքելու, այդ ընթացքում ինձ փորձում էր ասել` քանի դեռ այս միջնորդությունը չենք ավարտել, մենք չենք կարող քննարկել մյուսը, բայց պարոն Մարտիրոսյանն էլ պնդեց, որ նկատի առնելով հրատապությունը` հնարավոր է, որ գոնե եթե միջնորդությունները միաժամանակ տեսակետ արտահայտեն, ապա դրա շրջանակներում արտահայտվեր տեսակետը: Դատարանն առանց որևէ բառ ասելու նայեց ժամին ու ասաց, որ դատական նիստը այսօր ավարտվում է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Դեռ մեկ տարի առաջ այս բողոքը Գլխավոր դատախազություն ծնողների անունից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն էին ներկայացրել։ Սակայն այս հաղորդման հիման վրա դատախազությունը ոչ թե առանձին գործ էր հարուցել, այլ բողոքն ուղարկել էր պատերազմին առնչվող այլ քրեական գործերի շրջանակում քննելու։ Դիմումը ներկայացրած ընդդիմադիր պատգամավորն ու փաստաբանը, սակայն, դեմ են եղել դատախազության այս որոշմանը, նրանք պահանջել են, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առանձին քրեական գործ հարուցվի։ Դրանից հետո դիմել են առաջին ատյանի դատարան, որ դատախազության անգործությունը քննվի։ Առաջին ատյանի դատարանն այս բողոքը մերժել է։ Հիմա Վերաքննիչում բողոքարկում են ստորադաս ատյանի որոշումը։

«Ինչքա՞ն կարելի է մեզ արհամարհեն, մեզ ծաղրեն ու մեզ գնդակի նման տշեն էս կողմից էն կողմ», - հարցնում է զոհված զինծառայողի մայր Մարիամ Վարդանյանը:

«Որտե՞ղ է երաշխավորված, որ ամսի մեկին, որ մենք գանք, նորից 30 րոպե չի տևելու, նորից նույն ձևով միայն չենք լսելու, նորից հեռանալու», - նշում է զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը:

Նիստը հետաձգելու որոշումը զայրացրեց դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողներին, նրանք կրկին Բարձրագույն դատական խորհուրդ գնացին։ Ծնողներին այնտեղ ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանին է ընդունել ու լսել նրանց բողոքը։

«Կարողացանք կորզել երեք խոստում, որ դատերն այլևս երկար կտևեն, այսինքն` կքննվի երկար ավելի, երկար ժամանակ կտրամադրվի, հաջորդ նիստի առաջին հարցը կլինի նիստը բաց անցկացնելու միջնորդության պատասխանը, և երրորդը, որը մեզ էլի շատ է զայրացնում, թե ինչ հիմքով է ընտրվել Բիշարյանը դատավոր, որովհետև մենք դատավորներին չենք ճանաչում», - ասաց Կարին Տոնոսյանը:

Ծնողները նախորդ շաբաթ էլ էին ԲԴԽ գնացել՝ պահանջով, որ իրենց անունից ներկայացված բողոքի քննությունը դռնբաց անցկացվի։ Դատավոր Կարեն Բիշարյանի որոշմամբ է բողոքի քննությունը դռնփակ անցկացվում. նա հայտարարել էր, որ պատճառը զոհվածների հարազատներից մեկը պահվածքն է։

XS
SM
MD
LG