Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մանրամասնում` ինչ մտահոգություններ է ներկայացրել Ռուսաստանին խաղաղապահների մասով


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մանրամասնում` կոնկրետ ինչ է գրված եղել Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ առաքելության վերաբերյալ անցած տարի ռուսական կողմին ներկայացված գրավոր տեքստում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ միայն հայտարարեց, թե «ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»:

Այս հայտարարությունը հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիտարկումից հետո, թե ռուսական կողմում դեռ չեն տեսել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Փաշինյանի առաջարկները։

Թեև ռուսական կողմը խոսել էր առաջարկների մասին, Հայաստանի ԱԳՆ-ն իր պատասխանում նշել է, թե ներկայացվել են մտահոգություններ` գրավոր տեսքով:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծում է՝ Հայաստանի ԱԳՆ -ը պետք է անհապաղ հրապարակի այդ փաստաթուղթը։

«Նախ ես կառաջարկեի Հայաստանի արտգործնախարարությանը, որի խոսքերին չեմ կասկածում, հրապարակեր այն փաստաթուղթը, որը փետրվարին ուղարկվել է Լավրովին ու ավելի թափանցիկ դարձնել Հայաստանի առաջարկները: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ փետրվարին արված առաջարկները շատ հնարավոր է, որ հիմա արդեն ժամանակավրեպ լինեն ու նոր փաթեթով հանդես գա Հայաստանը», - հայտարարեց Խուրշուդյանը:

Փաստաթուղթը կամ դրա բուն բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ մեր հարցերը արտաքին գերատեսչությունից այսօր անպատասխան թողեցին։ Նախօրեին կառավարության նիստում անդրադառնալով Արցախի սահմաններին վերջին լարվածությանը՝ վարչապետ Փաշինյանը նախ մեղադրել էր ռուս խաղաղապահներին, թե պատերազմից հետո նրանց ներկայությամբ ու թողտվությամբ են տեղի ունեցել Արցախում մի շարք միջադեպեր՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը, հրադադարի խախտումները, ապա խոսել էր խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտման անհրաժեշտության մասին։

«Այդ թվում վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: Շփման գծի անվտանգությունն ինչպե՞ս ենք ապահովում: Սրանք հարցեր են, որ եռակողմ ձևաչափով պետք է լուծում ստանան: Եթե մենք տեսնենք, որ եռակողմ ձևաչափով լուծումներ հնարավոր չեն լինում, պիտի մտածենք լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին», - հայտարարել է վարչապետը:

Ըստ Խուրշուդյանի՝ ռուսական կողմը արձագանքելով Փաշինյանին ավելի շուտ բառախաղի է դիմում։ Այստեղ նա Հայաստանին ուղղված ակնհայտ հեգնանք է տեսնում, ոչ թե դաշնակցային հարաբերություններ։

«Եթե նույնիսկ ինքը նկատի ունի, որ միգուցե ինչ-որ Ռուսաստանի ԱԳՆ-ին հասկանալի ընթացակարգեր չեն պահպանվել, որը նա համարում է հիմք հայտարարելու, որ ընդհանրապես չեն եղել առաջարկներ՝ «դա ինձ շատ չպետք է հետաքրքրի, դուք ուղղակի մեր բռի մեջ եք, այլ ոչ թե հավասարազոր պարտնյոր, հենց որ դուք կպոկվեք մեզանից, կդառնաք հավասարազոր պարտնյոր, ոնց Ադրբեջանն է, որին մենք հարգում ենք, այդ ժամանակ ձեզ էլ կհարգենք ու կառնչվենք ձեր հետ, ոնց որ հավասարազոր պարտնյոր», դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, կարծում եմ, որն արտահայտվում է այսպիսի վերաբերմունքի մեջ», - ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանի կարծիքով՝ Հայաստանը առավել բաց տեքստով պետք է խոսի, թե ինչպես է պատկերացնում շփման գծի անվտանգության ապահվումը։ Վերլուծաբանի ձևակերպմամբ՝ այս փուլում անհրաժեշտ է ռուսական առաքելությունը միջազգային խաղաղապահներով փոխարինել կամ համալրել, ինչպես նաև վերականգնել շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությունը։

«Որը հետևում էր և ֆիքսում էր, թե ում կողմից է նախաձեռնվել այս կամ այն սադրանքը ու համապատասխան հայտարարություններ էր անում ու դրանով բավականին լուրջ զսպիչ հանգամանքներ», - նշեց նա:

Լավրովի հայտարարության և Հայաստանի արտգործնախարարության արձագանքի մասին այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ իշխող ուժի ներկայացուցիչներից։ Իշխանական պատգամավորները, սակայն, կա՛մ տեղյակ չէին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, կա՛մ հրաժարվում էին մեկնաբանել առաջարկների մասին հարցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG