Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների ծնողները պնդում են վարչապետին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը


44-օրյա պատերազմում զոհված սպա Աբրահամ Մարուխյանի հայրը մի խումբ ծնողների հետ դարձյալ դատախազության շենքի առջև է. նրանց պահանջն էր իրենց զոհված որդիներին տուժող ճանաչեն, իրենց՝ տուժողի իրավահաջորդ, իսկ վարչապետ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ ՝ հիմք ընդունելով հենց Փաշինյանի հայտարարությունը, որ պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի։

27 զոհված զինծառայող տուժող է ճանաչվել, ծնողները՝ իրավահաջորդ։

«Տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասով բավարարվել է։ Բայց ամենակարևոր կետը՝ այն է, որ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ մասսայական սպանության մեղադրանքով և ձերբակալեն, դա դեռևս չի իրականացվել», - ասաց զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանը մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

Որդեկորույս կինը պնդում է, որ հանգամանքները պարզելու հարց էլ չկա, Փաշինյանը պետք է ձերբակալվի։ Դատախազության ցուցումով Հակակոռուպցիոն կոմիտեին հնգօրյա ժամկետ էր ստացել՝ որոշելու արդյոք վարչապետը մեղադրյալ է ներգավվում։

«Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում էր կայացրել փաստաբանի ներկայացրած միջնորդության հետ կապված, մեղադրյալ ներգրավելու հարցի լուծման հետ կապված միջնորդության բավարարման-չբավարարման հարցը հետաձգել մինչև տվյալ գործով բավարար գործողությունների արդյունքում որոշակի տեղեկությունների, փաստական տվյալների և ապացույցների ձեռք բերումը։ Որից հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ և լուծել այդ հարցը», - ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հնարք է՝ որպեսզի այս հարցին չանդրադառնան», - ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը և պնդում, որ ինքը ոչ թե միջնորդություն, այլ պահանջ էր ներկայացրել, այն հետաձգման ենթակա չէր. - «Քննիչը մանիպուլյացիա է արել, կարելի է ասել չակերտներով, պահանջը փոխել, անունը դրել է միջնորդություն և օգտվել է միջնորդությունը հետաձգելու գործիքից»։

Աբրահամյանը հակադարձում է. - «Դա եղել է միջնորդություն բովանդակային իմաստով, և որպես այդպիսին էլ դիտարկվել է, և որպես այդպիսին էլ վարույթն իրականացնող մարմինը դրան մոտեցել է»

Գլխավոր դատախազի խորհրդականը վստահեցնում է, որ պատերազմական գործերով դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի։ 44- օրյա պատերազմում ռազմաքաղաքական ղեկավարների գործունեությունը, զոհված զինծառայողների ծնողների պահանջները քննվում են մեկ վարույթում՝ այժմ արդեն ոչ թե Հակակռուպցիոն կոմիտեում, այլ Քննչական կոմիտեի զինվորական վարչությունում. - «Դա պայմանավորված էր քրեական գործով քննության օբյեկտիվությունը, լրիվությունը, համակողմանիությունը ապահովելու անհրաժեշտությամբ»։

Զոհված սպայի հայր Տիգրան Մարուխյանը պնդում է, որ որքան էլ իրավապահները զգուշանան, ձգձգեն դատավարական պրոցեսները, միևնույնն է շարունակելու են պայքարը, որպեսզի իրենց որդիների մահվան հանգամանքները պարզվեն մինչև վերջ, մեղավորները՝ մինչև վերջին մեղավորը, պատժվեն. - «Էս վերքը չի լավանալու։ Բայց մենք միշտ էլ գոռալու ենք ու ասելու ենք, որ մեղավորները պիտի մինչև վերջ պատասխան տան»։

Վարչապետ Փաշինյանին պատասխանատվության կանչելու պահանջը դատախազության առջև հավաքված ծնողները նաև քաղաքական պայքարի մաս են համարում։

«Մեր միակ քաղաքական շահը մեր երեխաների հիշատակն է, մեր պահանջատիրությունն է, իրենց իրավունքի առաջ տանելն է։ Էսօր շատ ծնողները կան, ասում են՝ հանկարծ չքաղաքականացվի։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, եթե նման պահանջ ա և նման մասշտաբներ ա ստանում, ինքը չի կարող քաղաքական պայքար չլինել։ Էսօր մենք միացել ենք էդ նույն քաղաքական օրակարգին՝ Փաշինյանի հեռացում։ Կարևոր է, որ այն չկուսակցականացվի, չդառնա ինչ-որ մի խմբի շահի շրջանակներում աղճատում, պառակտում և այլն»։

Պատերազմի 44 օրում, պաշտոնական տվյալով, 3 հազար 825 զինծառայող է զոհվել, 187 զինծառայողի ճակատագիրը մինչև այժմ մնում է անհայտ։

XS
SM
MD
LG