Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմին առնչվող քրգործով վարչապետը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, Գլխավոր դատախազը հրաժարվում է պատասխանել


Գլխավոր դատախազը հրաժարվում է պատասխանել հարցին՝ 44-օրյա պատերազմում ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին վերաբերող քրեական գործով վարչապետը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։ Արթուր Դավթյանը միայն ասաց՝ Փաշինյանն այդ գործով ո՛չ կասկածյալ է, ո՛չ մեղադրյալ։

Պատերազմից 1.5 տարի է անցել, վարչապետը ռազմական գործողությունների և դրա արդյունքների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ է արել։ Վերջինը՝ մի քանի օր առաջ էր, երբ ընդունեց՝ պատերազմը, այո, հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։ Հենց այս հայտարարությունը պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ ինքնախոստովանական ցուցմունք համարեցին ու վարչապետի դեմ դատախազություն հանցագործության հաղորդում ներկայացրեցին։

Դատախազն ինքը վարչապետի ելույթում հանցակազմ չի տեսնում։ Իսկ ծնողների հաղորդումն, ասաց, առանձին չի ուսումնասիրվի, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններին առնչվող քրգործի շրջանակներում քննելու։

«Նախաքննական մարմինը նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա, իսկ թե հարցաքննվել է, չի հարցաքննվել, քանի անգամ և դեռ կհարցաքննվի, սա թույլ տվեք դեռևս չասեմ», - ասաց Դավթյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Կասկածյալներին, մեղադրյալների դատավարական կարգավիճակներ չկան, վկան դատավարական կարգավիճակ չէ, վկան այն անձն է, ով հարցաքննվում է իրեն հայտնի տեղեկությունները հայտնելու վերաբերյալ: Քրեական գործի նրբությունը ենթադրում է, որ բազում մարդկանց մասին ես ուղղակի չեմ ասի՝ հարցաքննվել է, թե չի հարցաքննվել»:

Դավթյանը Խորհրդարանում էր՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացնելու դատախազության անցած տարվա գործունեության մասին հաղորդումը։ Ընդհանրապես, ասաց, պատերազմին առնչվող 2150 գործ է հարուցվել, կա 800 հետապնդվող, դատավճիռներ՝ միայն 55-ի վերաբերյալ։ Անուններ չհրապարակելով դատախազը վստահեցնում էր՝ հետապնդվողների շարքում ընդհուպ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, զորամասերի հրամանատարներ կան։

Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատան, Հակակոռպցիոն կոմիտեի հետ հակասությունների մասին

Քննարկմանն ընդդիմադիրները չէին մասնակցում, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանն ասաց, թե հանրությունն իշխանությանը կշտամբում է, որ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, բայց «օդիոզ պաշտոնյաները բանտում չեն»։

«Ցավոք, էն է, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորը պահանջում են, բայց երբ որ գալիս է այդ բոլորից ոմանցից տեղեկություններ ստանալու իրավիճակը, իրանք այդ ժամանակ արդեն այդ բոլորի շարքերում չեն: Սա դժվարություններից մեկն է, որը այդ ակնկալիքների, սպասումների ժամանակային առումով արդարացմանը չի բերում, բայց դա չի նշանակում, որ մենք, այսպես ասած, համակերպվում ենք այդ իրավիճակի հետ», - նշեց Խաչատրյանը:

Իշխանականները հետաքրքրվեցին նաև վերջին աղմկահարույց դեպքերից մեկով՝ ինչպե՞ս վաճառվեց քրեական գործով արգելանքի տակ դրված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը։ Արգելանքը վերացրել էր հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը։ Արդյունքում Աբրահամյանները առանց խոչընդոտ տունը վաճառեցին։ Դավթյանն ասաց՝ այժմ ԱԱԾ-ն քննիչին վերաբերվող՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով գործ է քննում, նաև բողոքարկել են արգելանքից հանելու դատարանի որոշումը, բայց դրանից գործարքն, ասաց, չի չեղարկվի։

«Բայց, ըստ էության, արդեն ունենք կորցված իրավիճակ, իսկ նոր գործի քննությունը պետք է պատասխան տա նաև այդ հարցին՝ թե բարեխիղճ չէ ձեռքբերողը, ապա եղե՞լ են արդյոք հանցավոր կապեր այս գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման հետ՝ դա կլինի դատական ակտ կայացնող դատավորը, կլինի համապատասխան վարքագիծ դրսևորած քննիչը և այն, և այլն», - նշեց գլխավոր դատախազը:

Նաև այս դեպքը Հակակոռպցիոն կոմիտեի հետ հակասությունների վկայությունը չէ՞։ Գլխավոր դատախազը մեծ հաշվով չթաքցրեց, որ դրանք կան. «Ինչ վերաբերում է գլորելուն, սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ դատախազությունը վերևում է, հետևաբար բոշկեքը վերև չեն կարող բարձրանալ»:

Ուզո՞ւմ է ևս 6 տարի զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը։ Չնայած սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետն, Արթուր Դավթյանն այս հարցին պատասխանելը վաղ է համարում։ Սահմանադրությունը թույլ է տալիս նույն անձին երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ, բայց առաջադրողն ու ընտրողը ԱԺ խմբակցություններն են։

«Շատ լց ասացիք արդեն մոտենում է, բայց դեռ չի մոտեցել, իմ կողմից այդ հարցին անդրադառնալը դեռ շատ վաղ է», - հայտարարեց Դավթյանը:

XS
SM
MD
LG