Մատչելիության հղումներ

Իրանը և գերտերությունները պատմական համաձայնության են հասել


Իրանը և գերտերությունները պատմական համաձայնության են հասել
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Հուլիսի 14-ը միջազգային դիվանագիտության պատմության էջերում գրանցվեց որպես չափազանց կարևոր ձեռքբերման օր. Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր ասել է, որ գործարքը հիմնվում է ոչ թե վստահության, այլ ստուգումների վրա։ Նրա խոսքերով, եթե Իրանը կատարի պահանջները` պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն։ Միաժամանակ Օբաման հավաստիացրել է, որ Իրանի կողմից գործարքը խախտելու ցանկացած փորձ անմիջապես կհանգեցնի պատժամիջոցների վերականգնմանը։

«Ես համոզված եմ, որ այս գործարքը բխում է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ազգային անվտանգության շահերից, ուստի ես վետոյի կենթարկեմ գործարքի իրականացումը խոչընդոտող որևէ օրինագիծ»,- ասել է Օբաման։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ հատուկ ուղերձով հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ։

«Երջանիկ եմ, որ Իրանի և վեց գերտերությունների միջև 23 ամիս տևած բանակցություններից հետո մենք թևակոխում ենք նոր դարաշրջան»,- ասել է Ռոհանին։

Այսպիսով, Ավստրիայի մայրաքաղաքում 18 օր տևած բանակցային մարաթոնն ավարտվել է։ Քննարկումներն անցել են «Իրան-5 գումարած 1» ձևաչափով։ Հինգ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, գումարած եվրոպական գերտերություն Գերմանիան։

Ըստ գործարքի, ՄԱԿ-ի տեսուչները կստանան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրավունք։ Այնուամենայնիվ, իրանական կողմը չի պարտավորվում անմիջապես թույլատրել այցերը և կարող է լրացուցիչ պարզաբանումներ պահանջել: Նման դեպքերում հարցը պետք է քննարկի վեց տերությունների և Իրանի փորձագետներից կազմված միացյալ հանձնաժողովը։

Գործարքի քննադատները այդ հանգամանքն են համարում համաձայնության թույլ կետը։ Բայց դա հավասարակշռում է կարևոր մյուս դրույթը` Իրանի միջմայրցամաքային հրթիռների ստեղծման ծրագիրը զսպող պատժամիջոցները 8 տարի կմնան ուժի մեջ, իսկ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման արգելքն ուժի մեջ կմնա 5 տարի։

Իրանը մինչև վերջին պահը պահանջել է անմիջապես վերացնել զենքի մատակարարման արգելքը, ինչին կողմ էր Ռուսաստանը, բայց դեմ էին Ամերիկան և արևմտյան մնացած երկրները։

Վիճահարույց մեկ այլ կետ էլ համաձայնեցվել է. Իրանն ընդունել է, որ ստանձնած պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում ՄԱԿ-ը 65 օրում կվերականգնի չեղյալ հայտարարած պատժամիջոցները։

Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի վեճը շարունակվում է մոտ քսան տարի։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, Արևմուտքի համոզմամբ, իրանցիները փորձում են կուտակել միջուկային զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճանի ուրան։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս փուլով պատժամիջոցներ է սահմանել։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Դրանց թիրախն Իրանի նավթարդյունաբերությունն է, ինչը ծանր հարված է հասցրել Իրանի տնտեսությանը։

Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է գործելու միջազգային հարաբերություններում և կարող է ձեռնտու լինել նաև Իրանի հարևանների, այդ թվում Հայաստանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG