Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարծես թե վերջնականապես փակուղի են մտնում։ Վերջին օրերին պաշտոնական Թեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ МАГАТЭ) արդեն ոչ թե Վիեննայում կազմակերպվող բանակցությունների վերսկսման մասին են խոսում, այլ զբաղված են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով։

Նախ, շաբաթասկզբին, արևմտյան լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնվեց ՄԱԳԱՏԷ-ի ամեն եռամսյակ թողարկվող զեկույցի տեքստը, որում գործակալության փորձագետները պնդում էին, թե Իրանի տրամադրության տակ եղած հարստացված ուրանի պաշարներն այս պահին 18 անգամ ավելին են, քան 2015 թվականին կնքված պայմանագրով սահմանված առավելագույն շեմը։

«Իրանն այս պահին 60 տոկոսով հարստացված 43 կիլոգրամ ուրան է կուտակել։ Դրա 30 տոկոսը հարստացվել է վերջին երեք ամսում», - նշում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները։

Զեկույցի հեղինակները նաև պնդում են, որ Իրանի իշխանությունները շարունակում են արգելափակել գործակալության մասնագետների հետաքննությունները։ Խոսքը մասնավորաբար 2015 թվականի պայմանագրի համաձայն փակված մի շարք միջուկային կենտրոններում անցկացված տեսչական ստուգումների ժամանակ հայտնաբերված ուրանի հետքերի ծագումը պարզելու փորձերի մասին է։

Պաշտոնական Թեհրանն այս մեղադրանքները կտրականապես հերքում է՝ պնդելով, որ ՄԱԳԱՏԷ-ն այս զեկույցը կազմել է արտաքին ուժերի՝ նախևառաջ Իսրայելի, կամ ինչպես Իրանի իշխանություններն են այն անվանում՝ «սիոնիստական կազմավորման» ազդեցության տակ։

«Ցավոք սրտի, այդ զեկույցը ոչ անաչառ է, ոչ էլ հավասարակշռված։ Մտավախություններ կան, որ «սիոնիստական կազմավորման» կողմից ձեռնարկված ճնշումն այդ փաստաթուղթը տեխնիկական դետալներից շեղել է դեպի քաղաքական եզրակացություններ։ Հուսով ենք, որ առաջիկայում այդ գործելաոճը կշտկվի», - նախօրեին Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն։

Իսրայելը փոխարենը հանդես է գալիս պատասխան մեղադրանքներով՝ պնդելով, որ Իրանի հատուկ ծառայությունները տարիներ շարունակ մոլորեցրել են ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին՝ փորձելով համոզել, թե Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նախօրեին հեռարձակված ուղերձում պնդում էր, որ երկրի հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել այն մեխանիզմը, որի կիրառմամբ պաշտոնական Թեհրանը կարողանում էր կանխել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների բացահայտումները։

«Այն բանից հետո, երբ Իրանը գողացավ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության գաղտնի փաստաթղթերը, Թեհրանն օգտագործեց այդ տեղեկատվությունը՝ հասկանալու համար, թե ինչ են որոնում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները [Իրանի միջուկային օբյեկտներում]։ Հետագայում իրանցիները շեղող պատմություններ կերտեցին և թաքցրեցին իրենց միջուկային հետոզոտությունների մասին վկայող ապացույցները», - հայտարարում էր Իսրայելի վարչապետը։

XS
SM
MD
LG