Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի նախագիծը պատրաստ է․ Ուլյանով


Միխայիլ Ուլյանով
Միխայիլ Ուլյանով

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի նախագիծը պատրաստ է։

Երկուշաբթի երեկոյան այս մասին սոցիալական ցանցերում գրեց Իրանի և միջազգային հանրության միջև Վիեննայում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը ղեկավարող դեսպան Միխայիլ Ուլյանովը։

Ռուսաստանցի դիվանագետի պնդմամբ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագրի գործողության վերականգնման մասին փաստաթուղթը Վիեննայում շրջանառության մեջ են դրել ԵՄ ներկայացուցիչները։

«Եթե կողմերն առարկություններ չունենան, համաձայնագիրը կվերագործարկվի», - գրել է Ուլյանովը։

Նույն ժամերին ռուսաստանցի բանակցողի տարածած տեղեկությունները հաստատեց նաև Bloomberg գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, Վաշինգտոնն ու Թեհրանը ընդամենը մի քանի շաբաթ ունեն՝ Իրանի միջուկային ծրագրի վերջնական ճակատագիրը որոշելու համար։

«Երկուշաբթի օրը Վիեննայում միջնորդներն ի մի բերեցին ավելի քան15 ամիս շարունակված բանակցությունների արդյունքները՝ դրանք ամբողջացնելով մի նախագծում, որ պահանջում է Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներ Ջո Բայդենի և Էբրահիմ Ռաիսիի հավանությունը», - գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին քաջածանոթ երկու եվրոպացի դիվանագետների խոսքերը։

«ԵՄ-ն ներկայացնող դիվանագետներն այս զգայուն թեման համաձայնեցին քննարկել միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով», - գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ շրջանառության մեջ դրված փաստաթղթում հստակորեն նկարագրված են այն քայլերը, որոնց պետք է դիմեն Միացյալ Նահանգները և Իրանը միջուկային համաձայնագրի վերականգնման ճանապարհին։

Ըստ Bloomberg-ի, առաջիկա օրերին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը կողմերին կդիմի հատուկ ուղերձով՝ զգուշացնելով, որ դրանք ընդամենը մի քանի շաբաթ ունեն՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու համար։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր արդեն Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին և Վիեննայի բանակցություններին մասնակցող իրանցի դիվանագետները կվերադառնան հայրենիք՝ համաձայնագրի նախագիծը քննարկելով իրենց երկրների քաղաքական ղեկավարների հետ։

Ռուսաստանից և Արևմուտքից հնչող լավատեսական կանխատեսումներին հակառակ՝ Թեհրանում առայժմ ավելի զգուշավոր են։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Ասլանին, նախօրեին մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, Twitter-ում գրել էր․ - «Կարծում ենք, որ Վիեննայի բանակցույթունները հնարավոր է մոտ ապագայում ավարտին հասցնել, եթե հակառակ կողմը համապատասխան որոշում կայացնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, կարող ենք արձանագրել, որ դեռ չենք հասել այն փուլին, երբ հնարավոր կլիներ խոսել համաձայնագրի վերջնական տեքստն ի մի բերելու մասին»։

Bloomberg-ի տեղեկություններով՝ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում են ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական ակտիվությանը։

Գործակալության փոխանցմամբ, Թեհրանը պահանջում է որպեսզի համաձայնագրի կնքման դեպքում ՄԱԳԱՏԷ-ն դադարեցնի տասնամյակներ առաջ սկիզբ առած Իրանի միջուկային ծրագրի համապարփակ հետաքննությունը։

Վաշինգտոնում, սակայն, վստահ են, որ այդ հետաքննության շարունակությունը խիստ կարևոր է որպես Իրանի միջուկային հավակնությունները զսպելու կարևոր մեխանիզմ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG