Մատչելիության հղումներ

Անկարան զգուշացնում է Երևանին «զերծ մնալ նոր սադրանքներից»


Անկարան կոչ է անում Երևանին «զերծ մնալ նոր սադրանքներից», այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։

Անցած շաբաթ, երբ իրավիճակը լարված էր Լեռնային Ղարաբաղում, հայկական կողմը հաղորդեց երկու զոհի, տասնյակ վիրավորների, Բաքուն՝ մեկ զոհի մասին։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը իր տեղեկագրերում մի քանի անգամ նշել էր, որ հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը, այդուհանդերձ, Չավուշօղլուն այսօր Անկարայից զգուշացումներ է հղել պաշտոնական Երևանին։

Ընդ որում՝ թուրք դեսպանների տարեկան համաժողովում, որին հրավիրված էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պնդել է, թե պատերազմից հետո Անկարան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

«Այսօր մենք խոսում ենք ոչ թե օկուպացված տարածքների, տեղահանվածների և ամեն րոպե հնարավոր բախման մասին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության: Այստեղից Հայաստանին կրկին կոչ ենք անում չգնալ նոր սադրանքների», - նշել է Չավուշօղլուն:

Դեսպանների համաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա էլ իր ելույթում ասել է, թե պատերազմից հետո կնքված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր շրջան է սկսվել և Անկարան ջանքեր է գործադրում ստեղծված պատմական հնարավորությունը բաց չթողնելու համար: Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Հայաստանը ճիշտ կգնահատի տարածաշրջանային զարգացումները։

«Մինչ օրս Ադրբեջանի հետ խորհրդակցելով բազմաթիվ քայլեր ենք արել: Չնայած հայկական ծայրահեղական շրջանակների սաբոտաժին, կարևոր առաջընթաց ենք ունեցել Կովկասում մնայուն խաղաղության ճանապարհին: Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսված բանակցությունները շարունակվում են: Քուրբա Բայրամի առիթով Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական զրույց ունեցանք: Հավատում եմ, որ տարածաշրջանում կարճ ժամանակում կայունություն կհաստատվի Հայաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին ընդառաջ գնալով», - ասել է Էրդողանը:

Օրերս էլ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Արցախում լարվածության մասին, ասել էր, թե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում է գտնվում, և, բնականաբար, Ադրբեջանը չի ուզում, որ այնտեղ «ապօրինի որևէ զինված տարր գտնվի»:

Էրդողանը կարևորել էր, որ Հայաստանը հնարավորինս արագ կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Արցախում հայկական զինված ուժերի զինաթափման մասին պարբերաբար խոսում է պաշտոնական Բաքուն, ընդ որում, մեջբերելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ադրբեջանի քայլերն ու պահանջները սատարող Թուրքիայի արտգործնախարարը այսօրվա համաժողովում նաև պնդել է, թե Անկարան անկեղծ է Հարավային Կովկասում կարգավորման ու բարիդրացիության հաստատման հարցում:

Թեև հայ և թուրք բանագնացները բոլոր հանդիպումներից հետո հայտարարում են, թե բանակցությունները կշարունակեն առանց նախապայմանների, Մևլյութ Չավուշօղլուն դարձյալ շեշտել է, որ հայ-թուրքական կարգավորումը սերտորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։

«Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը մենք առանձին չենք դիտարկում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը համարվող ողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հեռանկարից: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչքան փխրուն է ներկայիս խաղաղությունը», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իր ելույթի վերջում հավաքի մասնակիցների ծափահարությունների ներքո Չավուշօղլուն վերստին հիշեցրել է՝ «Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG